Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԱՃԻ

Նոյեմբեր 14,2002 00:00

ՈՐ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԱՃԻ Երեքշաբթի երեկոյան, ասուլիսի ժամանակ պատասխանելով ֆրանսիական «Մոնդ» թերթի այն հարցին, թե ի՞նչ հարաբերակցության մեջ են հակատեռորիստական գործողությունները եւ Չեչնիայում խաղաղ բնակչության ոչնչացումը, ՌԴ նախագահ Պուտինն ասաց հետեւյալը. «Եթե դուք վերջնականապես որոշել եք իսլամական ծայրահեղական դառնալ, ապա եկեք Մոսկվա՝ ձեզ կկռտեն, եւ ես կխնդրեմ՝ այնպես, որ ձեզ մոտ այլեւս ոչինչ չաճի»։ Համաձայնեք, նման պատասխանի կողքին խամրում է ցանկացած «վատ պարողներ» եւ «ականջ քաշողներ»։ Պատկերացնում եմ նաեւ, որ Պուտինի այս արտահայտությունն էլ ավելի կտաքացնի հայ ժողովրդի առանց այն էլ բուռն սերը ՌԴ նախագահի նկատմամբ։ «Տեսա՞ր, էդ մուսուլմաններին ոնց տեղը դրեց։ Տղամարդ տղա է»։ Բայց նախ՝ ամեն քաղաքական գործիչ (առավել եւս՝ նախագահ) եթե ցանկանում է քաղաքակիրթ աշխարհի մաս կազմել, պիտի հարգի աշխարհի բոլոր կրոնները եւ դրանց հետ կապված սովորույթները։ Երկրորդ. տվյալ դեպքում ավելի կարեւոր հանգամանքն այն է, որ երկրի նախագահը չպիտի նման մակարդակի բանավեճի բռնվի լրագրողի հետ՝ տարբեր են նրանց առաքելությունները։ Սակայն Պուտինի՝ լրագրողի հետ խոսելու նման տոնայնությունը պատահական չէ, եթե հաշվի առնենք երեկ Դաշնային խորհրդի ընդունած օրինագիծը։ Վերջինս, փաստորեն, արգելում է ԶԼՄ-ներին լուսաբանել տեռորիստական ակտերը, ինչպես նաեւ քննարկել ուժային կառույցների գործողությունները դրանց ընթացքում։ ԶԼՄ-ների մասին օրենքի նման փոփոխությունները հասարակական վերահսկողությունից դուրս են դնում հատուկ ջոկատների գործողությունները հակատեռորիստական օպերացիայի ժամանակ եւ արգելում դրանց քննադատությունը։ Այնպես որ, Պուտինի պատասխանը ֆրանսիացի լրագրողին բացահայտում է ոչ միայն իր, այլեւ ՌԴ պետական ամբողջ վերնախավի էությունը։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել