Լրահոս
Օրվա լրահոսը

Իրար վրա գցեցին

Նոյեմբեր 09,2002 00:00

Իրար վրա գցեցին Նա Հայաստան եկավ Վահրամ Փափազյանի հրավերով, եւ 1923-ին, երբ առաջին անգամ հանդես եկավ Երեւանում, նրան ոչ ոք չէր ճանաչում։ Հայտնի չէր նաեւ, որ մինչ այդ նա հինգ տարի խաղացել էր Պոլսում, մի խոսքով, նրան ծանոթ չէր Երեւանը, Երեւանին էլ անծանոթ էր ինքը՝ Հրաչյա Ներսիսյանը։ Նա եկավ սովետահայ թատրոնի ամենավաղ շրջանում, երբ մեր երկրի միակ պետական թատրոնը նոր էր ստեղծվել ու հազիվ միամյա ուղի էր անցել եւ ողջ ուշադրությունն ուղղված էր դեպի երիտասարդությունը։ 28-ամյա այս երիտասարդը չվրիպեց ռեժիսորների աչքից, որոնք Հրաչյա Ներսիսյանի մեջ տեսան խորաթափանց միտք, արտիստական հանճար։ Եվ, իրոք, նա բեմի ու էկրանի վրա ամեն վայրկյան հագեցած էր ապրումներով, չափազանց անկեղծ էր արվեստում՝ իր ստեղծած արվեստով։ Մեծ դերասանի հոգեկան աշխարհը արտահայտվում է խոսքի, դեմքի մկանային եւ ջղային կծկումների միջոցով։ Ահա այսպիսի խոր եւ հոգեկան ինքնաթափանցությամբ էր օժտված Հայաստանում արտիստական վարպետության մեր հիմնադիրը։ Նրա մտածկոտ աչքերը միշտ էլ հոգու հայելին էին, նրա կրծքի տակ բաբախում էր կինոյի մեծ վարպետի սիրտը։ Ներսիսյանին անվանում էին ե՛ւ շեքսպիրյան մասշտաբի, ե՛ւ ողբերգակ դերասան, որը թատրոնում եւ կինոյում բացառիկ հաջողությամբ վերապատկերեց հայ դասական դրամատուրգների ստեղծած կերպարները, որոնք թվարկել անհնար է։ Ու այս ամենով հանդերձ, վարպետի հուշագրքում Հրաչուհի Ջինանյանը գրել է. «այդ մարդն անսահման համեստ էր եւ միանգամայն անտեղյակ իր տաղանդի ուժին։ Եվ գուցե դա էր պատճառը, որ նա չձայնագրեց իր ողջ խաղացանկը, չնայած մեր թախանձագին խնդրանքներին»։ Իսկ Վահրամ Փափազյանը նրան անվանել է արվեստի դիցաբանական ոսկե թռչուն եւ գրել, որ «նրան երբեք ոչ ոք չի կարող նմանվել»։ Ըստ հին տոմարի, նոյեմբերի 12-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 107-ամյակը (ծնված՝ 1895-ին)։ Արտիստի կրտսեր որդին՝ Դավիթ Ներսիսյանը, բազմիցս պատմում էր, որ «նախկինում հորս ծննդյան օրը նշում էի ավագ եղբորս՝ Լեւոնի հետ», սակայն Լեւոն Ներսիսյանի մահից հետո Դ. Ներսիսյանը ցանկանում է եւս մեկ անգամ անմահացնել հոր հիշատակը. այսօր նա պատրաստվում է հրատարակել հուշագիրք՝ նվիրված մեծ վարպետի հիշատակին։ Իսկ Թատերական գործիչների միությունից տեղեկացանք, որ «իրենք այս առթիվ որեւէ միջոցառում չեն նախատեսել», ավելին, Դերասանի տան տնօրենը, որը համառորեն չցանկացավ հայտնել իր անունն ու ազգանունը, ասաց, որ «նման մեծ վարպետի հոբելյանը պետք է տոնի մշակույթի նախարարությունը, թե չէ Դերասանի տունը…»։ Իր հերթին էլ նախարարության արվեստի վարչության պետ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ «ինչպես ամեն տարի, այս տարի եւս կայցելենք Պանթեոն, երեւի Թատերական գործիչների միությունում էլ միջոցառում կլինի…»։ Տեղեկացնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը հենց մեզնից իմացավ, որ Թատերական գործիչների միությունը միջոցառում չի նախատեսել եւ համոզված ասաց. «Ուրեմն կբավարարվենք Պանթեոն այցելելով»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել