ԱՍՏՎԱԾ ԿԱՆԳՆԱԾ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն առաջին անգամ էր հյուրընկալվում Մամուլի ազգային ակումբում։ Ակումբի սրահը բացառիկ հյուրերի դեպքում է այդքան լիքը լինում, թերեւս լրագրողները եւ ոչ լրագրողներն ակնկալում էին Անդրանիկ Մանուկյանից լսել հետաքրքիր հայտարարություններ։ Անդրանիկ Մանուկյանը հուսախաբ չարեց ոչ մեկին եւ բոլոր հարցերին պատասխանեց իրեն հատուկ ձեւով, առանց ոմանց պես հարցից խուսափելու եւ իշխանական ճամբարում գտնվող որոշ պաշտոնյաների պես հինգ խաղ խաղալու։ Նա միանշանակ հայտարարեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի կողքին է եւ լինելու է Քոչարյանի կողքին մինչեւ վերջ։ Նաեւ պարզորոշ շեշտեց, որ ընդդիմադիր դաշտում այսօր չկա Ռոբերտ Քոչարյանին արժանի այլընտրանք եւ որ նախագահական ընտրություններն անցնելու են մեկ փուլով, եւ հաղթելու է Ռոբերտ Քոչարյանը։ Լրագրողներից մեկը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի թեմային, Անդրանիկ Մանուկյանին հարցրեց, թե ինքն ինչպես է պաշտպանում Քոչարյանին, երբ հայտնի է, որ կասկածներ կան վերջինիս հանդեպ։ Նախարարն ասաց, որ ինքը համոզված է, որ այդ կասկածները բացարձակապես անհիմն են, եւ միանշանակ հավատում է, որ որեւէ կապ չկա «27»-ի եւ Քոչարյանի միջեւ։ Ասուլիսից հետո «Առավոտը» հեռախոսային զրույցի ժամանակ փորձեց ճշտել՝ իրո՞ք Անդրանիկ Մանուկյանը համոզված է, որ Ռ. Քոչարյանը որեւէ կապ չունի «Հոկտեմբերի 27»-ի հետ։ Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Այո, համոզված եմ, դա իմ համոզմունքն է։ Եվ այդ բոլոր, այսպես կոչված, «կասկածներն» այն քաղաքական գործիչների հորինածն են, ովքեր փորձում են «Հոկտեմբերի 27»-ի շահարկմամբ գալ իշխանության։ Այդ մարդիկ անխղճաբար օգտագործում են «27»-ն իրենց անձնական նպատակների համար, իշխանության հասնելու համար։ Եվ կրկնում եմ՝ այդ բոլոր «կասկածները» պարզապես քաղաքական բլեֆ են»։ Պատասխանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին հարցին, Անդրանիկ Մանուկյանը նախ ուզեց հիշեցնել, որ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ինքը եղել է հանրապետության ամենահաջողակ գործարարներից մեկը, հետո՝ շնորհավորեց Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը (երեկ նոյեմբերի 13-ն էր), ապա, վերադառնալով առաջադրված հարցին, ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին խելոք մարդ է եւ իր թեկնածությունը նա չի դնելու։ Մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզված չլինի, որ հաղթելու է 100 տոկոսով, իր թեկնածությունը երբեք չի դնի։ Իսկ եթե հանկարծ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ (Աստված չանի) Ռոբերտ Քոչարյանը չառաջադրվի (իսկ դա հաստատ չի լինի, Ռոբերտ Քոչարյանն առաջադրվելու է եւ հաղթելու է հենց առաջին փուլում), ապա ես կկանգնեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, որովհետեւ նրան համարում եմ շատ լուրջ քաղաքական գործիչ»։ Անդրանիկ Մանուկյանն ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորումը համարեց ոչինչ, ասելով, որ այն իրենից ոչինչ չի ներկայացնում, պարզապես լրագրողներն են դրանից ինչ-որ բան սարքում եւ ուղղություն տալիս, թե ոնց գործեն։ Անդրանիկ Մանուկյանը համոզված հայտարարեց, որ ընդդիմության մեջ Ռոբերտ Քոչարյանին արժանի այլընտրանք չկա։ Թերեւս իր այս գնահատականով Անդրանիկ Մանուկյանը ցանկացավ ոչնչացնել ընդդիմադիր դաշտում գտնվող բոլոր նախագահացուներին։ Լրագրողներին հետաքրքրում էր՝ իրո՞ք Անդրանիկ Մանուկյանը ֆինանսավորում է որոշ լրատվամիջոցների, լրագրողների, նույնիսկ կուսակցություններ, ասենք՝ ԱԻՄ-ից պոկված բեկորին եւ ՀԺԿ-ին։ Պրն նախարարն իրեն հատուկ պարզությամբ չհերքեց, որ որոշ ֆինանսավորում ինքն անում է, բայց ոչ թե թերթերի կամ ՀԺԿ-ին, պարզապես ասաց, որ որոշ լրագրողների օգնում է, քանի որ նրանք իր մտերիմներն են։ ՀԺԿ-ի մասով մի փոքր կոնկրետացնելով, նախարարը հատուկ շեշտեց, որ ինքը ՀԺԿ-ին չի ֆինանսավորել եւ չի ֆինանսավորում, պարզապես ինքը Ստեփան Դեմիրճյանի հետ լավ հարաբերություններ ունի. «Մենք մտերիմ ընկերներ ենք»։ Նախարարը ցավ հայտնեց, որ ոմանք մտերմությունը կապում են ֆինանսների հետ եւ ավելացրեց. «Եթե մամուլի միջոցներին ֆինանսավորում եմ, լավ եմ անում»։ Անդրանիկ Մանուկյանը չբացառեց իր հնարավոր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, սակայն ըստ նրա՝ դա կլինի ոչ թե ցուցակային, այլ անհատական մասնակցություն. «Ես միշտ եղել եմ կուսակցական ցուցակներում եւ միշտ ձայներ եմ բերել այդ կուսակցություններին, իսկ ինքս ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով։ Այս անգամ նույնպես եթե ցանկանամ պատգամավոր դառնալ («եթե ցանկանամ»-ը նախարարը կրկնեց երկու անգամ.- Մ. Ե.), իհարկե, հույսս չեմ դնի ցուցակի վրա, կընտրվեմ մեծամասնական ընտրակարգով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ