Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՂԹԱՆՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Նոյեմբեր 12,2002 00:00

ՄԱՂԹԱՆՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀՀ նախագահի երբեմնի թեկնածու Սոս Սարգսյանի բախտին չարժանանաս ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումների «Top Ten»-ի մասին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ Դեմկուսի համագումարում հայտնած տեսակետը դիպուկ էր. խոսում են միասնական թեկնածուի միասին ու շարունակում սեփական թեկնածու առաջադրել: Իհարկե, պետք է ակնկալել, որ ԱԺՄ համագումարն էլ կառաջադրի Վ.Մանուկյանի, «Սպայի պատիվը»՝ Գառնիկ Մարգարյանի, «Սոց.Հայաստանը»՝ Էդուարդ Սիմոնյանցի, ՍԻՄ-ը՝ Արամ Կարապետյանի թեկնածությունը, եւ այսպես շարունակ: Ընդդիմադիր կուսակցություններից «Ազգային միաբանությունը», ՀԺԿ-ն եւ Դեմկուսն առանձին-առանձին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեցին իրենց առաջնորդներին, եւ դրա հիմքում ընկած էր, թերեւս, ոչ թե Ա.Գեղամյանի, Ստ.Դեմիրճյանի կամ Արամ Սարգսյանի ընտրվելու հավանականության հաշվարկը, այլ՝ խանդն ու հիշյալ առաջնորդների անձնական ամբիցիաները՝ մենք մյուսներից ի՞նչ պակաս ենք, որ թեկնածու չառաջադրենք եւ այլն: Հստակ է, որ արդեն առաջադրված թեկնածուներն ու նրանց աջակցողները դժվար են համակերպվելու իրենց առաջադրած թեկնածուին հանուն «միասնականի» «զոհաբերելու» հեռանկարի հետ: Դժվար է պատկերացնել, որ Ա.Գեղամյանն իր տեղը կզիջի Ստ.Դեմիրճյանին եւ հակառակը: Միաժամանակ հայտնի երեք թեկնածուներն առանձին-առանձին, գոնե այսօր, ընտրվելու համար բավարար վարկանիշ ու ռեսուրս չունեն եւ գործող նախագահի առաջադրման դեպքում՝ վերջինիս հետ մրցակցությունում դատապարտված են լինելու: Եթե «16»-ը միասնական թեկնածուի շուրջ համաձայնության չգա, իսկ այդպիսի մտավախություն կա, որեւէ մեկը՝ լինի Գեղամյան կամ Դեմիրճյան, գործող նախագահին հաղթելու գործնական հնարավորություններ գրեթե չունի՝ նկատի ունենալով 98-ի դառը փորձը: Չենք կարծում, թե նրանցից որեւէ մեկն ավելի մեծ հեղինակություն եւ հասարակական աջակցություն ունի, քան ուներ Կ.Դեմիրճյանը: Բայց նույնիսկ վերջինիս ակնհայտ հաղթանակի դեպքում, նախագահ դարձավ իշխանական եւ պետական լծակներին տիրապետող Ռ.Քոչարյանը: Որ այդպես է լինելու նաեւ 2003-ին, ցավոք, կանխատեսելի է: Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա նաեւ «Հանրապետություն» կուսակցության համագումարը: Ընդ որում, սա «16»-ի շրջանակներում, թերեւս, միակ ուժն է, որ մինչ օրս գործնականում զերծ է մնացել ամբիցիաներից: Այդ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը մի առիթով արդեն հայտարարել է, թե, իր կարծիքով, ինքը ՀՀ նախագահի ամենահարմար թեկնածուն չէ, թեեւ, արդար լինելու համար պետք է արձանագրել, որ վերջինս ո՛չ իր անձնային հատկանիշներով, ո՛չ մտավոր կարողություններով, ո՛չ վարկանիշով, կամ՝ այլկերպ, ամենեւին չի զիջում արդեն հայտնի թեկնածուներին եւ միանգամայն հանգիստ խղճով կարող է նաեւ նախագահի թեկնածու առաջադրվել, ինչի միտումն այդ կուսակցությունում կա: Բայց ահա սա է, որ չենք մաղթում Ա.Սարգսյանին, որովհետեւ դա միայն կվտանգի նրա հեղինակությունն ու քաղաքական կուտակած կապիտալը, որը դեռ անհրաժեշտ է լինելու առաջիկայում, նաեւ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դիտորդների կարծիքով, Ա.Սարգսյանը հեռանկարային գործչի համբավ ու դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ ունի: Ուստի, պետք է հաշվարկել. եթե Ա.Սարգսյանը «16»-ի շրջանակներում միասնական թեկնածու դառնալու շանսեր չունի՝ նկատի ունենալով արդեն առաջադրվածների ամբիցիաները, իսկ որպես առանձին թեկնածու՝ դարձյալ վերը նշված պատճառաբանությամբ, առավել եւս նախագահ ընտրվելու ռեալ հնարավորություններ չունի, ճիշտ այնպես, ինչպես իր գործընկեր Ստ.Դեմիրճյանը, ապա, կարծում ենք, «Հանրապետություն» կուսակցությունն ավելի «օրիգինալ» ու ազնիվ կլինի, եթե ձեռնպահ մնա ձեւական եւ միասնական թեկնածուների ցանկը շարունակելու անպտուղ եւ ոչ կառուցողական քայլից: Ե՛վ այդ կուսակցության, ե՛ւ Ա.Սարգսյանի վարկանիշն անհամեմատ ավելի կբարձրանա, եթե «Հանրապետությունը», ասենք, հայտարարի, որ նպաստելու եւ աջակցելու է ընդդիմության, եթե ոչ՝ միասնական, ապա՝ գոնե արժանի, այլ թեկնածուի առաջադրմանը՝ մնալով որպես հեղինակություն վայելող քաղաքական ուժ եւ «27»-ի բացահայտման պահանջատեր, առավել կարեւորելով օրինական ընտրությունների ապահովումը: Կրկնում ենք, խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ Ա.Սարգսյանը Գեղամյանից կամ Դեմիրճյանից պակաս «տղա» է: Նա, գուցե, նույնիսկ ավելին է, ուստի իմաստ էլ չունի, ամենատարբեր պատճառներով ու հանգամանքների բերումով, նախագահ ընտրվելու ռեալ շանսեր չունեցող Ա.Սարգսյանին թվարկել անձնական հավակնություններ դրսեւորած հայտնի թեկնածուների ցանկում, ովքեր, ցավոք, դատապարտված են: Բոլոր դեպքերում՝ պաշտպանել միասնական կամ որեւէ այլ թեկնածուի ավելի պատվաբեր կլինի հենց «Հանրապետության» համար: Բնականաբար, որոշում ընդունողը կուսակցությունն է եւ, թե ինչ որոշում կընդունի ու ինչպես դա կփաստարկի վերջինս, հայտնի կլինի միայն դեկտեմբերի 3-ին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել