Լրահոս
Օրվա լրահոսը

Օդաչուն՝ դատապարտյալ

Նոյեմբեր 13,2002 00:00

«Մարդը, որն այդքան հաճախ, հանուն ուրիշ մարդկանց եւ իր ազգի կարող էր իր կյանքը վտանգել, արժանի է մեծագույն հարգանքի»: ՔԵՐՈԼԻՆ ՔՈՔՍ

Այս գնահատականը բարոնուհին տվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ ՄԻ-8 ուղղաթիռով փրկարարական եւ օգնություն հասցնելու աշխատանքների կատարման համար «Պատվո» շքանշանի, Ղարաբաղի ազատագրական պայքարի ընթացքում «Մարտական խաչի» 2-րդ (ստացածների 1-ին ութնյակ, որոնց թվում է նաեւ Սերժ Սարգսյանը) եւ 1-ին աստիճանի շքանշանների արժանացած, 1988 թվականից ուղղաթիռային ջոկատի հրամանատար, Հայաստանում ռազմական ավիացիայի հիմնադիրներից մեկին՝ Ստեփան Ռուբենի Նիկողոսյանին, որն այսօր դատապարտյալ է, քանի որ, չնայած ընտանիքի նյութականն ամբողջովին ապահովող աշխատանք ունենալուն, ըստ մեղադրանքի, չճանաչելով ենթադրյալ տուժողին, չունենալով որեւէ շարժառիթ, մասնակցել է ինչ-որ «փաստացի բանկիրի» (քննիչի ձեւակերպումն է) սպանության նախապատրաստման, այսինքն՝ համաձայնել է դառնալ վարձու մարդասպան՝ առանց անհրաժեշտության եւ առանց որեւէ պայմանի։

Երեւի այս անհեթեթությունն այսպիսի տխուր վերջավորություն չունենար, եթե գործի նախաձեռնողը, կազմակերպիչը եւ ավարտին հասցնողը ԱԱՆ-ն չլիներ։ Ի տարբերություն ՆԳ նախարարության, դատախազության հետաքննական, նախաքննական մարմինների նախաձեռնությամբ դատարան ուղարկված գործերի, երբ «դատաքննությունը» հնարավորինս դզում-փչում է անօրինականությունները, չխուսափելով նույնիսկ դատաքննության ժամանակ վկաների տված ցուցմունքները վճռում տրամագծորեն հակառակ ներկայացնելուց, Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված ցանկացած անօրինական, անհեթեթ, որեւէ տրամաբանության չհամապատասխանող գործողություն, արարք, դատարանն ընդունում է որպես աստվածային ճշմարտություն, որը որեւէ կասկածի, քննարկման ենթակա չէ։

Օրինակ, եթե դատարան է ներկայացվել անձի խոսակցության ձայնագրություն, որտեղ սպանության մասին որեւէ հիշատակում չկա, ապա այն կարելի է ընդունել որպես սպանության նախապատրաստման ապացույց, հետո ի՞նչ, որ ձայներիզը վերաձայնագրված է եւ չկա փորձագետի եզրակացություն ձայնի պատկանելության մասին, եթե ԱԱ մարմինները քեզ եւ ընկերներիդ նկարահանում են որեւէ սրճարանում սուրճ խմելիս, որտեղ բացակայում է ձայնագրությունը եւ այն ներկայացնում որպես մարդասպանության կազմակերպչական խորհրդակցություն ու հիմնավորում առաստաղային ենթադրություններով, ապա՝ դա այդպես է։ Եթե անձը հիշում է իրեն բազմաթիվ օրեր հետեւող մեքենայի մակնիշը, պետհամարանիշը եւ գույնը, բայց չի կարողանում այն նկարագրել, ապա՝ ի՞նչ անենք, չէ՞ որ ԱԱՆ-ն է ասում, եթե քննիչը 30 (երեսուն) ժամ տեւող ձայնագրություններն, ըստ արձանագրության, ընթերակաների հետ միասին լսել է մեկ լուսային օրվա ընթացքում եւ դրանք ճանաչել որպես նախապատրաստվող հանցագործության իրեղեն ապացույց, ապա՝ դա այդպես է։ Հետո՞ ինչ, որ ձայնագրված խոսակցությունները կենցաղային բնույթի են, իսկ ձայներիզներից 7-ը (յոթը), ըստ առկա փաստաթղթերի, ավելի ուշ է քննիչին տրվել, իսկ ընթերական դատարանում ժխտում է նման «քննչական գործողության» իրականությունը եւ իր լսած ձայնագրություններից արժեւորել է միայն ինչ-որ ճաշի պատրաստման եղանակը։

Հետեւությունը մեկն է՝ ԵԿՄ վարչության անդամ Ստեփան Նիկողոսյանին մեկուսացնելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ հետաքննության, նախաքննության ընթացքում խախտվել են ապացույցների ձեռքբերումը կարգավորող ե՛ւ սահմանադրական, ե՛ւ քրեադատավարական բոլոր նորմերը, գործել է «համազգեստով քողարկված բռի ուժի» բիրտ սկզբունքը, իսկ դատարանն այդ ամենն օրինականացրել է իր վճռով, անտեսվել է նույնիսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107 հոդվածի առաջին մասի 2-րդ կետը՝ կասկածյալի եւ մեղադրյալի առնչությունը դեպքին։

Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը հայրենանվեր անձանց նկատմամբ հանգեցնում է հասարակությունում բարոյահոգեբանական մթնոլորտի թունավորմանը, որովհետեւ նրանց կողմից ուղղորդվող պետական մամլիչն ուղղված է այն ազատամարտիկների դեմ, որոնց համար հայրենիքը բացարձակ չափանիշ է, որոնք քննադատում են ցանկացած հակաժողովրդական, հակապետական քաղաքականություն եւ, ի տարբերություն բազմադեմ պնակալեզների, չեն հաճոյանում ո՛չ նախագահին, ո՛չ էլ որեւէ մեկի, բարձրաձայն հայտնում են իրենց կարծիքը։ Իշխանություններն այսօր նման մարդկանց մեջ ձեւավորել են բռնադատվածի մթնոլորտ եւ փորձում են այդ բռնադատված-դատապարտվածի մթնոլորտը տարածել ամենուր։

ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930