Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՑ.ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԳՈՀ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Նոյեմբեր 12,2002 00:00

«ՍՈՑ.ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԳՈՀ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ «Սոցիալիստական Հայաստան» միավորման լրատվության ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցայի հանդիպումը «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտաքին եւ ներքին քաղաքական մի շարք հարցեր: Հանդիպման հայ մասնակիցները խնդրեցին պրն դեսպանին Իտալիայի կառավարությանը եւ ժողովրդին փոխանցել իրենց՝ աղետալի երկրաշարժ վերապրած ժողովրդի ներկայացուցիչների, խոր ցավակցությունը վերջերս Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Նրանք հատուկ նշեցին, որ հայերը մինչ այսօր էլ հիշում են այն մեծ օգնությունը, որը Իտալիան՝ Գերմանիայի հետ մեկտեղ, ցուցաբերեց հայ ժողովրդին 88-ի դեկտեմբերին, ինչը չէր կարող չառաջացնել պրն Տրաբալցայի գոհունակությունը: Հաշվի առնելով, որ Եվրոպայի լուրջ դերակատարումը ղարաբաղյան հարցի լուծման ընթացքում ոչ հազվադեպ ստվերում է որոշ երկրների կայսերական նկրտումները, տարածաշրջանի խաղաղության իրականացման խնդիրը այս կամ այն տիրության ազգային շահերին ենթարկելու դրսեւորումները, քաղխորհրդի անդամները առավել կարեւորեցին Իտալիայի խիստ հավասարակշիռ եւ անկողմնակալ կեցվածքը այդ հարցում: Դրանով է պայմանավորված Միավորման այն դիրքորոշումը, որի համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում վերոնշված թերացումներից չխուսափած Ֆրանսիային պետք է փոխարինի Իտալիան, որի ակտիվ եւ անշահախնդիր արտաքին քաղաքականությունը լավագույն նախադրյալն է արդյունավետ աշխատանքի համար: Ողջունելով եվրոպական ինտեգրացիայի գաղափարը տարածաշրջանում, «Սոցիալիստական Հայաստան»-ի ներկայացուցիչները միեւույն ժամանակ պրն Տրաբալցայի ուշադրությունը հրավիրեցին այդ գործընթացում տեղ գտած բացասական երեւույթների վրա, այն է՝ ազգային առանձնահատկությունների, տարբեր խնդիրների լուծման ընթացքում առաջացած կոնկրետ հանգամանքների անտեսումը. Եվրոպայի հետ մերձեցումը ենթադրում է, ըստ նրանց, բազմապիսի ճանապարհներ, քայլերի տարբեր հերթականություն: Մյուս կողմից, Միավորման մասնակիցներն անընդունելի են համարում նաեւ եվրոպական կառույցներին բնորոշ «ավագ եղբոր» դրսեւորումները, ինչի արդյունքում անտեսվում եւ մերժվում է եվրոպական ընտանիք մուտք գործող երկրների եւ ժողովուրդների կողմից սեփական արժեքների ներդրումը, նոր Եվրոպայի ձեւավորման գործում նրանց յուրովի մասնակցությունը: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ բացառվում է անգամ միտքն այն մասին, որ Եվրոպայի համար էական արժեքներ կարող են ներկայացնել հենց իրենք՝ նոր անդամակցող երկրներն ու ժողովուրդները: Այս ամենը հարվածում է ինտեգրացիայի գործին, արժեզրկում է այն տարածաշրջանի ժողովուրդների համար: Դրա հետ մեկտեղ ինտեգրացիոն գործընթացը, միավորման ներկայացուցիչների գնահատականով, ոչ միայն խիստ կարեւոր աշխարհաքաղաքական երեւույթ է, այլ նաեւ՝ տարածաշրջանի կոնֆլիկտների լուծման լրջագույն գործոն: Եվրոպայի այն գաղափարը, որ պայմանական սահմաններով Կովկասի ձեւավորումը լավագույն ճանապարհն է նաեւ ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործում՝ համահունչ է «Սոց. Հայաստան»-ի հայացքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել