Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքային էներգիայի աղբյուրը

Նոյեմբեր 13,2002 00:00

Այլընտրանքային էներգիայի աղբյուրը Ակադեմիկոս Պարիս Հերունու կարծիքով, մինչեւ այժմ կառուցված արեւային կայաններն իրենց նախագծային արժեքով թանկ ու այնքան էլ շահութաբեր չեն եղել, այդ պատճառով էլ չեն գտել գործնական լայն կիրառում։ Իսկ իր նախագծած «Արեւ-100» կայանի ինքնարժեքը 4-5 անգամ ցածր է, եկամտաբերությունն էլ՝ 25-30 անգամ ավելին, քան իր գործընկերների ստեղծածն է։ «Պատահական չէ, որ մեր նախագիծն արժանացել է միջազգային բարձր գնահատականի, արտերկրից ստացել ենք 6 պատենտային հայտ»,- տեղեկացրեց Պ. Հերունին։ «Արեւ-100» գյուտով 1 մեգավատ էներգիա ստանալու համար հազարավոր շարժական հայելիների փոխարեն օգտագործվում է մեկ անշարժ հայելի 0,7 հա մակերեսով (նախկինների 7 հա-ի փոխարեն)։ Նոր նախագծով հայելին տեղադրվում է 40 աստիճան թեքությամբ, ինչը հարմար է լեռնային անհող մեր երկրում։ Էկոլոգիապես մաքուր կայանը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, արդյունավետ է մեր երկրի համար նաեւ նրանով, որ «հումքից» հարուստ ենք՝ արեւի պակաս չունենք։ Ակադեմիկոսն այսքանից հետո զարմացած է, որ մեր նախարար-պաշտոնյաները չեն հասկանում ոչ նախագծի բարոյական, ոչ էլ՝ տնտեսական կարեւոր նշանակությունը։ Այն դեպքում, երբ արտերկրից բազմաթիվ առաջարկներ է ստանում գյուտի հեղինակային իրավունքի վաճառքի համար։ «Բայց ես չեմ ուզում Հայաստանը զրկվի այսքան շահութաբեր գործից»,- ասում է պրն Հերունին։ Որպեսզի կայանը գործարկվի, պետք է ընդամենը 1-1,5 մլն դոլարի ներդրում, մնացած 3 մլն-ն դրամաշնորհի տեսքով տրամադրել է անգլիական «Սոլարգեն» ընկերությունը։ 1996- 1998 թվականներին այդ գումարով կառուցվել է կայանի 70%-ը, հայելապատվել է կմախքի 10%-ը։ Փորձնական կայանը գտնվում է Բյուրականի Օրգով գյուղի մոտ։ Արդեն չորրորդ տարին է, ինչ աշխատանքներն այստեղ դադարեցված են, քանի որ այդպես էլ տեղ չի հասնում կառավարության խոստացած գումարը։ Ինքնին հասկանալի է, որ կառույցն անգործությունից կարող է շուտով շարքից դուրս գալ եւ փոշիացնել անգլիացիների ներդրումը։ Ակադեմիկոսը՝ արդեն պաշտոնյաների ստերից կուշտ, տեղի անհատ գործարարներին գրավելու քայլեր է անում։ Առայժմ՝ անօգուտ։ Ընդ որում, նրանը ոչ թե նվիրատվություն անելու, այլ՝ հիմնական բաժնետեր դառնալու առաջարկ է։ Աշխարհում առայժմ եզակի հնարավորություններով նոր նախագիծը միայն պատենտավորմամբ շատ արագ կփոխհատուցի ներդրված գումարները։ Էլ չխոսենք խնդրի բարոյական կողմի մասին. Հայաստանն իր ինտելեկտուալ կողմով ներկայանալու եւս մեկ հնարավորություն է ստանում։ Այս ամենը հասկանալու համար բենզին-պեսոկի գործով հարստացած մեր գործարարներից՝ մտավոր ավելի բարձր ունակություններ է պահանջվում։ Իսկ երկիրը կառավարողներին մեր այսօրն անգամ չի հուզում, ուր մնաց թե վաղը, երբ էներգետիկ ճգնաժամից դուրս գալու համար էլ ոչինչ չի մնա վաճառելու։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել