Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Նոյեմբեր 13,2002 00:00

ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ Փաստում է «Խոսքի ազատության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: – Ձեր գնահատմամբ, ինչի՞ հետեւանք էր այն իրողությունը, որ «Նոյյան տապան» հեռուստաընկերությանը զրկեցին կապուղիների նոր մրցույթին մասնակցելու հնարավորությունից: – Իշխանություններն, իմ կարծիքով, երեւի փորձում են լուծել հետեւյալ խնդիրը, որ եթե «Ա1+»-ի հայտը հանկարծ չկարողանան մերժել ու ստիպված լինեն բավարարել՝ գոնե ապագայում ունենան իրենց կողմից չվերահսկվող մեկ հեռուստաընկերություն՝ ոչ երկուսը: Օրենքի սահմաններից դուրս էր «Նոյյան տապանի» դիմումը չընդունելը: Սա հերթական հակաօրինական քայլն էր: Եթե «Նոյյան տապանը» հարկ համարի պայքարել իր իրավունքների համար՝ մեր հիմնադրամն, իհարկե, կաջակցի նրան: Եվ անկախ նրանից՝ «Ա1+»-ին կապուղի կտա՞ն, թե՞ չեն տա, «Նոյյան տապանի» հետ կատարվածը շարունակելու է մնալ ապացույց, որ Հայաստանում վտանգված է ազատ խոսքը: – Իսկ հայտ ներկայացնելով գործող հեռուստաընկերությունների զբաղեցրած կապուղիների համար՝ «Ա1+»-ը չի՞ հայտնվում նույն դերում, որ նախկինում տանում էր «Շարմը»: – Կարծում եմ, որ այդ տեսակետն ասպարեզ նետողներն ամենասովորական խարդավանքների են դիմում՝ փորձելով գործող հեռուստաընկերություններին լարել «Ա1+»-ի դեմ: Վստահ եմ, որ դա չի ստացվի: Հենց իրենք՝ իշխանություններն են մեղավոր, որ այսպիսի վիճակ է ստեղծվել, քանի որ պետք է նախ մրցույթ հայտարարեին ոչ թե գործող հեռուստաընկերությունների, այլ չզբաղեցված կապուղիների համար: «Ա1+»-ի աշխատակազմը 6 ամսից ավելի է՝ սպասել է այս մրցույթին, դիմացել բավականին մեծ ու ծանր փորձության, եւ նրանք այժմ իրավունք ունեն դարձյալ ներկայացնել հայտ: Մրցույթին մասնակցող այդ 4 հեռուստաընկերությունները նույնպես ժամանակին հայտարարեցին, թե «Ա1+»-ի փակումը բոլորովին էլ խոսքի ազատության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարում չէ: Այդ հայտարարությունը ստորագրելով՝ նրանք կարծես ասացին, թե լա՛վ են արել, որ փակել են, ի՞նչ է պատահել: Իսկ այժմ նրանց վերադարձավ իրենց իսկ նետած բումերանգը: Այդ հեռուստաընկերությունների կողմից պաշտպանված իշխանություններն այս ձեւով կազմակերպեցին տվյալ մրցույթը: Սակայն չարախնդալու կարիք եւ հիմքեր չկան: Ինձ թվում է, այդ հեռուստաընկերությունները պիտի նեղանան ոչ թե «Ա1+»-ից, այլ իրենց պաշտպանյալ իշխանություններից: – Ձեր կարծիքով, ինչո՞ւ իրավապաշտպանները չարձագանքեցին Արաբկիրի համայնքապետի ընտրության ժամանակ բռնության հետեւանքով մարդու մահվան դեպքին: Ի՛նչ է, անպայման նախագահի թիկնապահների՞ կողմից պիտի բռնություն գործադրվի, որ դեպքը ստանա հասարակական հնչեղություն: – Սա իրավապաշտպաններիս թերացումն էր: Այդ դեպքի մասին տեղեկացանք միայն մամուլից: Սակայն նաեւ հարկ է նշել, որ իրավապաշտպան կազմակերպություններն արձագանքում են, երբ հարազատները կամ շահագրգիռ այլ անձինք դիմում են նրանց: Ես չգիտեմ, այս դեպքի առնչությամբ որեւէ մեկին դիմե՞լ են, թե՞ ոչ: Այդ սպանության մասին կարելի է ասել միայն մեկ բան. մեր երկրում այն չափերի է հասել թողտվությունը, որ ազատորեն կարելի է մարդ սպանել: Եթե կարելի է մարդուն մահվան դուռը հասցնել սրճարանում եւ մնալ անպատիժ, ապա կարելի է մարդ սպանել նաեւ ընտրատեղամասում եւ նույնպես մնալ անպատիժ: Վաղը-մյուս օրը հնարավոր կլինի մարդուն սպանել իր սեփական տան մեջ՝ պատճառով կամ առանց պատճառի՝ էական չէ: Արժեզրկվել է մարդկային կյանքը, եւ մեր հասարակությունը ցնցում չի ապրում սպանության փաստերից: Դա է պատճառը, որ նույնիսկ իրավապաշտպաններին են մի տեսակ առօրյա թվում այդ փաստերը: – «Առագաստ» սրճարանում նախագահի թիկնապահների կողմից սպանվածի եղբայրն օրերս մեղադրեց իրավապաշտպաններին, որ թեեւ խոստացել էին օգնել, բայց «մկան ծակը մտան», չկազմակերպեցին խոստացած միջոցառումները, «կաշառվեցին կամ վախեցան»: – Իսկ էլ ի՞նչ պետք է անեին իրավապաշտպանները: Նրանք պաշտպանեցին տուժողի եւ նրա հարազատների շահերը, մասնակցեցին դատավարությանը, հարցազրույցներով ու հրապարակումներով հանդես եկան, նպաստեցին, որ Պողոս Պողոսյանի սպանության գործը, եթե նույնիսկ արդար դատավարությամբ չքննվի՝ գոնե ստանա հասարակական հնչեղություն: Ճիշտ է, բոլոր իրական մարդասպանները չբացահայտվեցին եւ չպատժվեցին, բայց այդ սպանությունը գոնե հասարակության կողմից ստացավ իր արժանի գնահատականը եւ հենց դա էր իրավապաշտպանների եւ լրագրողների աշխատանքի արդյունքը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել