Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ 3 ՏԱՐԻ ԱՆՑ

Նոյեմբեր 13,2002 00:00

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ 3 ՏԱՐԻ ԱՆՑ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը մեր թերթին հայտնել էր, թե չի հիշում, որ նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին ասած լինի, թե Վազգեն Սարգսյանը ոգեւորված էր Մեղրիի փոխանակման տարբերակով: Սակայն Ալբերտ Բազեյանը պնդեց, որ նման զրույց եղել է, եւ հայտնեց հավելյալ մանրամասներ. «Զրույցը եղել է շուրջ 2,5 տարի առաջ, կառավարության նիստի ընդմիջման ժամանակ, սրահում: Չեմ բացառում եւ բնական եմ համարում, որ Արտաշես Թումանյանի համար զրույցը կարող է իրոք տպավորված չլինել. կարեւորած եւ մտապահած չլինի այն: Ինձ համար էր կարեւոր այդ զրույցը, եւ թեման ես եմ բացել: Այդ ժամանակաշրջանում Մեղրիի փոխանակման հետ կապված շրջանառվում էին լուրեր, եւ ես փորձել եմ գոնե ինձ համար ճշտել՝ համապատասխանո՞ւմ է դա իրականությանը, թե՞ ոչ: Արտաշես Թումանյանի հետ զրույցի ընթացքում, բացի մի շարք այլ հարցերից, քննարկել ենք նաեւ այդ խնդիրը: Եվ ինձ համար անսպասելիորեն՝ նա ասաց. «Իսկ ի՞նչ վատ տարբերակ էր, որ: Ամենաշատը դրանով Վազգեն Սարգսյանն է եղել ոգեւորված»: Այսինքն, իրեն հավանաբար Ռոբերտ Քոչարյանն էր ասել, որ Վազգեն Սարգսյանն այդ տարբերակով ոգեւորված է եղել. ես այդպես ենթադրեցի»: Մեր հարցին, թե ինչո՞ւ այդ մասին չի ասել այն ժամանակ, երբ պաշտոնավարում էր, Ալբերտ Բազեյանը պատասխանեց. «Բազմաթիվ առանձնազրույցներ եմ ունեցել տարբեր կարգի պաշտոնյաների հետ՝ ինձ համար տարբեր հարցեր ճշտելու համար: Պարզել եմ եւ դրանից հետո փորձել եմ արդեն նախագահ Քոչարյանի հետ պարզաբանել նման խնդրի առկայությունը»: Ի դեպ, հիշեցնենք, որ երբ 2000-ին «Առավոտում» հրապարակվեց տեղեկություն, թե Մեղրիի տարբերակի շուրջ տարաձայնություններ են եղել Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, որոնք դրսեւորվել են Անվտանգության խորհրդի նիստում՝ քաղաքապետ Ալբերտ Բազեյանն էր, որ հրապարակավ հերքեց այդ լուրը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել