Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՏԵ»-ն մտադիր է հեռանալ Հայաստանից

Նոյեմբեր 14,2002 00:00

«ՕՏԵ»-ն մտադիր է հեռանալ Հայաստանից Մասնավորեցման «լավագույն» կոչված գործարքը հօդս է ցնդում «Արմինֆո» գործակալությունը՝ վկայակոչելով հունական KATHIMERINI թերթը, տեղեկացնում է, որ «Հունաստանի հեռահաղորդակցության «ՕՏԵ» պետական ընկերությունը մտադիր է վաճառել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի իրեն պատկանող 90 տոկոսը»: Աղբյուրի համաձայն, նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ «ՕՏԵ»-ն եւ Ռումինիայի կառավարությունը համաձայնության են եկել հունական ընկերության կողմից «Ռոմտելեկոմ»-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերման շուրջ, որի համար «ՕՏԵ»-ն կվճարի 243 մլն դոլար: Ավելի վաղ՝ 1998-ին, «ՕՏԵ»-ն 675 մլն դոլարով գնել էր ռումինական ընկերության բաժնետոմսերի 35 տոկոսը, միաժամանակ՝ «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռքբերման դիմաց վճարել 142,47 մլն դոլար: «ՕՏԵ»-ն մտադիր է «ԱրմենՏել»-ը վաճառել իջեցված գնով՝ 50-70 մլն դոլարով: Հունական թերթի հաղորդման համաձայն, «ԱրմենՏել»-ի հնարավոր գնորդների թվում է «Ղարաբաղ-Տելեկոմ»-ը, որի ներկայացուցիչն «ՕՏԵ»-ի ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով անցյալ շաբաթ Աթենք էր այցելել: «ԱրմենՏել»-ի տնօրինմանը հավակնում են նաեւ ԱՄՆ հայկական համայնքի որոշ ներկայացուցիչներ եւ մի շարք ռուսաստանյան ընկերություններ, որոնց թվում է նաեւ «Մոսկովյան հեռախոսային ցանց» ընկերությունը: Մեկնաբանելով այդ տեղեկությունները՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ասել է, թե այդ տեղեկությունները, ամենայն հավանականությամբ, իրականությանը չեն համապատասխանում՝ միաժամանակ նկատելով, որ, եթե դրանք հաստատվեն, ապա դա միայն լավ կլինի: Ըստ նրա, եթե «ՕՏԵ»-ն մտադիր լիներ վաճառել «ԱրմենՏելի» բաժնետոմսերը, ապա չէր վճարի 1,5 մլն դոլար, որը նախկինում հունական ընկերությունը ՀՀ Տնտեսական դատարանի որոշմամբ պարտավորվել էր վճարել երկրի պետբյուջե: Իհարկե, դա «ԱրմենՏելի» բաժնետոմսերը բացառող հանգամանք չէ, որովհետեւ նույն հաջողությամբ այդ ընկերությունն իր բաժնետոմսերի վաճառքի պայմանագիր կնքելիս կարող է նկատի առնել նաեւ այդ հանգամանքը եւ ընկերությունը նոր սեփականատիրոջը հանձնել՝ առանց ՀՀ կառավարությանն ունենալիք «պարտք-պահանջի»: Նշենք, որ «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ռալֆ Էյրիկյանն «Արմինֆո»-ի թղթակցի հետ զրույցում խուսափել է հայտնված հաղորդման առնչությամբ մեկնաբանություններ տալուց՝ իր դիրքորոշումը բացատրելով հավաստի տեղեկության բացակայությամբ, իրադարձությունները կանխատեսել չցանկանալով եւ գործի վրա բացասաբար ներգործելու երկյուղով: Իսկ ՀՀ կառավարությունը շարունակում է հունական «ՕՏԵ» ընկերության ղեկավարներին եւ «ԱրմենՏելին» մեղադրել պայմանագրային պարտավորությունները խախտելու մեջ եւ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մտադիր է բաց ժողովում դրանք ի ցույց դնել: Միաժամանակ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Ա.Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորների՝ «ԱրմենՏելին» մենաշնորհային իրավունքներից զրկելու օրենսդրական նախաձեռնությանը, կարծիք է հայտնել, թե Հայաստանում այսօր միակ օպերատորը «ԱրմենՏել»-ն է եւ հայտնի չէ, թե նրան մենաշնորհից զրկելով մեր երկիրն արդյո՞ք չի զրկվի ընդանրապես կապից: «Այսպիսով, մինչեւ կապի ոլորտի համար չգտնվի նոր օպերատոր, Հայաստանի ղեկավարությունը կշարունակի «դիվանագիտական» ճանապարհներով ստիպել «OTE»-ին կատարել Հայաստանի պատմության մեջ «լավագույն գործարքի» պայմանները»,- նկատել է «Ա1+»-ը: Իսկ առայժմ, նախարարը խորհուրդ է տվել բջջային կապի հայաստանցի բաժանորդներին՝ օգտվել «Արցախտել»-ի մատուցած ծառայություններից՝ այն պատճառաբանությամբ, որ նախ՝ Արցախի բջջային կապը, ի տարբերություն «ԱրմենՏել»-ի, նորմալ գործում է ե՛ւ Արցախի, ե՛ւ ամբողջ Հայաստանի տարածքում, բացի այդ՝ «Արցախտել»-ի ծառայություններից օգտվելը խնայում է նաեւ բաժանորդի նյարդերը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել