Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան «դասեր»

Նոյեմբեր 09,2002 00:00

Մոսկովյան «դասեր» Ռուսական դատախազության վերջին տվյալներով, Մոսկվայում Թատերական կենտրոնում զոհվածների թիվը հասել է 128-ի։ Ողբերգական թվաբանություն։ Սույն հոդվածը միտումնավոր է «ուշացել», որպեսզի բոլոր հիմնական փաստերը հասցնեն ճշտվել կամ հերքվել եւ հնարավոր լինի շատ թե քիչ օբյեկտիվ հետեւություններ անել։ 1. Մասխադովն այլեւս չի կարող դիտվել որպես քաղաքական գործիչ եւ ոչ միայն այն պատճառով, որ ակնհայտ է դարձել նրա մասնակցությունը մոսկովյան ահաբեկչական ակցիային։ Չեչեն գրոհայինների առաջնորդը բոլորովին կորցրել է քաղաքական հոտառությունը, եթե չի գիտակցել, որ այն գործողությունները, որոնք առաջ բարյացակամ կընդունվեին Արեւմուտքի կողմից, սեպտեմբերի 11-ից հետո կարող են միայն խիստ պարսավանքի արժանանալ։ 2. Չեչեն գրոհայինների վարկը աշխարհում կտրուկ ընկավ։ Նրանք այլեւս չեն դիտվում իբրեւ «դիսիդենտներ» կամ անջատողականներ, այլ իբրեւ ահաբեկիչներ, որոնք համագործակցում են բեն Լադենի հետ։ Եվրոպական կառույցները, որոնք առաջ հաճախ պաշտպանում էին չեչեններին, խիստ դատապարտեցին Թատերական կենտրոնում իրագործված ահաբեկչական ակտը։ 3. Աշխարհի երկրների եւ Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը դրական են գնահատում ահաբեկիչների դեմ անցկացված օպերացիան։ Քննադատները, որոնք միշտ առկա են, մեծաթիվ զոհերի դեպքում չեն կարող պատասխանել հիմնական հարցին՝ իսկ ի՞նչ կարելի էր անել հակառակ դեպքում։ Բանակցե՞լ ահաբեկիչների հետ։ Սակայն Բուդյոննովսկը եւ Պերվոմայսկը արդեն ցույց են տվել, թե ինչպիսի ողբերգական արդյունքների կարող է բերել նման գործելակերպը։ Գրոհել առանց գազի օգտագործմա՞ն՝ բայց բազմաթիվ վկայությունների վերլուծությունը հանգեցնում է նրան, որ անգամ գազը կիրառելուց հետո դահլիճում առնվազն երկու կին մահապարտներ փորձել էին պայթյուն իրականացնել։ 4. Գազի օգտագործմանը իսկապես այլընտրանք չկար։ Եթե չլինեին հզոր ռումբերը եւ կին մահապարտների «շահիդների գոտիները», ռուսական հատուկ ջոկատը հեշտությամբ կոչնչացներ ահաբեկիչներին՝ հնարավոր է առանց զոհերի՝ պատանդների շարքերում։ Սակայն 120 կգ տրոտիլի պայթուցիկ սարքերը առկա էին եւ կասկած չի հարուցում, որ ահաբեկիչները պատրաստ էին դրանք գործի դնելու։ Ըստ որում, պայթուցիկ նյութերը տեղաբաշխված էին այնպես, որ պայթյունից կփլուզվեր միայն դահլիճի տանիքը, իսկ միջանցքներում գտնվող ահաբեկիչների մեծամասնությունը հնարավորություն կունենար փախչելու։ Քննադատներն ասում են նաեւ, որ ամբողջ ընթացքում իրականացվում էր խիստ գրագրություն։ Այո, դա այդպես էր, ճիշտ էր եւ այդպես է ընդունված նման դեպքերում բոլոր զարգացած ժողովրդավարական երկրներում։ Ի դեպ, հենց հեռուստատեսության համաձայնեցրած տեղեկատվության շնորհիվ ահաբեկիչներին պարբերաբար «ներարկվում» էր, որ գրոհը բացառված է, ինչը որոշ չափով «քնեցրեց» նրանց զգոնությունը։ 5. Նախագահ Պուտինը քաղաքական կամք դրսեւորեց եւ ընդունեց դժվարին որոշում, ճիշտ է, եղան բազում զոհեր, բայց միաժամանակ փրկեց հարյուրավոր մարդկանց կյանքը։ Նման պայմաններում ԱՄՆ-ի նախագահ Բուշը խուսափեց պատասխանատվությունից՝ սեպտեմբերի 11-ին ամերիկյան ռազմական ինքնաթիռները օդում էին եւ սպասում էին հրամանի՝ ոչնչացնելու ահաբեկիչների վարած ինքնաթիռները, որոնք ակնհայտորեն սլանում էին Առեւտրական կենտրոնի ուղղությամբ։ Բայց հրամանը չհետեւեց։ 6. Ողբերգությունից հետո աճեց եւ Պուտինի, եւ Ռուսաստանի Դաշնության վարկանիշը։ Ռուսաստանը ցույց տվեց, որ այլեւս մտադիր չէ ենթարկվել որեւէ ուժային թելադրանքի։ Ռուսական հատուկ ծառայությունները հաստատեցին, որ իրենք լավագույններից մեկն են աշխարհում։ Նախապատրաստվելու համար նրանք ունեին ընդամենը 2 օր՝ մինչդեռ ահաբեկիչները լրջորեն պատրաստվել էին մոտ երկու ամիս։ Պատգամավոր Նեմցովը պնդում է, որ մոսկովյան չինովնիկները դանդաղկոտություն են ցուցաբերել տուժածներին Թատերական կենտրոնից հիվանդանոց տեղափոխելիս։ Հնարավոր է, իհարկե։ Միաժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ նման բարդ ու անկանխատեսելի իրավիճակում բոլորովին սխալներ չանելը գործնականում անհնարին էր։ 7. Փաստորեն չհաստատվեց այն վարկածը, որ ահաբեկչությունից հետո ՌԴ-ն «պատերազմ կհայտարարի» բոլոր կովկասցիներին։ Իհարկե, տեղի են ունենում ստուգումներ՝ երբեմն չափից ավելի կոշտ մեթոդների կիրառմամբ, սակայն զանգվածային խոշտանգումների եւ տեղահանումների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Այս դեպքերը ցույց տվեցին, որ անցել են Ելցինյան ամենաթողության տարիները, որ այսօր Ռուսաստանը կայացած եւ ուժեղ պետություն է, որի հետ ստիպված են հաշվի նստել աշխարհի բոլոր երկրները։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել