Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 13,2002 00:00

ՕՐԵՆՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արդարադատության նախարարությունում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի շուրջ քննարկումներից երեկ եզրակացություն արվեց, որ սա օրենք է լրագրողներից պաշտպանվելու մասին, իսկ մի դրույթ հասկանալու համար բազմաթիվ հղումներով պիտի անցնես, իսկ այդպես կարող ես հասնել մինչեւ Խորհրդային Միության սահմանադրություն: Իսկ նախագծի վրա աշխատող խմբի անդամները համոզված են, որ դրան չեն հասնի, ավելին, իրենք եվրոպական չափանիշներով են առաջնորդվում: Վերջին միտքը խիստ կասկածի ենթարկեց Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Մեսրոպ Հարությունյանը՝ մեջբերելով թեկուզ «պետական լրատվամիջոց անախրոնիզմի» առկայությունը օրենքի նախագծում, ինչն ավելի շատ Թուրքմենստան կամ Իրան է հիշեցնում, քան Եվրոպա: Բացի այդ, նախագծի մի այլ կետով էլ այս կամ այն լրատվամիջոցի ներմուծողը պատասխանատվություն է կրում դրանում տպագրված տեղեկատվության համար, ինչը հակասում է Սահմանադրության 24-րդ եւ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ կետերին: Նման նախադեպ չկա եվրոպական եւ ոչ մի երկրում: «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մտավախություն հայտնեց, որ քննարկումներում ստեղծագործական աշխատանքը քիչ հավանական է: Սակայն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աշոտ Աբովյանը հավաստիացնում էր, որ ստեղծագործաբար մոտենալով նախագծի՝ օրենք դառնալու գործընթացին, փորձել են եւ կփորձեն հնարավորինս հաշվի առնել դաշտում հնչող բոլոր առաջարկները, որ ընդունելի կլինեն օրենքի նախագծում ընդգրկելու համար: «Ոչ մի առաջարկություն կամ դիտողություն ապրիորի, առանց հիմնավոր պատճառաբանության չի մերժվում: Խնդրում եմ այն գիտակցումը, որ սա բոլորիս աշխատանքն է, սրա համար բոլորս ենք պատասխանատու»: Սակայն այդպես էլ պրն Աբովյանը չպատասխանեց, թե ինչու Երեւանի մամուլի ակումբի ներկայացրած բազմաթիվ առաջարկները մինչ օրս չեն ընդունվել՝ չունենալով մերժման հիմնավոր պատճառաբանություններ: Իսկ ԵՄԱ ներկայացուցիչ Մեսրոպ Հարությունյանը համոզված է, որ այս օրենքի նախագծում հնարավորինս շատ թակարդներ են ստեղծված, ինչի պտուղները մենք քաղում ենք առօրյա կյանքում: Այսպես, օրինակ, 4-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է, որ «որեւէ մեկը չի կարող պարտադրել լրատվական գործունեություն իրականացնողին՝ տարածելու որեւէ տեղեկատվություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Իսկ օրենքով կարող է նախատեսվել, որ, ասենք, լրատվամիջոցը պարտավոր է տպագրել կամ եթեր հեռարձակել նախագահի բոլոր հրամանագրերը: Ըստ օրենքի նախագծի մեկ այլ կետի, գեղարվեստական կամ փաստագրական գիրքը կարող է համարվել լրատվության միջոց: Չի ընդունվել նաեւ ԵՄԱ-ի առաջարկությունն այն մասին, որ «գրաքննությունը, այն է՝ տեղեկությունների, նյութերի, դրանց առանձին հատվածների տարածումը խոչընդոտելը, ԶԼՄ-ների հրատարակության եւ դրանց տարածման մենաշնորհը արգելվում է»: Հակառակ դեպքում շուկայում կունենանք մի տեսակետ, մի կարծիք: Մի խոսքով, աշխատանքային խումբը ԵՄԱ-ի առաջարկությունների մերժման ոչ մի տրամաբանական պատասխան չի տվել, եւ փոխարենն ընդունել է միայն խմբագրական ճշգրտումներն ու ձեւակերպումները՝ հարստացնելով լոկ արտաքին տեսքը: ԵՄԱ-ն, ինչպես եւ իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը առաջարկում էին վարչական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյային, որն առանց հիմնավոր պատճառաբանության կխուսափի լրագրողին տեղեկատվություն տրամադրել: Կամ ասենք նրանց, ովքեր «Առավոտի» խմբաքանակ են բռնագրավում, իսկ «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» չեն մոռացել լրատվամիջոցների համար պատժամիջոց սահմանել: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել