Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՉԵՍ ԸՆՏՐՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ»

Նոյեմբեր 13,2002 00:00

«ԵԹԵ ՉԵՍ ԸՆՏՐՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ» ԱՄՆ արտաքին գործերի նախարարության Կրթական եւ մշակութային գործերի բյուրոյի եւ «Մերիդիան» միջազգային կենտրոնի Միջազգային այցելությունների ծրագրի շրջանակներում մի խումբ հայ լրագրողներ հնարավորություն ունեցան երկու շաբաթով այցելել Նահանգներ եւ մասնակցել այստեղ տեղի ունենալիք (արդեն ավարտված) նահանգային, Կոնգրեսի եւ դատավորների նախընտրական քարոզարշավներին եւ բուն ընտրություններին։ Մենք եւ ԱՄՆ-ը մի բանում նման ենք՝ ինչպես մեզանում, այնպես էլ Նահանգներում գոյություն ունի ընտրակաշառք։ Եթե մեզանում յուղ ու բրինձ են բաժանում կամ փողոցն են ասֆալտապատում, ԱՄՆ-ում ընտրողներին ջուր են բաժանում, իսկ Բուշն, օրինակ, ինչ-որ փողոցային լամպ էր տեղադրել եւ իր նախընտրական գովազդային հոլովակում այդ լամպի հետ էր նկարվել։ Ֆլորիդա նահանգն այս տարվա ընտրություններում առավելագույն ուշադրության կենտրոնում էր: Պատճառը 2000-ի նախագահական ընտրությունների ընթացքում այստեղից եկող հակասական լուրերն էին Գորի եւ Բուշի հավաքած ձայների մասին։ ԱՄՆ-ում բուն ընտրությունները տեւում են երկու շաբաթ, մարդիկ ոչ թե մեկ օր են գալիս ընտրատեղամաս ու քվեարկում, այլ՝ երկու շաբաթ շարունակ կարող են գալ եւ քվեարկել, իսկ բումը ընտրությունների վերջին օրն է, երբ ընտրողները առավել ակտիվանում են։ Ընտրական հիմնական կարգախոսն է՝ «Եթե չես ընտրում, ուրեմն գոյություն չունես»։ ԱՄՆ ամեն տեսակի կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները շարունակ մարդկանց մղում են ընտրությունների, սակայն նույնիսկ այս դեպքում ընտրողների ընդհանուր թիվը 35-40%-ից չի անցնում։ ԱՄՆ-ում ընտրում են 18 տարեկանից, սակայն գրանցումը սկսվում է 17-ից։ Ընտրություններին զուգահեռ, քարոզարշավը շարունակվում է եւ չի դադարում նաեւ բուն, ըստ էության՝ ընտրությունների վերջին օրը։ Քարոզել կարելի է, սակայն ընտրատարածքից 50 քայլ հեռավորության վրա։ ԱՄՆ-ում երեք գլխավոր մարմիններ են պատասխանատու ընտրությունների համար։ Առաջինը Ֆեդերալ ընտրական հանձնաժողովն է։ Սա ունի 350 աշխատող, որից 345-ը զբաղվում է ընտրությունների ֆինանսավորման հարցերով, մնացած հինգը կապ է պահպանում նահանգների հետ, տեղերից ինֆորմացիա ստանալու համար։ Ընդհանուր հաշվով, ընտրությունների բնագավառում 13 հազար մարդ է աշխատում։ Ընտրությունների համար հաջորդ պատասխանատուն ԱՄՆ արդարադատության նախարարությունն է, որը զբաղվում է օրինախախտումներով։ Իսկ օրինախախտումներ ԱՄՆ-ում եւս լինում են, սակայն, ըստ մի պաշտոնյայի՝ առավելապես չքավոր նահանգներում։ Օրինակ, նահանգներից մեկում շերիֆն ընտրողներին գարեջուր էր հյուրասիրում եւ ճամփում ընտրությունների, հուսալով, որ իր օգտին կքվեարկեն։ ԱՄՆ-ում ընտրությունների համար երրորդ պատասխանատուն պաշտպանության նախարարությունն է։ Հենց որ սա լսեցինք՝ մի խումբ լրագրողներս անմիջապես ոգեւորվեցինք, որ ԱՄՆ ՊՆ-ն, մերի պես, միջամտում է ընտրություններին։ Սակայն մեխանիզմը բացատրող ամերիկացի պաշտոնյան շտապեց ասել, թե ՊՆ-ի ֆունկցիան խիստ տեխնիկական է եւ ոչ ամենեւին քաղաքական. ՊՆ-ի պարտականությունները սահմանափակվում են զինվորականների քվեարկությունն ապահովելով։ Ֆլորիդա նահանգում ընտրությունների ժամանակ այս տարի օգտագործվեցին ընտրական մեքենաները։ Ընտրացուցակ ասվածը Նահանգներում գոյություն չունի։ Ընտրողը մտնում է հանձնաժողով, գրանցվում, հետո մոտենում է ընտրամեքենային եւ քվեարկում։ Այս մեքենան ունի ե՛ւ տեսողական, ե՛ւ լսողական հարմարանք։ Ամեն ինչ արված է, որ հաշմանդամները ընտրելու լիարժեք հնարավորություն ունենան։ Ընտրամեքենաների շնորհիվ, տեղամասերից մեկում 3 հազար ընտրողներ իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին երկու ժամից էլ պակաս ժամանակում։ Մայամիի ընտրատարածքներից մեկում թեկնածուների կողմնակիցները ընտրության մտնող քաղաքացուն, այսպես կոչված, գովազդային թերթիկներ էին բաժանում։ Գլխավոր դատավորի թեկնածու Զաբել Սահայի կողմնակիցը, օրինակ, մեր խմբին եւս մեկական ձեռքի խարտոց բաժանեց, որի վրա գրված էր թեկնածուի անուն-ազգանունը։ Ընտրությունների հաջորդ օրն իմացանք, որ Զաբելը ընտրվել է դատավոր։ Մեր լրագրողական խումբը սրանում որեւէ «մեղք» չուներ, ինչպես նաեւ «մեղք» չունեինք, որ Ֆլորիդայի նահանգապետ վերընտրվեց նախագահ Բուշի եղբայրը՝ կրտսեր Բուշը։ Ըստ թերթերից մեկի խմբագրի՝ Բուշը լավ նահանգապետ է եւ կարողացավ հաղթել իր հակառակորդին՝ հարկերի հետ կապված նուրբ հայտարարությունների շնորհիվ։ Հակառակորդը բավականին հետաքրքիր առաջարկություններ էր արել կրթական մակարդակի բարեփոխման վերաբերյալ, սակայն թաքցրել էր, որ ծրագիրն իրականացնելու համար հարկավոր կլինի բարձրացնել հարկերը։ Բուշն անմիջապես «մերկացրել» էր հակառակորդին, հայտարարելով, թե հարկերը շատ կբարձրանան, եթե նման կրթական ծրագրեր կիրառվեն։ Իսկ հարկերը Նահանգներում ցածր չեն եւ Ֆլորիդայի ընտրողները քվեարկել էին ընդդեմ կրթական ծրագրի եւ հօգուտ հարկերի անփոփոխության։ Նահանգներում գործում է մի կենտրոն, որը զբաղվում է թեկնածուների ֆինանսական հարցերով։ Ըստ այս կենտրոնի՝ հասարակությունը պարտադիր պետք է իմանա, թե թեկնածուն ո՞ւմ տված գումարների հաշվին է ուզում քարոզարշավ ծավալել եւ ընտրվել։ Թեկնածուները պարտադիր զեկույց են ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրների մասին, հայտարարում են, թե որտեղից են գումար ստացել եւ ինչքան գումար են մտադիր ծախսել։ Պետք է ամենայն մանրամասնությամբ նշվի գումար տվողի անուն-ազգանունը, աշխատանքի բնույթը։ Թեկնածուն շահագրգռված չէ թաքցնել ընտրությունների համար հավաքված գումարի չափը, քանի որ ուժեղ է համարվում այն թեկնածուն, որը կարողանում է ավելի շատ գումար հավաքել։ Մերժելի են արտասահմանյան ընկերությունների կողմից տրված գումարները, նաեւ՝ երբ թեկնածուն կեղծում է գումարի բուն աղբյուրը։ Սովորաբար, եթե թեկնածուն նաեւ պաշտոնատար անձ է, ավելի շատ է գումար հավաքում, որովհետեւ Նահանգներում եւս պաշտոնյաներին հաջողվում է ավելի շատ գումար հավաքել, քան առաջին անգամ ընտրվող թեկնածուին։ Ընտրական գումարը հիմնականում ծախսվում է գովազդների, թռուցիկների, հեռախոսային հարցումների վրա։ Իհարկե, նաեւ ընտրակաշառքի, սակայն այս հասկացությունը մի փոքր այլ է։ Արդեն պաշտոն ունեցող թեկնածուի համար ավելի հեշտ է համոզել, թե ինքը ոչ թե ընտրակաշառք է «բաժանում» այս կամ այն հարցը լուծելով ընտրողների «աչքը մտնելու» համար, այլ, ի պաշտոնե, ասենք՝ Լինսի հիմնադրամի հաշվին փողոցներն է ասֆալտապատում։ Նոյեմբերի 5-ի երեքշաբթի օրը ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ նախագահ Բուշը կրկնակի հաղթանակ տարավ, նախ իր եղբայրը վերընտրվեց որպես նահանգապետ, իսկ ԱՄՆ Կոնգրեսում շատացան «փղերը»՝ հանրապետականները։ Սա նշանակում է, որ որեւէ վճիռ կայացնելը եւ դրա իրագործումը Ջորջ Բուշ կրտսերի համար շատ ավելի հեշտ կլինի։ Իրաքի դեմ ԱՄՆ հնարավոր պատերազմի ուրվականը չափազանց իրական է, քանի որ կոնգրեսականները միաձայն կքվեարկեն այդ պատերազմի օգտին։ Մինչ այդ, նախնական քվեարկության ժամանակ միակ դեմ սենատորը Մինեսոթա նահանգից ընտրված կոնգրեսական Պոլ Վեստոն էր, որը քվեարկությունից բառացիորեն մի քանի օր անց ավիավթարի ենթարկվեց եւ զոհվեց։ Սրանում դիտավորություն կա՞, թե՞ ոչ։ Ամերիկացիների կարծիքները բաժանվում են, թեպետ մեծամասնությունը դիտավորություն չի տեսնում, քանի որ անձամբ Պոլ Վեստոնի որոշումն էր եղել ոչ բարենպաստ եղանակին թռչելը։ Այնուամենայնիվ, հոգեհանգստին եւ հուղարկավորությանը մասնակից ներկաներից մեկ-երկուսի դիտարկմամբ՝ բավականին լարվածություն է նկատվել։ Ի դեպ, Պոլ Վեստոնը դեմոկրատ էր եւ Բիլ Քլինթոնի բարեկամը։ Մինեսոթա նահանգի հետ կապված մեկ ուրիշ հետաքրքրական, այս դեպքում՝ ծիծաղաշարժ պատմությամբ էլ ավարտեմ։ Մինչեւ այս տարվա նոյեմբերի 5-ը՝ նահանգապետի ընտրությունների օրը, Մինեսոթայի նահանգապետը հանրությանը եւ կինոսիրողներին ոչ անհայտ շոումեն եւ կինոդերասան Ջեսի Վենտուրան էր։ Վերջինս ընտրվել էր 1998-ին, այն օրերին, երբ նահանգում պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներից լուրջ հիասթափություն կար։ Ջեսի Վենտուրան լրագրողներին անվանում է լեշ ուտողներ, «Փլեյ Բոյ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, թե մահից հետո վերակենդանանալու հնարավորության դեպքում ինքը կնախընտրի աշխարհ գալ կանացի կրծկալի տեսքով։ Ջեսին իր նախընտրական գովազդային հոլովակում ներկայացել է Ռոդենի «Մտածողը» արձանի դիրքով, բոլորովին մերկ։ Պաշտոնավարման առաջին երկու տարում ամենաբարձր վարկանիշն է ունեցել, նկարահանվել է ֆիլմերում, շոուներում, ֆուտբոլային մեկնաբան է եղել եւ միայն այս գործերի շնորհիվ նահանգապետը վեց միլիոն դոլար է աշխատել։ Մինեսոթայի բնակիչները երեւի հոգնել էին շոումեն նահանգապետից, քանի որ այս տարի ընտրեցին նախկին սենատոր թեկնածուին։ Այսպիսին են Նահանգները, այստեղ հնարավոր է ֆուտբոլային մեկնաբանից նահանգապետ սարքել, իսկ դերասանից՝ երկրի նախագահ։ Լինում է նաեւ հակառակը։ Զուգահեռներ մեր երկրի հետ յուրաքանչյուրս մտովի կանենք, ու եթե մեր նախագահական թեկնածուներից մեկն ու մեկի մտքով անցնի էկրանի առջեւ հայտնվել «Մտածողի» «հագուկապով», կարծում եմ, հայ հասարակության համար՝ խիստ զվարճալի թամաշա, ըստ ամերկացիների՝ շոու կստացվի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Երեւան-Վաշինգթոն- Մինեապոլիս-Մայամի-Նյու Յորք-Երեւան Հ. Գ. Շնորհակալություններս ԱՄՆ կառավարությանը եւ «Մերիդիան» միջազգային կենտրոնին՝ հետաքրքիր ծրագրի եւ ընձեռած հնարավորության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել