ՕԼԻՄՊԻԱԿԱՆ «ԲՐՈՆԶԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ Ուրախալի լուրն անմիջապես հասավ Հայաստան։ Սլովենիայի Բլեդ առողջարանային քաղաքում ավարտված շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որի կազմում հանդես էին գալիս Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը եւ Արտաշես Մինասյանը, նվաճեց բրոնզե մեդալը։ Մեր աղջիկների ընտրանին (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հլղաթյան, Լիլիթ Գալոյան) ընդհանուր հաշվարկով վաստակեցին 24.0 միավոր եւ բաժանեցին 13-17-րդ տեղերը, որը նույնպես լավ ցուցանիշ է։ Շախմատիստները լավ են հիշում 1992 թվականը, երբ մեր տղաների գրոսմայստերական թիմն առաջին անգամ Մանիլայում դարձավ օլիմպիադայի երրորդ մրցանակակիր։ Շախմատի սիրահարների շրջանում ոգեւորությունը շատ մեծ էր, բայց, ավաղ, այդ հիրավի աննախադեպ նվաճումը չարժանացավ պետության պատշաճ ուշադրությանն ու գնահատումին։ Հուսանք, որ այս անգամ այդպես չի լինի։ Մեր տղաների այս հաջողությունը կարեւորվում ու առանձին արժեք է ստանում նաեւ նրանով, որ Հայաստանի թիմում այս անգամ բացակայում էր ամենափորձառու խաղացողը՝ շախմատային արվեստագետ Ռաֆայել Վահանյանը։ Սերնդափոխությունն անխուսափելի է բոլորի համար։ Եվ ուրախալի է, որ մեր թիմում այն հաջող է ընթանում՝ ի դեմս երիտասարդ ու, արդեն կարելի է ասել, կայացած շախմատիստներ Կարեն Ասրյանի եւ Գաբրիել Սարգսյանի։ Նրանք երկուսն էլ Բլեդում «աշխատեցին» լրիվ ծանրաբեռնվածությամբ ու լիովին արդարացրին մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի վստահությունը։ Կարենը թիմին բերեց 7,5 միավոր՝ մասնակցելով 12 հանդիպման, իսկ Գաբրիելը 10 անգամ ներգրավվեց պայքարի ոլորտ ու վաստակեց 5,5 միավոր։ Ընդունենք, որ սա բարձր ցուցանիշ է աշխարհի ուժեղագույնների հետ պայքարում։ Դե, ինչ վերաբերում է Հակոբյանին ու Լպուտյանին, նրանք, ինչպես միշտ, հիացրին բոլորիս։ Բավարար են նաեւ Անաստասյանի ու Մինասյանի արդյունքները։ Մասնավորապես Աշոտը Սլովենիայում տարավ երեք հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ երկուսում պարտվեց։ Իսկ Արտաշեսի ցուցանիշն այսպիսին է. +2,=2,-2։ Ինչեւէ, տղամարդկանց պայքարում լավագույն հնգյակը կազմեցին. 1. Ռուսաստան՝ 38,5, 2. Հունգարիա՝ 37,5, 3. Հայաստան՝ 35,0, 4. Վրաստան՝ 34,0, 5. Չինաստան՝ 33,5։ Կանանց մրցակցությունում, ինչպես Ռուսաստանի տղամարդիկ, չինուհիները նույնպես պահպանեցին օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ