Ո՞ՒՐ Է ՄԵՐ ԲԱԼԵՏԸ «Կարեն Սերոբիչից հետո մեր բալետն անտերության մատնվեց, խաղացանկն աղքատացավ, արտիստներին սկսեցին բանակ տանել»,- կարծում է ՌԴ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։ Վերջին տարիներին նա Երեւանում է, ղեկավարում է իր ստեղծած խորեոգրաֆիայի եւ «Պարմանի» պետական բալետային կոլեկտիվները, բեմադրություններ է անում, շատ հաճախ՝ սեփական ծախսերով, որովհետեւ «առանց ստեղծագործելու մեր արտիստները չեն կարող ինքնարտահայտվել, չկա թատրոն նոր սերնդի համար, խաղացանկ չկա՝ մի երկու կիսատ-պռատ ներկայացումներ են ընդամենը»։ Նրա բարկությունն ուղղված էր ոչ այնքան Օպերային եւ բալետի ազգային թատրոնի, որքան՝ նրանց դեմ, ովքեր պարտավոր են ու չեն ֆինանսավորում, բայց՝ «շաբաթը մեկ «Մերսեդես» են փոխում»։ «Մեր բեմում ոչ մի ազգային ներկայացում չկա, ոչ օպերային, ոչ էլ բալետային։ Մի «Ժիզել» ունեն, որ չեմ էլ ուզում ուսանողներս տեսնեն, այնքան վատն է։ Ֆինանսավորում չկա, որ վերականգնեն «Ալմաստը», «Գայանեն», «Դավիթ Բեկը»,- ասաց Մ. Մարտիրոսյանը, ներկայացնելով իբր ֆինանսավորված բեմադրություններից մի օրինակ,- անցյալ տարի մեծ հաջողությամբ ներկայացրինք «Սուրբ Հռիփսիմե եւ Տրդատը», դա պետպատվերով ներկայացում էր՝ 1700-ի շրջանակներում, նախահաշիվը հաստատված էր՝ 78 հազար դոլար, բայց Խոսրով Հարությունյանի գրասենյակից ստացանք 8 հազար դոլարին համարժեք դրամ։ Սա է մեր իրականությունը»։ Մ. Մարտիրոսյանը, սակայն, դրանից չի հիասթափվել եւ այս օրերին աշխատում է մեկ այլ մեծ գործի՝ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի բեմադրության վրա։ Արդեն պատրաստ է ներկայացման ձեւավորումը՝ մակետի տեսքով, պատրաստ են զգեստների էսքիզները՝ Ռոբերտ Էլիբեկյանի հեղինակմամբ, այժմ պետք է լուծել ֆինանսավորման խնդիրը։ «Ես այն կգտնեմ, ամոթ է, որ նոր բեմադրություն չլինի 100-ամյա հոբելյանին նվիրված, երբ ամբողջ աշխարհն է նշելու այդ տոնը,- համոզված է Մ. Մարտիրոսյանը,- բայց իշխանություններից սպասելիք չունեմ, նրանք ինձ համար չկան, կարծում եմ, կգտնեմ հովանավորներ հարուստ հայերից, որոնք մեր հայրենակցի հոբելյանի համար միջոցներ կհատկացնեն»։ Ընդհանրապես, շատ աստղեր տեսած, շատ հետաքրքիր ստեղծագործական կյանք ապրած բալետմայստերն այլեւս միտք չունի որեւէ երկրի աշխատանքային հրավերին արձագանքելու, որովհետեւ «ինձ համար չեմ մտածում, այլ՝ երիտասարդ սերնդի, որը ոչ կարգին թատրոն է տեսել, ոչ ստեղծագործելու մեծ հնարավորություններ ունի, իսկ մենք լավ երեխաներ շատ ունենք»։ Ըստ պարուսույցի, մեր տղաներն ավելի լավ են դրսեւորվում բալետային արվեստում, քան աղջիկները։ Պատճառը հայուհիների «ասիական» թերությունն է՝ հարուստ կոնքեր ու կուրծք։ Բացի այդ, չգիտես ինչու, նրանք, պարզվում է, կարող են 16-17 տարեկանում «դավաճանել» տասնյակ տարիների քրտինք-տառապանքին եւ հեշտ ու հանգիստ սիրահարվել կամ ամուսնանալ։ Իսկ այ, տղաներն ուրիշ են, նրանք հիանալի թռիչք ունեն, մոտ 30 արտիստ ունենք տարբեր երկրներում աշխատող, նաեւ՝ միջազգային մրցույթների դափնեկիր։ «Ես նրանց չեմ մեղադրում, բեմ չկա, ներկայացում չկա, լինի էլ՝ 12-15 հազար դրամ փող պիտի ստանան, իսկ այնտեղ ե՛ւ ստեղծագործելու հնարավորություն կա, ե՛ւ ամիսը 3 հազար դոլար աշխատավարձ»,- բացատրեց Մ. Մարտիրոսյանը։ Անձամբ իր ստացածն էլ մի բան չէ, բայց դրանից չի վիրավորվում. «Ես արդեն 70-ն անց, տարիքս առած մարդ եմ, ամեն ինչ տեսել ու վայելել եմ, հիմա ուզում եմ մնալ իմ ժողովրդի մեջ, լավ է-վատ է՝ սա է»։ Վաստակաշատ պարուսույցը նաեւ խիստ անհանգստացած է այն խնդրով, «որ մեր ուսուցչական գործը կիսատ է մնում, մեզ մոտ չկա դասավանդման դպրանոց, մեզնից հետո եկող կադրեր չկան, անհրաժեշտ է բացել խորեոգրաֆիկ ամբիոն, ուր կպատրաստենք ուսուցիչներ, ախր պարողն ուրիշ մասնագիտություն է, ուսուցիչն՝ ուրիշ»։ Այս հարցով Մաքսիմ Մարտիրոսյանը ժամանակին դիմել է մշակույթի նախարարություն, բայց արձագանք չի ստացել։ Սա էլ է մեր իրականությունը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ