Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՃԱՄՓԱՆ Է ՊԱՀՈՒՄ ԱՊԱՐԱՆԸ

Նոյեմբեր 12,2002 00:00

ՄԵՐ ՃԱՄՓԱՆ Է ՊԱՀՈՒՄ ԱՊԱՐԱՆԸ Նոյեմբերի 9-ին կայացավ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության թվով 3-րդ, իսկ վերագրանցումից հետո՝ 1-ին համագումարը։ Պատվավոր հյուրերի թվից համագումարը չէր «նեղվում». ներկա էին կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ակադեմիկոսներ։ Պակաս ներկայացուցչական չէր նաեւ համագումարի պատգամավորական կազմը՝ ծագումով ապարանցիներ են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ԱԺ 12 պատգամավորներ, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, բժիշկներ։ Այսօր Ապարանից կամ պատմական Նիգ գավառից դուրս ապրում է 250 հազար ապարանցի, երբ բուն Ապարանում նրանց թիվն ընդամենը 40 հազար է։ Բայց որտեղ էլ ապրեն՝ Երեւանում, թե Մայամիում, նրանք ավանդաբար ու շարունակական մնում են իրենց հող ու ջրին, կենցաղին ու սովորույթներին հավատարիմ։ «Ապարանցու հարսանիքին էս համագումարից շատ մարդ է հավաքվում»,- ասաց «սրսուռ ապարանցի» (իր արտահայտությունն է) Լյովա Եղիազարյանը։ Այս համագումարում միությունն անելիքներ շատ ուներ՝ պետք էր վերագրանցումից հետո փոփոխություններ մտցնել կանոնադրության մեջ, ընտրել ղեկավար կազմ, ճշտել կազմակերպության առաջիկա խնդիրներն ու անելիքները։ Բայց հավաքի ընթացքում մեծ տեղ հատկացվեց ելույթներին ու ողջույնի խոսքերին։ Ամենայն հայոց կաթողիկոսի անունից պատգամ հղեց Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ սրբազանը, իր խոսքով ասած՝ բերելով «հաղորդակցության ոգին Աստծո, սուրբ Էջմիածնի եւ ապարանցիների միջեւ»։ Սրբազանի օրհնանքի խոսքը լցված էր սիրով ու ջերմությամբ, եւ պատճառն այն չէր, որ նրա մայրն էլ է ապարանցի։ «Եթե Վասպուրականի խորհրդանիշը արծիվն է, ապարանցիներինը պետք է առյուծը լինի, քանի որ այն խորհրդանշում է քաջություն, արիություն եւ իշխանական կեցվածք,- ասաց սրբազանն ու շարունակեց զորավար Դրոյի խոսքերով,- մենք չունենք ոսկի, իսկ այսօրվա բառերով՝ նավթ եւ գազ, բայց օժտված ենք մարդկային հարուստ արժանիքներով՝ վեհապանծությամբ, հպարտությամբ, ներողամտությամբ ու լայնասրտությամբ, եւ, ինչու չէ, նաեւ՝ աստվածային շնորհներով»։ Նկատի ունենալով ապարանցիների համախմբվածությունն ու միասնականությունը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը ցավով նշեց, որ «դարեր շարունակ չենք կարողանում էություն ու բովանդակություն տալ համախմբվածություն կոչվող գաղափարին»։ Բոլոր նրանց համար, ովքեր քիչ էին տեղյակ պատմական Նիգ գավառի (որի մի մասն է եղել Ապարանի տարածքը) նկարագրին, պատմական էքսկուրս կազմակերպեց գնդապետ, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը. «Նիգ գավառն ընդգրկել է Բջնիից Սեւանա լիճ ընկած տարածքը՝ շուրջ 1200 քառ. կմ, պեղումներով հայտնաբերվել են 1 մլն տարվա պատմություն ունեցող իրեր»։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը, ի մի բերելով համագումարի նախապատրաստական աշխատանքների տվյալները, ներկայացրեց այն հիմնական ուղղություններն ու խնդիրները, որոնք պետք է դառնան «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գլխավոր անելիքը մոտ ապագայում։ Անշուշտ, նրանք շատ են եւ ընդգրկում են տարածաշրջանի զարգացման բոլոր բնագավառները՝ առողջապահություն, կրթություն, մշակույթ, պատմական արժեքների եւ տնտեսության վերականգնում։ Մի խոսքով՝ ամեն ինչ, բացի քաղաքականությունից։ «Հայրենակցական միությունը քաղաքական գործառույթներ չպետք է իրականացնի, կազմակերպության ներսում քաղաքական գործունեությունը կջլատի, կկազմալուծի նրա աշխատանքները, ձեռնարկված միջոցառումները կդառնան անարդյունավետ»,- նշեց Աղվան Հովսեփյանը։ Նա կոչ արեց «կանխել նման ցանկացած քայլ, քանի որ դատապարտված է ա՛յն հայրենակցական միությունը, որն իր հիմնական խնդիրների մեջ կներառի նաեւ քաղաքականը»։ «Ապարանցու ամենամեծ ունեցվածքը նրա զավակներն են ու հողը» կարգախոսով գլխավոր դատախազի տեղակալը կոչ արեց 200-ից ավելի ապարանցի գործարարներին ակտիվ մասնակցություն դրսեւորել հայրենակցական միության մշակած բազմաբնույթ ծրագրերին։ «Միշտ հիշեք, որ մեր ճամփան է պահում Ապարանը, մեր ճամփան է պահում ապարանցին»,- իր ելույթն ավարտեց Աղվան Հովսեփյանը։ Ի դեպ, համագումարի ընտրությունների ժամանակ նա ընտրվեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ։ Նշենք, որ պատվավոր նախագահը որոշակի դեր չի խաղում միության ծրագրային գործառույթներում։ Իսկ միության նախագահ միաձայն ընտրվեց «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը։ Հիշատակվեց միության աշխատանքներին մինչ այդ ունեցած նրա ակտիվ մասնակցությունը, բարեգործական եւ այլ բնույթի լայնածավալ գործունեությունը։ Որպես օրինակ նշենք միության «Հայրենի ակունք» թերթը, որը տպագրվում եւ տարածվում է Վրեժ Մարկոսյանի հովանավորությամբ։ Համագումարն ընտրեց նաեւ կազմակերպության նախագահի 3 տեղակալ՝ Արծրուն Խաչատրյանին (Աջափնյակի թաղապետ), Ռազմիկ Պետրոսյանին (Ապարանի քաղաքապետ) եւ Տիգրան Պետրոսյանին (պատմաբան)։ Համագումարի պատգամավորներն ընտրեցին նաեւ ղեկավար խորհուրդ, որի պարտադիր կազմում էին ԱԺ բոլոր ապարանցի պատգամավորները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել