Կենտրոնական բանկը նրանց «չի խեղդում» «ITB» միջազգային առեւտրային բանկ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արա Կիտբալյանը երեկ լրագրողների հետ հանդիպելու երկու առիթ ուներ։ Նախ՝ պաշտոնապես տեղեկացնելու, որ այսուհետեւ բանկն իր գործունեությունը կծավալի նոր եւ առավել հարմարավետ գրասենյակում։ Ապա՝ ներկայացնելու բանկի տասնամյա կյանքի պատմությունը, մոտ եւ հեռու ապագայում ծրագրավորած աշխատանքները։ Պարոն Կիտբալյանն, այսպես ասած, սեփական օրինակով հավաստեց հայաստանյան բանկային համակարգի կայացումը եւ ի հեճուկս իր որոշ գործընկերների՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Մենք առաջիններից մեկն ենք, որ մեր կաշվի վրա զգացել ենք ԿԲ-ի՝ առեւտրային բանկերի նկատմամբ վարվող կոշտ քաղաքականության արդյունքները։ Բայց ես այն համոզմանն եմ, որ դա նպաստում է համակարգի կայացմանը։ Այն չի «խեղդում» եւ դրանով իսկ ողջունելի ու ընդունելի է»։ Ինչ վերաբերում է բանկի ընդհանուր վիճակին, ապա, ըստ գործադիր տնօրենի, 2002թ. 10 ամիսների ընթացքում բանկն իր ակտիվներն ավելացրել է մոտավորապես 58%-ով՝ դրանք հասցնելով մինչեւ 2614 մլն դրամ, իսկ կանոնադրական կապիտալն աճելով ավելի քան 1,5 անգամ, հասցվել է մինչեւ 2058 մլն դրամ։ Բանկի զուտ շահույթը 2002թ. 10 ամիսների արդյունքներով կազմել է մոտ 8,7 մլն դրամ։ Այդ ժամանակահատվածում տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալը ավելացել է 1,7 անգամ՝ կազմելով 372,5 մլն դրամ։ Բանկի՝ միջոցների ներդրման գերակայող ուղղություններն են փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը։ 2002թ. վերջում արդեն նախատեսվում է հասցնել 5 մլն ԱՄՆ դոլարի։ Բանկի բաժնետերը «MAKARIOS» հոլդինգն է, որի կազմում արտասահմանյան մի շարք ընկերություններ են։ Հոլդինգի ակտիվները կազմում են մոտ 600 մլն դոլար։ Խումբը ներդրումներ է իրականացնում Հայաստանի ոչ միայն բանկային համակարգում, այլեւ տնտեսության մյուս ճյուղերում եւս։ Մասնավորապես, «Հյուսիսային պողոտայի» կառուցման ֆինանսավորողը «MAKARIOS»-ն է։ Այդ ծրագրում խմբի ներդրումն, ըստ խմբի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կոնչայի, ներկայումս մոտ 3 մլն դոլար է։ Իսկ առհասարակ, հոլդինգի հետաքրքրությունները՝ «տնտեսության ռեալ հատվածում ներդրումներն են», մասնավորապես հնդավոր բամբակի արտադրության եւ ԱՊՀ հանրապետություններից եվրոպական երկրներ եւ ՌԴ արտահանման ֆինանսավորումը, գունավոր մետաղների արդյունահանում եւ արտահանում, ներդրումներ՝ շինարարության, մանրածախ առեւտրի, բարձր տեխնոլոգիաների, լիզինգի ոլորտներում։ Ընկերության գլխավոր տնօրեն Գիտաս Անիլիոնիսի կարծիքով, «Հայաստանում ներդրումային դաշտն առավել բարենպաստ է», իհարկե միջինասիական պետությունների համեմատությամբ, տեղ-տեղ՝ նաեւ Ռուսաստանի։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ