Հակառակորդի փեթակո՞ւմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց թուրքագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մուրադ Բոջոլյանը շարունակեց ցուցմունքներ տալ, մասնավորապես անդրադառնալով այս տարվա հունվարին իր ձերբակալությանը (Բագրատաշենում)։ Քննության առաջին իսկ վայրկյաններից, ըստ ամբաստանյալի, պարզ էր դարձել, որ ինքը մեղադրվելու է 1993 թվականից թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու, նրանց զանազան նյութեր տրամադրելու մեջ։ Նախկին հետախույզը այդ իսկ պատճառով դիմելով մեղադրողներին, պահանջում էր ներկայացնել «ապացույցները հաստատող փաստաթղթեր, վկաներ եւ հեռախոսային գաղտնալսման մեջ այդ ամենը վկայող որոշակի փաստեր»։ Նա գտնում էր, որ այն թերթերը ու նշումները, որոնք առգրավվել են, հետագայում դրվել քրգործի հիմքում, դրանք տեղեկություններ են, որոնք տպագրված են Հայաստանի մամուլում։ Նա ակնարկում էր այն, որ հրապարակված նյութերում չի եղել որեւէ տիպի գաղտնիք եւ դարձյալ պահանջում էր մատնանշել, թե ինչ ռազմական, պետական գաղտնիք են պարունակում նյութերը եւ հրապարակել այն։ Ի դեպ, այդ գաղտնիքների տրամադրման դիմաց, մեղադրականում նշված էր, որ նա վճարվել է։ Չհամաձայնելով մեղադրականի այդ հատվածի հետ, նա հարցնում էր. «Արդյոք բավարա՞ր է 300 դոլարը հակառակորդի ճամբարում հայտնվելու համար եւ մի՞թե ինձ նման համոզված հայրենասերին գործակալ դարձնելը համոզեցուցիչ է»։ Իր նկատմամբ հարուցված գործը նա համարեց բամբասանքների հիման վրա սարքված գործ։ Նա ասաց, որ ինքնազրպարտիչ ցուցմունքներ է տվել, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. թե ինչպես ԱԱՆ աշխատակիցները փորձել են դուռը ջարդել, թե ինչպես էր անհրաժեշտ ապահովել իր կնոջ ազատումը ԱԱՆ-ից եւ վերադարձը տուն եւ այլն։ Նա ասաց, որ քննիչը ի սկզբանե մեղադրելով իրեն չնչին գումարներով հայրենիքը դավաճանելու մեջ, հատուկ շեշտել էր, որ իրեն կարող է փրկել հանրապետության նախագահը, եթե ինքն օգնի քննությանը՝ բացահայտելով թուրք գործակալների… փեթակը Հայաստանում։ Այնուամենայնիվ, նրան հետաքրքրում էր, թե ինչու ինքը բացառություն չկազմեց, թե ինչու թերթերում սկսեցին տպագրվել նյութեր «Լեւոն Տեր-Պետրոսյանի բանագնացը՝ թուրքական լրտես» վերնագրով։ Նա շեշտեց, որ հավանաբար ընտրությունների նախօրյակին նախկիններին հարված հասցնելու նպատակ է հետապնդում։ Այնուամենայնիվ, լինելով նախկին հետախույզ, մի ուշագրավ հայտարարություն արեց Մուրադ Բոջոլյանը. «Հրաժարվեցի պետական պաշտպանից եւ սկսեցի շարադրել նախապես մշակածս տարբերակը (ինքնազրպարտիչ ցուցմունքների հետ կապված)։ Այն ավելի հավաստի դարձնելու համար՝ կապելով իրական դեմքերի եւ դեպքերի հետ։ Օգտագործեցի հետախուզական գիտելիքներս եւ աշխատանքային մեխանիզմը։ Ես չէի ուզում, որ գործը հրապարակայնություն ստանա, հույս ունեի, որ ամեն ինչ կկարգավորվի ներքին կարգով եւ այն դատարան չի հասնի»։ Նախկին հետախույզը հպարտությամբ շեշտեց, որ լինելով ԽՍՀՄ-ի, հետեւաբար Հայաստանի շահերին ծառայող, ինքը հպարտանում է դրանով։ Նա հռետորական հարցով դիմեց, մեր տպավորությամբ, ամենաուրախ մեղադրողներին՝ Ավագ Ավագյանին եւ Արամ Ամիրզադյանին. «Մի՞թե ԽՍՀՄ հետախույզ լինելը ներկայումս հանցանք է համարվում, որ այդ փաստը մտցվել է ոչ միայն մեղադրականի մեջ, այլ հրապարակայնացվել՝ հարցականի տակ դնելով իմ հետագա մասնագիտական գործունեությունը եւ սահմանափակել տեղաշարժվելուս ազատությունը»։ Մ. Բոջոլյանը դրվագ առ դրվագ անդրադարձավ մեղադրականին, համաձայն չլինելով նաեւ իրեն մեղսագրված «տարբեր երկրների հետախուզական ծառայությունների հմուտ գործակալ» բնորոշման հետ։ Կոնկրետ փաստեր էր նա պահանջում, նաեւ այն, թե ինչ է պարզվել այդ փաստերով եւ նաեւ ի՞նչ կապ ունի այն, որ ինքը եղել է խորհրդային տարիների հատուկ պատրաստվածություն անցած մեկը… Ռ. Մ.