ՄԻ ԱՐՁԱՆ ԷԼ ՆՈՒՆԵԻ ԿՈՂՄԻՑ Երգչուհի Նունե Եսայանը հերքում է տարածված ասեկոսեները՝ կապված իր բարեգործական համերգի հետ, որը նվիրված էր ԱՄՆ-ում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին։ Մինչ օրս կան շշուկներ, թե համերգի ողջ հասույթը ամերիկացիները չեն ընդունել եւ այլն, եւ այլն… Այս առիթով երգչուհին պարզաբանեց. «ԱՄՆ-ում ավելի շատ ունեն հոգեկան աջակցության կարիք, քան ֆինանսական։ Կարծում եմ, սա պետք է պարզ լինի բոլորիս։ Անկեղծ ասած, համերգի վրա ավելի շատ ծախսեցինք, քան եկավ։ Ստացված գումարով կերտվել է 1,5 մետր բարձրությամբ խաղաղությունը խորհրդանշող արձան, որը մոտ ժամանակներս կտեղադրվի Երեւանում»։ Նշենք, որ երգչուհին իր խոսքում որոշ առումով անուղղակիորեն հաստատեց պտտվող լուրերը, որովհետեւ նրա պարզաբանումը բավականին անորոշ էր։ Ըստ մեզ հասած տեղեկության, այդ արձանը պետք է տեղադրվեր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան առջեւ, սակայն Ն. Եսայանը սա էլ հերքեց։ «Այս մասշտաբի արձանը պրոբլեմ է ԱՄՆ տեղափոխելը, թեկուզ այն պարզ պատճառով, որ հնարավոր է ճանապարհին վնասվի»։ Ն. Եսայանը օրերս է վերադարձել ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա կատարած երեքամսյա ուղեւորությունից։ Եվ ըստ երգչուհու, հենց այդ էր պատճառը, որ ոսկե աշուններից, Էրեբունի-Երեւաններից եւ մյուս լայնամասշտաբ համերգներից բացակայում էր։ Մարսելում նա մասնակցել է «Fiesta des Suds» միջազգային փառատոնին եւ ֆրանսերենով կատարել Առնո Բաբաջանյանի հանրահայտ «Նոկտյուրնը»։ Հաջողությամբ են անցել նաեւ նրա մենահամերգները ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո, Չիկագո, Բոստոն, Ֆրեզնո, Կանադայի Մոնրեալ, Տորոնտո եւ մյուս քաղաքներում։ Լոս Անջելեսի 3500 հոգանոց «Kodak Theater»-ում (նույն սրահում է տեղի ունեցել «Օսկարի» այս տարվա մրցանակաբաշխությունը) առաջին անգամ է երգել հայաստանցի երգչուհի՝ Նունե Եսայանը։ Հետաքրքիր էր երգչուհու այն պնդումը, թե իբր ինքն է իր համերգների հովանավորը, այն դեպքում, երբ «Լեւոն-Թրավելը» շարունակում է տարիների իր առաքելությունը։ Այժմ Ամերիկայում վաճառվում է Ն. Եսայանի նոր CD-ն՝ Սայաթ-Նովայի 12 երգերով, որի թողարկումը, ըստ նրա, պահանջարկի արդյունք է։ Մեր այն հարցին՝ արդյոք երգչուհին խորհուրդներով դիմո՞ւմ է այս կամ այն բազմավաստակ կատարողին, ստացանք հետեւյալ պատասխանը. «կարո՞ղ եք ասել, ո՞վ է լսել, թե ինչպես է մեկնաբանում իր գոհարները ինքը՝ Սայաթ-Նովան։ Իհարկե՝ ոչ։ Ուրեմն ես պետք չունեմ գնալու որեւէ երգչի մոտ. պարզ պատճառով՝ կան ձայնագրություններ, տեսահոլովակներ։ Եթե անհրաժեշտ համարեմ՝ կօգտվեմ դրանցից։ Վերջապես, ժողովրդական երգը մեր երաժշտության հացն է, եւ այդ երգերի հրաշալի կատարողներ կան ժողովրդի մեջ։ Նրանք պահել են երգի նախնական պատկերը եւ կատարման այն միամիտ շեշտը, երբ մեղեդին ծնվում է որպես հոգու պահանջ եւ ոչ որպես գեղագիտական պատվեր»։ Երգչուհին հիշեց Կոմիտասի մասին պահպանված մի ավանդություն, երբ նա դիմում է գյուղացուն ու խնդրում «Հորովել» երգել, վերջինս ոչ մի կերպ չի ըմբռնում, որ կարելի է երգել առանց գութանի մաճ բռնելու։ Այսօր ստեղծվող շատ երգեր չեն «սիրում» բեռ կրել՝ հոգու, հավատի բեռ։ Դրանք այնքան էլեգանտ են, որ միայն ձեռնոցով կբարեւեն մեր գեղջուկ երգերին։ Եվ այդպես կոկիկ, հպարտ ու պաղ էլ կմեռնեն։ Ի դեպ, վերջին շրջանում Նունեի տեսահոլովակների հետ կապված շրջանառվում է Հրանտ անունը, փաստորեն, «խառնվում» են երկու Հրանտներ, մեկը Մովսիսյան, մյուսը՝ Վարդանյան։ Երգչուհին պարզաբանեց, որ իր կարծիքով, հաջողված 3 տեսահոլովակները, այդ թվում եւ «Ռոմանսը», նկարահանել է հենց Հրանտ Վարդանյանը։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ