«ԳԱՄՓՌ ՇՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑԻՑ ՍԵՐԱԾ ԼԱԿՈՏՆԵՐԸ» Հայաստանի Դեմոկրատական կուսակցության 5-րդ համագումարում շաբաթ օրը հնչած ելույթներից կարելի էր տպավորություն ստանալ, թե Հայաստանում իշխող կուսակցությունը 1998-ից հետո էլ դեռեւս շարունակում է մնալ ՀՀՇ-ն: Առաջին գիշերվա իրավունքը Հայտնի է, որ Դեմկուսը Կոմունիստական կուսակցության հենքի վրա ստեղծված կուսակցություն է: Եվ 300-ից ավելի պատգամավորներ ունեցող այս համագումարից դատելով՝ ՀԴԿ-ում իրենց կայուն տեղն ունեն վատ թաքցրած կարոտը խորհրդային անցյալի հանդեպ, ատելությունը՝ ՀՀՇ-ի, որ խախտեց նախկին «հովվերգական» պատկերը, եւ հավատարմությունը Ռուսաստանի հանդեպ: Նշենք օրինակ, որ այս կուսակցության պատկերացմամբ՝ այլ պետությունների հետ մեր երկիրը հարաբերություններ պիտի հաստատի այնքանով, «որքանով դրանք նպաստում են Հայաստանի ու Ռուսաստանի զարգացմանը»: Իսկ ՀԴԿ նախագահության անդամ Հակոբ Հակոբյանը, որ ներկայացնում էր կուսակցության ծրագիրը, հայտարարեց. «Մեզ երբեք չի կարելի գայթակղել եվրոպականությամբ, Եվրամիությամբ: Վերջիվերջո, գիտենք, թե ինչ է Եվրոպան: Ես պատմաբան եմ եւ կարող եմ ձեզ ասել, դա այն մայրցամաքն է, որտեղ տեղի են ունեցել երկու ամենաարյունալի ճակատամարտերը…Այնտեղ է ծնվել այնպիսի վայրագ սովորություն, ինչպիսին «առաջին գիշերվա իրավունքն է»: Մեր հարցին, թե ՀԴԿ-ն հակաեվրոպական կուսակցությո՞ւն է, քանի որ այդ աշխարհամասում միջնադարում նման «վայրագ» սովորություններ են եղել, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Հակոբ Հակոբյանն ուղղակի հիշեցնում էր, որ Եվրոպայում է ծնվել նաեւ այս ամենը: Մենք, իհարկե, ունենք եվրոպական կառույցներում ներգրավվելու կարիքը, բայց այն կառույցների, որոնք անհրաժեշտ են մեզ, համապատասխանում են մեր պետական եւ ազգային շահերին»: Իներցիայի ուժով «Խորհրդային կարգերի կազմալուծումից հետո հոտը մնաց նույնը, չոբանը փոխվեց, որը, պարզվեց՝ շվի նվագել չի սիրում, շղթայազերծ գամփռ շներին է վստահել հոտը հսկելու ու հնազանդ պահելու գործը: Ի՞նչ ստացանք արդյունքում՝ ձեզ բոլորիդ քաջ հայտնի է: Թող կոպիտ չհնչի, եթե ասենք, որ այս տարիների ընթացքում մեզ չհաջողվեց ձերբազատվել հենց գամփռ շներից ու նրանցից սերած լակոտներից»,- Արամ Սարգսյանի քաղաքական զեկուցման այս տողերը կարծես թելադրեցին հետագա ելույթների հիմնական գլխավոր թեման: Ասենք, նույն Հակոբ Հակոբյանն առնվազն մի 10 անգամ տվեց ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Իսկ ՀԴԿ նախագահության մեկ այլ անդամ՝ Արմեն Հովսեփյանը, հհշականների հասցեին ինչ ասես չասաց՝ է՛լ «պնդաճակատներ», է՛լ «իշխանության եկած օխլոս»՝ վերջին բառի բացատրությունը ներկայացնելով որպես «թափառական անտեր շներ», է՛լ «քաղաքագիտորեն եւ տնտեսագիտորեն տգետներ»: Մեր դիտարկմանը, թե համագումարում նախկինների հասցեին քննադատությունն ավելի շեշտակի էր, քան ներկաների մասին ասվածը, ՀԴԿ նախագահը կտրականապես չհամաձայնեց. «Մեզ համար ե՛ւ նախորդ, ե՛ւ ներկայիս վարչակարգը նույնն են, որովհետեւ ներկաները դարձել են նրանց օրգանական շարունակությունը: Նախորդների հետ մենք գաղափարական տարաձայնություններ ունենք, իսկ ներկա վարչակարգի տնտեսական, քաղաքական, ներքին եւ արտաքին կուրսն ենք համարում անընդունելի»: Իհարկե, համագումարում հնչեց նաեւ ներկա իշխանությունների քննադատություն: Ասենք, հիշատակվեց «Առավոտի» դղյակաշարը՝ որպես կոռուպցիայի ապացույց, աղքատությունն ու մուրացկանությունը հայտարարվեց մեր ազգային ամոթը եւ խայտառակությունը (թեեւ դրանք միայն մեր ազգին չէ, որ հատուկ են), հիշեցին, որ աղջիկների մի զգալի մասը չի ամուսնանում (այս փաստարկը հնչել էր նաեւ ՀԺԿ համագումարում) ու վերջապես՝ Առնո Բաբաջանյանի արձանը նշեցին որպես Ռոբերտ Քոչարյանի ճաշակի բացակայության դրսեւորում: Այս բոլոր արատներից ձերբազատվելու ձեւը Արամ Սարգսյանը նաեւ սա համարեց. «ՀՀՇ-ից ժառանգված ու նրա ռեժիմի ապամոնտաժում եւ արմատական փոփոխություն»: Դաշնակիցները համամիտ են ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը ՀԴԿ-ն անվանեց իրենց բնական դաշնակիցը, քանի որ «նույնն են քննադատության թիրախները, պայքարի ուղղությունը եւ նպատակները»: Բնականաբար, նույնը նշեց եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որն առաջին անգամ էր ողջույնի խոսք ասում 16-ին մաս կազմող կուսակցության համագումարում. «Մենք Դեմոկրատական կուսակցության հետ ավանդաբար ունենք ձեւավորված համագործակցություն: Անկախ այն բանից, թե տվյալ պահին որ դիրքերում կլինենք՝ այդ համագործակցությունը լինելու է, կա»: «Մի պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. 16 կուսակցություններով բոլորն իրենց թեկնածությունները դնում են, եւ բոլորս իրար ողջունում ենք եւ բոլորս խոսում ենք միասնության մասին,- նշեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:- Առաջին հայացքից՝ դրա մեջ մի տարօրինակություն կա, բայց կարծում եմ, որ ընթացքը ճիշտ է: Այն հարցերը, որ բոլորիս հուզում են՝ միասնական են: Ես կարծում եմ՝ ուշ, թե շուտ՝ այդ միասնությունը տեղի կունենա»: Իսկ «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանն իր ելույթում առաջարկեց նախաձեռնել 16-ի մի ընդհանուր համաժողով, որտեղ էլ կփորձեն համաձայնության գալ միասնական թեկնածուի առաջադրման վերաբերյալ: 16-ից 3-րդը Իսկ մինչ այդ՝ Արամ Սարգսյանն էլ, որն իր ելույթում ասել էր. «Մենք պարտավոր ենք մի կողմ դնել մեր սեփական, շատ անգամ՝ սուբյեկտին չհամապատասխանող հավակնությունները եւ ժողովրդին ներկայանալ վստահության հավատ ներշնչող անհատականություններով»՝ նույնպես առաջադրվեց նախագահի թեկնածու: Ճիշտ է, ի տարբերություն Արտաշես Գեղամյանի եւ Ստեփան Դեմիրճանի՝ ՀԴԿ համագումարը որոշում ընդունեց լիազորել Արամ Սարգսյանին «դաշինքի կազմում բանակցություններ վարել միասնական թեկնածուին որոշելու համար»: Ի դեպ, մենք 16-ի կազմից առաջադրված նախագահների թեկնածուներից երեքին ենք նշում, թեեւ կա նաեւ չորրորդը՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորման առաջադրած Գառնիկ Մարգարյանը: Սա պատճառ դարձավ, որ ՀԴԿ-ն սառեցնի իր անդամակցությունն այդ միավորմանը, եւ համագումարն էլ հաստատեց այդ որոշումը: Դրա վերաբերյալ քննարկումներն ընթացան արդեն առանց լրագրողների՝ համագումարի փակ նիստում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ