Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հնարքներ

Նոյեմբեր 12,2002 00:00

Նոր հնարքներ Գործադրում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը Արդյոք օրենսդրությամբ նախատեսվո՞ւմ է, թե Ազգային հանձնաժողովը կարող է եւ չընդունել կապուղիների մրցույթի մասնակցի դիմումը, ինչպես վարվեց այդ հանձնաժողովը «Նոյյան տապան» հեռուստաընկերության հետ. մեր այս հարցին ի պատասխան՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ո՛չ, նման բան նախատեսված չէ օրենքով: Եվ այս պարագայում, հակառակը՝ չնշելով այն կապուղին, որի համար հայտ է ներկայացնում՝ «Նոյյան տապանը» վարվել է համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի, իսկ Ազգային հանձնաժողովը՝ հակառակ օրենքի պահանջների: Սա ոչ իրավական պետությանը բնորոշ հերթական արտահայտություն է»: Ի դեպ, միաժամանակ 4 կապուղիների համար «Ա1+»-ի ներկայացրած հայտերի կապակցությամբ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը Հանրային հեռուստատեսության եթերից հայտարարեց, որ եթե նա այդ 4 մրցույթներում էլ հաղթի՝ միայն մեկ կապուղին կօգտագործի, իսկ մնացածների եթերը կմնա դատարկ: Շա՜տ հուզիչ էր հոգատարության այդ արտահայտությունը մի մարդու կողմից, որը նախորդ մրցույթում հեշտությամբ եթերից զրկել էր մի քանի գործող հեռուստաընկերությունների: Այս անգամ նա հնարավոր է համարում, որ «Ա1+»-ը միաժամանակ բոլոր մրցույթներում կարող է հաղթե՞լ. մինչդեռ հենց ինքն էր ապրիլի 2-ին հպարտորեն վեր պարզել «Ա1+»-ին նշանակված «1» թվանշանը: Իսկ հիմա փորձում է հասարակական բացասական կարծիք ձեւավորել «Ա1+»-ի դեմ՝ նախապես ազդարարելով, թե այն կարող է պատճառ դառնալ, որ եթերից միաժամանակ զրկվեն «Երեւանը», «ԱրմենԱկոբը», «TV 5»-ը ու «Myz TV»-ն: Ի դեպ ասած, այդ շա՜տ խիստ տեսական տարբերակի իրականացման դեպքում անգամ նրանք էլի կկարողանան մնալ եթերում, ինչպես դա արեցին, օրինակ, նախորդ մրցույթում պարտված «Յան ԹիՎի»-ն ու «Ավետիսը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել