Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Նոյեմբեր 09,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ 1960-ականներին արդեն ի հայտ եկան համայնավար գաղափարներն անվերապահորեն ընկալելուց եւ ընդունելուց հրաժարվելու իրավիճակներ։ Արդեն պարզ էր, որ ԽՍՀՄ կոչվող մոնստրը պետք է փլուզվեր. միայն թե երբ՝ ժամանակի հարց էր։ Ես ԱՄՆ-ն չեմ ուզում, նրա բնակչի լավ կյանքն եմ ուզում Հայրենասիրությունը կարծես մարդ արարածի բնական կարգավիճակն է։ Այս առումով արտառոց տարօրինակ է, որ հյուսիսամերիկացիներն իրենց երկիրը առավել են սիրում, քան աշխարհի շատ ժողովուրդներ իրենց հայրենիքը։ Ինչո՞ւ. պարզ մի պատճառով՝ աշխարհի այս հատվածում մարդիկ պարզապես լավ կյանքով են ապրում։ ԱՄՆ գործուղված ԽՍՀՄ արտաքին առեւտրի նախարարի տեղակալ, Լենինյան մրցանակակիր Ն. Սմելյակովից մարդկային հզոր համարձակություն պահանջվեց «Գործարար Ամերիկա» հուշագրությունում փաստելու, որ «Թեթեւաթռիչք Ամերիկան» նստելով կապիտալիզմի կառքը, որը, ի դեպ, լծված է Եվրոպայի փորձով, հսկայական արագությամբ զարգացրեց արդյունաբերությունն ու տրանսպորտը, գյուղատնտեսությունն ու առեւտուրը»։ Ինքներս մեզ հարցնենք. այդ ինչպես է, որ այդ լավ կյանքի որոշ կամ որոշակի դրսեւորումների ընդամենը մեկ սերնդի կյանքում հաջողվում է հասնել Երկիր մոլորակի արեւելքից արեւմուտք ու հյուսիսից հարավ ընկած տասնյակ ժողովուրդների։ Գիտելիքներ ու ժամանակ չի պահանջվում համոզվելու, որ նրանցից շատերը ոչ ծով ունեն, ոչ հարուստ ընդերք, հողային ու ջրային ռեսուրսներն էլ Արեւի պակաս էներգիայով են ջերմանում, քան մի այլ տեղ, հարեւաններն իրենց հերթին բարյացակամությամբ չեն առանձնանում, սակայն կյանքը հյուսիսամերիկյանից էապես չի տարբերվում։ Նրանց մարզիկներն անգամ իրենց երկրի հիմնը երգում են ամենայն ակնածանքով, որը չես ասի մեր յուրաքանչյուր 10 պաշտոնյայից առնվազն 9-ի մասին։ Վերադառնանք հիմնական ասելիքին, որը ներառում է նստելով կապիտալիզմի կառքը գոյաձեւը։ 1960-90-ականներին, այլախոհության որոշակի դրսեւորումների պարագայում, հայ մտավոր ու հատկապես տնտեսագիտական միտքը որեւէ ձեւով չմոտեցավ այս խնդրին. լենինյան գաղափարներ դավանող երկրում արգելանք էր դրված անգամ Լենինի «Սոցիալիզմը դա քաղաքակիրթ կոոպերատորների հասարակարգ է» մտքի վրա։ 1990 թվականի օգոստոսի 4-ին կարծես հանգուցալուծումը կայացավ. համայնավար գաղափարախոսությունն ու նրա պարտադրանք պետական պլանային համակարգը մերժվեց։ Կարճ ժամանակ անց զգուշավորությունը դարձավ գործելաձեւ, եթե կուզեք՝ սկզբունք։ Անգամ ՀՀ վարչապետի իրական պարտականությունները կատարած Հ. Բագրատյանն էր իր անելիքից առաջ Ռուսաստանի բարեփոխիչների կողմը նայում։ Նրան հաջորդած եւ ոչ մի վարչապետ անգամ չփորձեց երկրի զարգացմանը որեւէ կանխորոշիչ հաղորդել։ Արդյունքում ունենք այն՝ ինչ ունենք. գրեթե չաշխատող մի երկիր, որը տարածքի է վերածվում։ Եվ՝ ինչու հարցականը։ Այս ինչու ենք այնչափ անօգնական դարձել, որ ոչ միայն պարզ տնտեսվարություն ծավալել չենք կարողանում, այլեւ ուրիշի ստեղծածը վաճառել ի վիճակի չենք։ Խոսում ենք հայի աշխատելու ունակությունից, համաշխարհային տնտեսագիտության մեջ մեր ունեցած դերից, երբ Հայաստանում համընդհանուր աղքատությունը ոչ միայն չի նվազում, այլեւ, ոմանց կարծիքով, ավելանում է։ Իսկ իշխանությունն առաջնորդվում է միմիայն մեկ սկզբունքով. այսօր երեկվանից վատը չլինի։ Մինչ երբ է Հայաստանի քաղաքացին ի վիճակի համակերպվել իր ճակատագրի տնօրինման այսօրինակ գործելաոճի հետ։ Առավել համարձակները հարցի պատասխանը դնում են թողնել-հեռանալու մեջ։ Համոզված եմ, որ ՀՀ վերջին մարդահամարի արդյունքում հրապարակված 3 մլն բնակչությունը անցած ժամանակաշրջանում նվազել է առնվազն մի քանի տասնյակ հազարով, եթե 100 հազար չասենք։ Իսկ իշխանությունը շարունակում է ինքնապահպանման իր գործելաոճը։ Արդյոք ա՞յս է մեզ անհրաժեշտ։ Հենց այնպես երկիր չեն ղեկավարում Անկարողության մասին կարծիքն առաջանում է հիմնականում միջին օղակի պաշտոնյաների հետ շփումների արդյունքում։ Օրինակ, երբ ամիսներ առաջ մի զրույցի ընթացքում համաշխարհային փորձի ու թվերի հիմնավորումներով պնդեցի, որ զարգացման հիմնական նախապայմաններից մեկը անասնակերի բազայի հիման վրա կաթնա-մսատու ոլորտի որոշակի մակարդակն է, գյուղնախարարի խորհրդականը նետեց. «Թող արդյունաբերությունը աշխատի, մենք միս ու կաթ կգնենք ինչքան ուզենք»։ Իսկ հարցին, թե ինչ անեն լեռնային, սահմանամերձ, հեռավոր, ճանապարհից ու կապից զուրկ բնակավայրերի տասնյակ հազարավոր տնտեսությունները, որոնց հիմնական անելիքը թերեւս անասնապահությունը կարող է լինել, խորհրդականը պատասխան չուներ։ Երկրի գլխավոր դեմքերի շարքում դասվող գյուղնախարարները գալիս-գնում են բանջարեղենա-պտուղային ինչ-որ ծրագրերի շուրջ մտադրություններով, չնկատելով, որ դաշտային բաց պայմաններում գյուղատնտեսական գործի հիմնական կազմակերպումը շատ հաճախ ավարտվում է երաշտի ու կարկտի, տեղումների ու մրրիկների բերած ավերածություններով՝ գյուղացու ողջ տարվա տքնանքն ու սպասումները ի չիք դարձնելով։ Իսկ անասնապահությունն այն ոլորտն է, ուր ռիսկայնությունը առավել պակաս է, ամեն օր ստացվող կաթը (թռչնի պարագայում՝ ձուն) ամենօրյա եկամուտ է ապահովում։ Պետք է կույր լինել չտեսնելու համար, որ նույն գյուղում համեմատաբար բարվոք են այն տնտեսությունները, ուր գոնե 1 խոշոր եղջերավոր են պահում, քան նրանք, ովքեր հեկտարով այգիներ կամ բանջարեղեն են մշակում։ Արդյո՞ք սա չէ երկրին բնորոշ պատկերը, որը չտեսնելու են տալիս մեզ ղեկավարել փորձող իրար հաջորդող այրերը։ Թեթեւակիորեն ծանոթացեք համաշխարհային փորձին եւ կհամոզվեք, որ երկիր կառավարելու մեր իշխանավորների փորձերը ոչինչ են, եթե դրանք չորակենք ծառայողական անփութությունից սկսվող հանցագործություններ։ Թերթին ոչ հատուկ նեղ մասնագիտական զրույց չծավալելու նպատակով գյուղատնտեսության նպատակային ու արդյունավետ վարման մի փաստ նշենք. աշխարհի ամենահզոր երկիրը՝ ԱՄՆ-ն, իր դաշտերում 1 միավոր ցորենի դիմաց 2 միավոր սոյա եւ 5 միավոր եգիպտացորեն է աճեցնում։ Գիտե՞ք ինչու, որովհետեւ վերջին երկուսը կաթնա-մսատու անասնապահության հզոր խթանիչներ են, սննդի ու արդյունաբերական բազմաբնույթ արտադրությունների հումք։ Երկրորդ հիմնարար ոլորտը, որ երկիրը Երկիր է դարձնում, էլեկտրաէներգետիկան է։ Հայաստանն այսօր արդեն նվազագույնը 25 տարով հետ է մնում տնտեսական զարգացման չափանիշներից, քանզի իր ներկայիս մաշված էլհզորություններով ի վիճակի է առավելագույնը մեկ բնակչի հաշվով տարեկան արտադրել 2,5 հազար կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Գիտե՞ք ինչքան է այսօր նվազագույն արտադրությունը զարգացման կարողունակություն երաշխավորող երկրներում. 4 հազար կվտ/ժամ, օրեօր աճի պարագայում։ Զարգացած երկրներում այն տատանվում է 10-26 հազար կվտ/ժամի միջեւ, չհաշված օգտագործվող այլ էներգակիրները։ Մեզ որերորդ տարին է չի հաջողվում գործի վերածել իր հզորությամբ էապես ոչինչ չորոշող 75 մվտ հզորության Մեղրիի ՀԷԿ-ը։ Մեզանում այդքան սպասվող ներդրողները երաշխիքի են սպասում, որ, ասենք, 2015-25թթ. Հայաստանը կունենա առնվազն 4.000 մվտ էլհզորություններ։ Այսօրվա անավարտներն ու նախագծվողները հազիվ 400 մվտ-երի շրջանակում են։ Տխուր է, եթե ողբերգական չասենք, հիմնախնդրի շուրջ իշխանության քար անտարբերությունը։ Չքավորի համար օրը շատ դանդաղ է անցնում, վայելողի համար՝ սպասվածից արագ։ Հայաստանն այս երկվության մեջ է, իր դանդաղ քայլքով ու վայելելու ակնկալիքով։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել