Մյուս կյանքում նա հայ է լինելու Օրերս Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում «Մանկական եւ պատանեկան գրադարաններ» թեմայով կազմակերպվել էր եռօրյա կոնֆերանս, որն իրականացվեց Գյոթեի անվան ինստիտուտի թբիլիսյան մասնաճյուղի եւ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի նախաձեռնությամբ։ Կոնֆերանսի նշանակությունը իրենց ներկայությամբ ավելի էին կարեւորել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Վոլֆ Բարտելսը եւ ՀՀ մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը։ Կոնֆերանսին մասնակցում էին 30 գրադարանավարներ, որոնցից 10-ը Հայաստանի տարբեր մարզերից էին, իսկ մյուս 20-ը՝ մայրաքաղաքի մանկական եւ դպրոցական գրադարաններից։ Կոնֆերանսի ընթացքում իրենց զեկուցումներով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գրքեր բոլորի համար» ծրագրի ղեկավար Լիոնա Բեթթենը եւ Գյոթեի ինստիտուտի թբիլիսյան մասնաճյուղի տնօրեն Սիմոնա Բերտրամը։ Կոնֆերանսի կազմակերպման հիմնական նկատառումը աշխատանքային փորձի փոխանակումն էր։ Եվ անհասկանալի էր, թե ինչո՞ւ կոնֆերանսում զեկուցումներով հանդես գալու մենաշնորհը տրված էր միայն գերմանացի գործընկերներին։ Ինչպես նշեց Սիմոնա Բերտրամը, ինքը դրական ակնկալիքներով է հեռանում Հայաստանից։ Երեք օրվա ընթացքում հայ գործընկերների հետ աշխատում էին շատ հարմոնիկ միջավայրում։ Տիկին Բերտրամի խոսքերով, ինքը Երեւանում շատ քիչ գրադարաններում է եղել, բայց այդ գրադարանների աշխատանքային գործընթացում տեսել է գործնական ամուր հիմք, որի վրա կարելի է շարունակել կառուցումը եւ այդ գործը շարժման մեջ դնել՝ դրանում ավելի կարեւորելով գրադարանավարների դերը։ Նրա կարծիքով, գործի հզորությունը ուժերի միասնության մեջ է։ Սեմինարի կազմակերպիչների համոզմամբ, այն օգտակար եղավ երկու կողմերի մասնակիցների համար։ Իսկ տիկին Բեթթենը, որն առաջին անգամ էր լինում Հայաստանում, ջերմ տպավորություններով էր լքում կոնֆերանսի դահլիճը։ Նրա հավաստմամբ, այս կոնֆերանսը արդյունավետ էր երկուստեք, քանի որ հայ գրադարանավարների գործունեության մեջ կան հետաքրքիր տարրեր, որոնք անպայման կիրագործեն իրենց երկրում։ Վերջում ավելացնեմ, որ չնայած ազգությամբ գերմանացի Լիոնա Բեթթենի ազգայնապաշտության բարձր դրսեւորմանը, նա կամացուկ շշնջաց, որ մյուս կյանքում ինքն անպայման հայ է լինելու։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ