Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐՈՔ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԴԵՊՔԵՐ

Նոյեմբեր 14,2002 00:00

ԻՐՈՔ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԴԵՊՔԵՐ ԱՄՆ Պետքարտուղարությունը չէր սխալվում, երբ Հայաստանն էլ էր ներառել այն երկրների ցանկում, որտեղ առկա է մարդկանց վաճառք: ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը համարում է, որ իշխանությունն այս հարցում ունի լուրջ անելիքներ: 2001-ին Միգրացիայի միջազգային կազմակերպությունն անցկացրել էր ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետությունից կանանց եւ երեխաների ապօրինի փոխադրումների վերաբերյալ: Եվ այդ ուսումնասիրության շրջանակներում ներառել էին տասնյակ մասնավոր դեպքեր, երբ կանանց խաբեությամբ հավաքագրել եւ վաճառել, շահագործել էին՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ կամ հարկադիր ու չվարձատրվող աշխատանքով: Առավել սահմռկեցուցիչ են փաստերը, որոնք վերաբերում են երեխաներին սեռական առեւտրում ներգրավելուն: Ասենք, ծնողներից զրկված մի 12-ամյա աղջնակ վկայել է. «Մի անգամ դասընկերուհիս ինձ ասաց, որ իրենց թաղում մի կին կա, որ օգնում է երիտասարդ սիրունատես աղջիկներին գնալ Գերմանիա եւ աշխատել նորաձեւության մի խանութում»: 27 այլ երեխաների հետ, որոնք հիմնականում որբանոցներից կամ փողոցներից էին՝ նա հայտնվում է Դուբայում. «Մեզ տեղավորեցին հյուրանոցում: Առանձնակի հետաքրքրություն կար երիտասարդ կույս աղջիկների նկատմամբ: Նրանց ահռելի գումարներով վաճառում էին հարուստ արաբ շեյխերին մի գիշերվա համար, որից հետո նրանք մյուսների նման աշխատում էին սովորական հաճախորդների համար: Մենք ստանում էինք մի փոքր մասն այն գումարի, որ շեյխերը տալիս էին կավատին»: Խաբեության դեպքերն ավելի սակավ են. մեծ մասամբ՝ հայ կանայք կամավոր են ապօրինի փոխադրվում արտասահման եւ այնտեղ բախտ փնտրում: Վիկտոր Դալլաքյանը, որը նույնպես ուսումնասիրել է այս փաստերը, զրույցի ընթացքում նշեց. «Ցավոք, Հայաստանում արդեն գոյություն ունի այս երեւույթը, եւ պատճառները հիմնականում սոցիալական են՝ աղքատություն, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, աշխատատեղերի բացակայություն»: Իրոք, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապօրինի փոխադրումների ենթարկված բոլոր կանայք արտասահման մեկնելու որոշում ընդունելուց առաջ նյութական ծանր կացության մեջ են եղել եւ պատկանում են հասարակության ամենաաղքատ խավին: Հայաստանից ապօրինի փոխադրումներ են կատարվում հիմնականում դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ եւ Թուրքիա: Հայաստանից Էմիրություններ կանանց ապօրինի փոխադրումներն ամբողջապես միտված են դեպի կազմակերպված մարմնավաճառություն, իսկ Թուրքիայի դեպքում առկա է ինչպես սեռական առեւտուրը, այնպես էլ աշխատուժի շահագործումը: Նշենք նաեւ, որ ապօրինի փոխադրումների ենթարկված կանանց 23%-ն ունի բարձրագույն կրթություն: Որքանո՞վ է զանգվածային այս երեւույթը, գուցե սրանք միայն առանձի՞ն դեպքեր են՝ մեր այս հարցադրումներին ի պատասխան, Վ. Դալլաքյանն ասաց. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաճառքի եւ տեղափոխության այս փաստերն ունեն արդեն կազմակերպված բնույթ»: Նրա գնահատականն է, որ ԱՄՆ Պետքարտուղարության վերաբերմունքն այս առումով հիմնավոր էր՝ մեր երկրում այդ երեւույթն իրոք կա եւ ունի ծավալվելու միտում: «Գոյություն ունեցող խնդիրը պահանջում է համալիր լուծում՝ ինչպես աղքատության նվազեցումը եւ աշխատատեղերի ստեղծումը, այնպես էլ համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծումը»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը: Իսկ արդյոք այս երեւույթի համար օրենսդրությամբ նախատեսված հակազդման միջոցները բավարա՞ր են. այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Օրենսդիր մարմինն այս առումով կարեւոր անելիքներ ունի: Միգրացիայի միջազգային կազմակերպության, նաեւ ԵԱՀԿ-ի կատարած ուսումնասիրությունների հիման վրա մենք Քրեական օրենսգրքի 2-րդ ընթերցման նախապատրաստված տարբերակում նախատեսել ենք բավականին խիստ պատիժներ կավատների, միջնորդների, փոխադրումների կազմակերպիչների համար: Պատասխանատվության նման մեխանիզմներ մեր օրենսգրքում չեն եղել նախկինում: Հատկապես ծանր պատիժներ են նախատեսված, մասնավորապես, երեխաների անօրինական վաճառքի համար»: Վիկտոր Դալլաքյանը հիշատակեց ուսումնասիրություններում առկա մի մասնավոր դեպք. կավատը խոստովանել էր. «Յուրաքանչյուր չվերթով ես Դուբայ էի ուղարկում 5-6 կին: Վերջին տարիներին մենք ստեղծել էինք սահմանահատման հատուկ մեխանիզմ: Օրինակ, եթե խմբում կային անչափահասներ՝ նրանք ինքնաթիռ էին բարձրանում ամենավերջին պահին, որպեսզի աշխատակիցները ժամանակ չունենային ուշադիր ստուգել փաստաթղթերը»: Ընդ որում սահմանահատման այս ձեւը հովանավորել են նաեւ պաշտոնյաներ: Միգրացիայի միջազգային կազմակերպությունն այս առնչությամբ առաջարկել է Հայաստանին ուղիներ փնտրել անձնագրային վարչությունների ներսում կաշառակերությունն ու հանցակցությունը նվազեցնելու համար, վերանայել իրենց որպես զբոսաշրջիկային գործակալություն ներկայացնող խմբերի գործունեությունը գրանցելու համակարգը, կանոնակարգել եւ վերահսկել այն բոլոր ընկերությունների (պարային խմբեր, աշխատանքի տեղավորման գործակալություններ եւ այլն) գործունեությունը, որ կազմակերպում են երիտասարդ կանանց ուղեւորությունն արտերկիր: Միգրացիայի միջազգային կազմակերպության առաջարկների մի խումբ էլ վերաբերում է ապօրինի փոխադրումներից տուժածների աջակցությանը եւ ինտեգրմանը: «Ուղղակի պիտի նման ռեաբիլիտացիայի մեխանիզմը գտնենք,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:- Այն անձինք, ովքեր ենթարկվել են անօրինական տեղափոխության եւ վաճառքի՝ իրոք ունեն բարոյական, հոգեկան եւ նյութական վերականգնման կարիք: Մեր երկրում նման հարցերը երրորդական պլանում են, բայց, իմ կարծիքով, օրենսդիրն այստեղ պիտի նախատեսի որոշակի քայլեր: Այլապես այս ամենն արդեն վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել