ԻԼՅԻՉԸ ՉԿԱ, ԲԱՅՑ ՆՐԱ ԳՈՐԾՆ ԱՆՄԱՀ Է Ուղիղ 20 տարի առաջ՝ 1982 թվականի նոյեմբերի 10-ին իր մահկանացուն կնքեց Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը։ Անցած 10 տարվա փորձությունների լույսի տակ Բրեժնեւի ժամանակի վերաբերյալ (որը «լճացում» էին կոչում) կարծիքները զգալիորեն փոխվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ ԱՊՀ մի շարք երկրներում։ Սոցիալական կատակլիզմների եւ պատերազմների ֆոնի վրա «լճացումն» այսօր ոմանց աչքին գրեթե Աստծո պարգեւ է երեւում։ Եվ դրա մեջ ճշմարտության հատիկ կա. ստեղծվել էր մի համակարգ, որի մեջ ամեն ինչ կանխատեսելի էր։ Ասենք, ավարտում ես բուհը, եթե ուզում ես առաջ գնալ, դառնում ես ԽՄԿԿ անդամ, ընդունվում ես աշխատանքի, սպասում ես մինչեւ բաժնի վարիչդ մահանա՝ զբաղեցնում ես նրա պաշտոնը եւ այլն։ Հիմա այդ կանխատեսելիությունը չկա։ Տպում ես, օրինակ, թերթ, եւ չգիտես, թե վաղը ամբողջ տպաքանակդ ով կգողանա։ Բրեժնեւյան ժամանակների՝ ինձ համար ամենահիշվող հատկանիշներն էին գիշերային «համարակալված» հերթերը Նոր տարվա մսի համար, անեկդոտները Քաղբյուրոյի զառամյալ անդամների մասին եւ անվերջ-անսահման քծնանքը գենսեկի հասցեին։ Ի դեպ, բրեժնեւյան շրջանի Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերը՝ Անտոն Քոչինյանը եւ Կարեն Դեմիրճյանը այդ առումով շատ զուսպ եւ արժանապատիվ կեցվածք էին դրսեւորում։ Դա բացատրվում է ոչ միայն նրանց անձնական արժանիքներով, այլեւ մեր ժողովրդի առանձնահատկություններով, որի արժանավոր զավակներն էին նրանք։ Չենք սիրում մենք քաղցր, ճոխ, արեւելյան-ասիական հաճոյախոսություններ։ Ավաղ, Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ իսկապես գնահատելի ազգային ավանդույթը արհեստականորեն խախտվում է։ Այսօրվա իշխող պետական-քաղաքական վերնախավը այնպիսի հաճոյախոսություններ է շռայլում նախագահի հասցեին, որոնցից նույնիսկ Բրեժնեւը կկարմրեր։ Նախագահի այցերը շրջաններ վեր են ածվում պալատական պնակալեզության շոուների։ Իսկ մյուս տարվանից դպրոցներին պարտադրելու են պատերին փակցնել Քոչարյանի նկարները։ Ինչպես Սադամ Հուսեյնի կամ Հաֆես Ասադի։ Այդ առումով Բրեժնեւի ժամանակները Հայաստանում կարծես թե վերադառնում են։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ