Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը չի համախմբում

Նոյեմբեր 12,2002 00:00

Մշակույթի նախարարությունը չի համախմբում «Արդեն թողարկվել է տասներկու երգից բաղկացած իմ նոր՝ «Վերադարձիր» ալբոմը, որի ստեղծման համար ծախսել եմ 4000 դոլար»,- ասում է երգչուհի Նաիրա Տեր-Կարապետյանը։ Այս երգչուհին ավարտել է Մոսկվայի Արվեստի վարպետների համառուսաստանյան բարձրագույն դպրոցը, վերադարձել է Երեւան, երգել Կոնստանտին Օրբելյանի պետական նվագախմբում։ Նաիրան նաեւ ջութակահար է, նրա դասատուն եղել է Յուրի Ավետիսյանը։ Անդրկովկասի ջութակահարների մրցույթի դափնեկիր է, նաեւ ռուսական հեռուստատեսության «Առավոտյան փոստ» ծրագրի հրավերով 1992-ին մասնակցել է «Յալթա-92» մրցույթ-փառատոնին։ Այս երգչուհին ճանաչված է արտերկրում։ Նա այն սակավաթիվ հայ արտիստներից է, որոնք գտնվում են ֆինանսապես ապահով վիճակում, բայց երգում է Արամուսի «Գետառ» համալիրում։ Իր իսկ հավաստմամբ, այնտեղ երգում է սոսկ երգելու եւ աշխատանքային եռուզեռի մեջ լինելու համար։ Մեղադրում է այն մարդկանց, ովքեր գիշերային ակումբների երգիչ-երգչուհիներին «պոզ ու պոչ» են կպցնում, համարում են անվայել արարք, մինչդեռ «այդ ասողները թող ֆինանսավորեն երգիչներին, միշտ էլ քննադատելն ավելի հեշտ է»։ Ն. Տեր-Կարապետյանն ավելացրեց նաեւ, որ «երգիչները պետությունից ոչ մի աջակցություն չեն ստանում, երբ ես «նեղված» եմ լինում, ինձ իմ ընկերներն են օգնում, քանզի մեր հայ բիզնեսմենները պատրաստ են իրենց գումարները ներդնել ռուսական աստղերին հրավիրելու արդեն հաջողված գործի մեջ, պատճառն այն է, որ հարեւանի հարսը միշտ էլ ավելի սիրուն է»։ Մոտ երեք տարի առաջ կայացած մենահամերգի վրա Նաիրա Տեր-Կարապետյանը ծախսել է 3000 դոլար, մնացել է միայն հիշողությունը, քանզի եկամուտի մասին, նրա հավաստմամբ, խոսք անգամ լինել չի կարող։ Առաջիկայում երգչուհին նոր մենահամերգ տալու մտադրություն չունի, պատճառն այն է, որ մոտ երկու տարի հետո լրանալու է նրա բեմական գործունեության քսանամյակը, որը երգչուհին տոնելու է մեծ շուքով, մուտքն էլ լինելու է անվճար։ Այդ համերգից հետո նա մեկնելու է Սան-Ֆրանցիսկո՝ մշտական բնակության։ Երգչուհին ցավով խոսեց վերջերս ձեւավորվող Բելգիայի հայ համայնքի մասին։ Նրան շատ է մտահոգում, թե ինչպես է լինելու այս երկրում ապրող երիտասարդության ապագան։ Ըստ երգչուհու, «ներկա բարքերի հետեւանքով է, որ երիտասարդության մի մասը չի հետաքրքրվում թատրոնով, գրականությամբ», այնուհետեւ քմծիծաղով ավելացրեց. «Զարմանալի չէ, որ երիտասարդը զանգում է Հ. Ղափլանյանի անվան թատրոն եւ խնդրում հենց Ղափլանյանին»։ Ահա թե ինչպիսին է ներկա իրավիճակը, յուրաքանչյուր անձ, այդ թվում եւ երգիչը, ամեն ինչ անում է մենակ, անգամ մշակույթի նախարարությունն է «լվացել ձեռքերը ու քաշվել մի կողմ», թեեւ այս վերջին տարիներին այն երբեք էլ արվեստագետներին համախմբող օղակ չի եղել։ Իսկ Նաիրա Տեր-Կարապետյանի «կուսակցությունը իր արվեստն է» եւ իր իսկ խոսքերով՝ «երգիչների, եւ ընդհանրապես արվեստագետների կողքին են միայն ու միայն լրագրողները»։ Երգչուհին վերջերս նկարահանվել է «Ես աղջիկ եմ, դու՝ տղա» երգի տեսահոլովակում։ Շուտով կսկսվեն նաեւ «Աշնանային մեղեդի» երգի հիման վրա նկարահանվող տեսահոլովակի աշխատանքները։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել