ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՅԼ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ԷԼ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները վերադարձան Երեւան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին Հայաստանի սպորտի, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի ղեկավարները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարզիկ-մարզուհիների հարազատները։ Մինչ մարզաշխարհի այրերն ու հարազատները շնորհավորում էին Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացված շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադայի մեր մասնակից հերոսներին, մենք՝ մարզական լրագրողներս, փորձում էինք իմանալ նոր մանրամասներ մերոնց մրցելույթների, մինչ այդ մեզ ու մարզասերներին անծանոթ նվաճումների մասին, որոնք, ինչպես տողերիս հեղինակին հաջողվեց պարզել՝ քիչ չեն։ Ուրախացնող տեղեկությունները մեզ հաղորդեց միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որն օլիմպիադայի օրերին մեր պատվիրակության կազմում էր Բլեդում։ Նա, մասնավորապես, ասաց հետեւյալը. «Մրցաշարում հայ շախմատիստների հաջողություններից է այն, որ մեր կանանց հավաքականի երկու անդամ լրացրին միջազգային վարպետի նորմա։ Եթե Լիլիթ Գալոյանը 3-րդ անգամ լրացրեց կանանց միջազգայինի, ապա գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը նույնքան անգամ հաղթահարեց տղամարդկանց միջազգային վարպետի սահմանագիծը։ Հիմա նրանք սպասում են իրենց այդ նոր կոչումները ստանալուն, որը կլինի առաջիկա ամիսների ընթացքում։ Այստեղ անպայման հարկ է արձանագրել, որ հայկական շախմատի պատմության մեջ դեռ ոչ մի կին շախմատիստ տղամարդկանց միջազգային վարպետի կոչում չի ունեցել։ Ի դեպ, նույն ձեռքբերմանը շատ մոտ է նաեւ Էլինա Դանիելյանը, որն առայժմ երկու անգամ է լրացրել այդ նորման։ Համոզված եմ, որ Բլեդում Էլինան էլ երրորդ նորմը կլրացներ։ Պարզապես, օլիմպիադայում նրա մրցակիցների մեջ չեղավ համապատասխան շախմատիստուհիների քանակ։ Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի նա Բլեդում խաղար առնվազն երեք շախմատիստուհու հետ, որոնք ունենային տղամարդկանց միջազգային վարպետի կոչում։ Նմանատիպ նվաճումներից անմասն չմնացին նաեւ մեր տղաները։ Խոսքն, իհարկե, վերաբերում է Վլադիմիր Հակոբյանին։ Սլովենիայում մեր հավաքականի առաջատարի ընթացիկ վարկանիշն անցավ 2700-ից։ Մեր նախնական հաշվարկներով Վովայի վարկանիշը մոտավորապես 2703-2704 է։ Երբ ՖԻԴԵ-ն հրապարակի հունվարի 1-ի դրությամբ շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը, Հայաստանն, ի դեմս Վլադիմիր Հակոբյանի, պատմության մեջ առաջին անգամ կունենա շախմատիստ, որի վարկանիշն անցած կլինի 2700-ից։ Իսկ ինչ է դա նշանակում. Վլադիմիրն այս ցուցանիշով ոչ միայն մտնում է համաշխարհային էլիտա, այլեւ տեղ է զբաղեցնում դրա գագաթին։ Մեծագույն հաճույքով ուզում եմ մի քանի մանրամասն ներկայացնել Վլադիմիրի հիանալի մրցելույթների մասին։ Նա այս անչափ ուժեղ մրցաշարում հիանալի խաղաց առաջին խաղատախտակի առջեւ։ Եթե նրա մրցակիցների մակարդակով կազմելու լինենք մրցաշարի կարգ, դա մոտավորապես նույնն է, ինչ 17-18-րդ կարգի մրցաշարերը։ Այլ դեպքերում դրանք կոչում են գերմրցաշարեր։ Եվ 11 հնարավորից 8.0 միավոր վաստակելը շախմատում եզակի երեւույթ է։ Նույնիսկ Կասպարովի պես շախմատիստը միշտ չէ, որ կարողանում է այդպիսի արդյունքի հասնել։ Եվ վերջում մի նվաճման մասին էլ, որը, անշուշտ, կհետաքրքրի նաեւ շախմատային վիճակագիրներին։ Հայաստանի հավաքականը ոչ մի օլիմպիադայում, նույնիսկ 1992-ին, Մանիլայում, երբ առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալ, երբեք չի հասել թվային այսպիսի բարձր արդյունքի։ Հաշվի առնելով, որ մեր ժամանակներում նույնիսկ 30-րդ, 40-րդ տեղեր զբաղեցնող թիմերն ունեն շատ բարձր խաղամակարդակ եւ ի վիճակի են հաղթել ցանկացած մրցակցի, նման պայմաններում հավաքելով ռեկորդային միավորներ, դա նույնպես շախմատի հայաստանյան դպրոցի նոր նվաճում է»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ