Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆ ԹԱՆԿ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ

Նոյեմբեր 09,2002 00:00

ՈՐՔԱՆ ԹԱՆԿ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ Շուկայական հարաբերությունները դպրոցը վերածել են շուկայի «Մայրաքաղաքի դպրոցներում այս եւ անցած ուսումնական տարիներին կազմակերպվող լուսանկարչական աշխատանքների առնչությամբ քաղաքապետարան են դիմել բազմաթիվ ծնողներ եւ իրենց դժգոհությունն են հայտնել լուսանկարների, վինետկաների որակի, ձեւավորման ցածր ճաշակի, բարձր գների եւ այն ոչ բոլորի համար մատչելի լինելու խնդիրների վերաբերյալ: Բարձրացված հարցերը քննարկվել են քաղաքապետարանում եւ կրթության վարչությունում: Դպրոցներում լուսանկարչական աշխատանքների գործը համակարգելու, սպասարկման կուլտուրան եւ որակը բարելավելու, նկարահանման գները անհամեմատ էժան եւ մատչելի դարձնելու նպատակով առաջարկում եմ Ձեզ համագործակցել «Յուպիտեր ֆոտո էքսպրես» ՍՊԸ-ի հետ, որը «Konica» ֆիրմայի միակ ներկայացուցիչն է Հայաստանում»: Սա սույն թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օ. Վաթյանի անունից եւ նրա տեղակալ Կուբանյանի ստորագրությամբ այն շրջաբերականն է, որ ուղարկվել է մայրաքաղաքի բոլոր դպրոցների տնօրեններին: Ի դեպ, շրջաբերականի տարածման աշխատանքներն իրականացրել են հենց «Յուպիտեր» ֆիրմայի աշխատակիցները՝ լրացուցիչ անգամ տնօրենների ուշադրությունը հրավիրելով շրջաբերականի հեղինակների կողմը: Իսկ վերջիններիս «առաջարկը» յուրաքանչյուր տնօրենի համար առնվազն հրահանգ կարող է լինել. ո՞ր տնօրենը կհամարձակվի չկատարել իր վերադասի «առաջարկը»: Իսկ ովքեր էին մինչ այդ իրականացնում լուսանկարչական աշխատանքները, որոնցից այդքան դժգոհ էր քաղաքապետարանը (դժգոհ ծնողի գոյությունը ապացուցելու փորձերն անիմաստ են): Բնականաբար, ոչ ոք «չէր կարող» դժգոհել կրթության վարչության մի քանի տեսուչների բարեկամ-հարազատների (որ, իբրեւ կանոն, որեւէ կազմակերպության միջնորդի դերում են հանդես գալիս) ֆոտոծառայությունից՝ որքան էլ դրանց գները բարձր լինեին կամ որակը ցածր: Պարզվում է, հարվածը հիմնականում հասնում է 7 տարի շարունակ դպրոցներում լուսանկարչական աշխատանքներ իրականացնող «Ալյանս Պլյուս» ֆիրմային: Այսպիսով, խախտվում է վերջինիս՝ շուկայական հարաբերություններում ազատ մրցակցության պայմաններում աշխատելու իրավունքը: Բացի այդ, խիստ վիճարկելի են դառնում շրջաբերականում բերված պատճառները՝ ձեւավորման ցածր ճաշակի, վատ որակի կամ բարձր գների մասին: Դրանում համոզվեցինք այն տնօրենների հետ զրույցից, ովքեր տարիներ շարունակ աշխատել են «Ալյանս Պլյուսի» հետ: Գուշակելով սպասվելիք աղմուկը եւ գիտակցելով «Ալյանս Պլյուսի» իրավունքների խախտումը, որ, ի դեպ, ֆիրման պատրաստվում է վերականգնել դատարանում, նույն կրթության վարչությունը կազմակերպում է տնօրենների խորհրդաժողով եւ վերջնական որոշում կայացնում՝ աշխատել այն ֆիրմայի կամ անհատի հետ, ով ավելի որակով ու մատչելի գներով կանի աշխատանքը: Այս մասին մեզ հայտնեց Քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Կուբանյանը՝ չցանկանալով հանդիպել ու անդրադառնալ խնդրի մանրամասներին, կարճ կապելով, թե «հարցն արդեն լուծված է, տնօրեններին ասել ենք՝ ում հետ ուզում եք աշխատեք, չենք պարտադրել ոչ ոքի»: Վերջին միտքը պնդեցին մեր հարցմանը մասնակից բոլոր տնօրենները: Իսկ երկու հիմնական մրցակից ֆիրմաների հետ կապված խնդրի մանրամասներին նրանք ծանոթ էլ չէին: Ավելին, պարզվում է՝ կան դպրոցներ, որ նման ծառայություններից չեն էլ օգտվում: Ի վերջո, դա պարտադիր չէ, առաջին որոշիչն այդ հարցում ծնողն է, նա էլ հիմնականում բավարարվում է տարեվերջյան խմբանկարով: Իսկ թե ով կիրականացնի այդ աշխատանքը, այս դպրոցները չեն էլ կարեւորում: Համենայնդեպս, մեզ այդպես ասացին: Իսկությունը կարող է պարզել կրթության վարչությունը՝ իր ստուգումներով, որ արդեն սկսել է, եւ որի արդյունքում երկու տնօրեն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Իհարկե, մեկն էլ պարգեւատրվել է, սակայն դեռեւս պաշտոնապես չի հայտնվում, թե որ դպրոցներն են դրանք: Սակայն հայտնի է, որ ստուգումների թիրախ է դառնալու նաեւ ֆոտոծառայությունների այս հարցը: Իսկ դա՞ ինչպես է իրականացվում: Սովորաբար դպրոցը տվյալ ֆոտոծառայության հետ համագործակցելու պայմանագիր է կնքում, որտեղ նշվող պայմաններից ամենակարեւորը թերեւս այն է լինում, թե ինչ գնով պետք է իրականացվի այս կամ այն ծառայությունը: Ավելի ճիշտ՝ կարեւոր է, որ տնօրենը կողմնորոշվի եւ իրեն հարմար գին գրի այնտեղ: Որովհետեւ ծառայության համար հավաքված գումարից համագործակցող կազմակերպությունը որոշակի տոկոս է թողնում դպրոցի ֆոնդին: Իսկ որքան բարձր է ծառայության գինը, այնքան բարձր է տոկոսը: Փաստորեն, ստացվում է՝ տնօրենին ձեռնտու է որքան հնարավոր է բարձր գներով իրականացնել աշխատանքը, սակայն, միեւնույն ժամանակ, ունենա ցածր գներով փաստաթուղթ՝ այս կամ այն կազմակերպության կողմից ներկայացված: Ստուգող տեսուչը պետք է կարողանա որոշել փաստաթղթի անկեղծության աստիճանը, եթե, իհարկե, կամենա: Իսկ կեղծ փաստաթուղթ՝ որքան ուզես: Մանավանդ որ, «դպրոցի ֆոնդն ինքն իր բնույթով կեղծ է»: Այս կարծիքը հայտնեցին վերջերս մի առիթով ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում հավաքված մի խումբ տնօրեններ: Մի ֆոնդ, որի գոյությունը պարտադիր էլ չէ: Երեւանի թիվ 21 դպրոցի տնօրենն անգամ զարմացավ իմ հարցից՝ վերոնշյալ պայմանագրերի հետ կապված: «Մեզ մոտ բանավոր պայմանավորվածություն է լինում՝ համատեղ աշխատանքի: Դրա նախաձեռնողները ծնողներն են»: Պրն Սարգսյանին անծանոթ էր նաեւ տոկոսների մասին խոսակցությունը, իսկ ստուգումներ էլ, դրա հետ կապված, բնականաբար չեն եղել: Դպրոցը մինչ այժմ աշխատել է «Ալյանս Պլյուսի» հետ, սակայն մինչեւ գարուն դեռ ժամանակ ունի մտածելու, թե ում հետ կաշխատի: Իսկ գնացուցակ ստացել է դեռեւս միայն «Յուպիտերից», որի գներն անցյալ տարվա համեմատ էժան են: Տնօրենի խոսքով, հիշյալը հեռու ծրագիր է, դրա մասին դեռ չեն մտածում: Որոշ դպրոցների համար, սակայն, օրախնդիր հարց էր աշակերտներին նկարելն ու հուշալբոմները մինչեւ աշնանային արձակուրդներ հասցնելը: Օրինակ, թիվ 115 դպրոցը մոտ 10 տարի աշխատել է «Ալյանս Պլյուսի» հետ, այս տարի էլ անհամեմատ էժան գնացուցակ է ստացել վերջինից, սակայն «Յուպիտերին» արդեն պատվեր էր ներկայացրել՝ մինչ կրթության վարչության վերջին խորհրդաժողովը: Այսինքն՝ շրջաբերականը ստանալուն պես: Եվ նման դեպքերը քիչ չեն: Մինչ վարչությունը կշտկեր սխալը, դպրոցները շտապել էին կատարել վերադասի պահանջը: Իսկ այդ ընթացքում «Ալյանս Պլյուսի» վնասները գերազանցել են 1 մլն դրամը: Բացի այդ, տարեցտարի վերջինիս հետ համագործակցող դպրոցների թիվը նվազել է՝ այս տարի հասնելով 15-ի: Գուցե այս 15-ն էլ չլինեին, եթե «Ալյանս Պլյուսը» տնօրեններին ցածր գների պարագայում չառաջարկեր նույն տոկոսը, ինչ բարձր գներից դպրոցին թողնում են մյուս սպասարկողները: Բերենք նաեւ թիվ 20 դպրոցի օրինակը, որ հրաժարվել է որեւէ տոկոսից եւ պայմանավորվել աշխատանքներն իրականացնել «Ալյանս Պլյուսի» ամենացածր գներով: Թիվ 4-ն էլ պատվիրել է 2 էջանոց հուշալբոմներ՝ 800 դրամով, տոկոսի փոխարեն դպրոցի համար ապակի վերցնելով: Դպրոցներում ստուգումներ անցկացնող մասնագետների հետ զրույցում պարզեցի, որ իրենք ստվերի դեմ պայքարելու ձեւերը գիտեն, ունեն ստուգման իրենց մեխանիզմները: Այդ ձեւերից ամենաանմեղն ու արդարացին թերեւս աշակերտների շրջանում արվող հարցումներն են: Ինչն էլ փորձեցինք, տեսուչից առաջ ընկնելով, անցկացնել: Թիվ 127, 82, 77, 114 դպրոցների մասին ֆոտոծառայություններից մեկն ասաց, թե պայմանավորվածություն կա «Յուպիտերին» 2000 դրամով 4 էջանոց հուշալբոմներ պատվիրելու: Ստացվում է, որ նրանք գերադասել են 2000-ը՝ «Ալյանս Պլյուսի» 900-ից: Մեզ հաջողվեց զրուցել վերջին դպրոցի տնօրենի հետ, որն էլ հաստատեց, թե այս տարի «Ալյանս Պլյուսը» անհամեմատ էժան գնացուցակ է ներկայացրել, սակայն իրենք դեռ չեն որոշել, թե ում հետ պետք է աշխատեն: Իսկ հուշալբոմների մասին էլ ընդհանրապես խոսք չկա: Թիվ 115 դպրոցի տնօրեն տիկին Մնացականյանն էլ հայտնեց, որ «Առաջին քայլերի» հուշալբոմի 4 էջի համար նրանք մուծել են 950 դրամ: Սակայն հենց նույն օրերին «Յուպիտերի» մի աշխատակցից պարզեցի, որ իրենք 4 էջը 1800 դրամով են պատրաստում: Հետո հետաքրքրությունիցս զգոնացավ ու ասաց, որ «ամեն դպրոցում տարբեր գներ են, բայց, ամեն դեպքում, քաղաքում 950 դրամ՝ 4 էջի համար, գոյություն չունի»: Դեռեւս իր անելիքը չի որոշել մինչ այժմ «Ալյանս Պլյուսի» հետ համագործակցած թիվ 167 դպրոցը, որ մեզ հետ զրույցի ժամանակ հիշեց վերոնշյալ կազմակերպության հետ աշխատանքի արդյունավետությունը. զոհված ազատամարտիկների, ինչպես նաեւ ծնողազուրկ երեխաներին նրանք ծառայությունը մատուցում են անվճար: Մեր տվյալներով, այս դպրոցին «Յուպիտերի» աշխատակիցները ուղղակի պարտադրել են համագործակցել իրենց հետ: Սակայն տնօրենը պնդում է, որ «շուկայական այս հարաբերություններում իրենք դեռ պետք է կողմնորոշվեն, թե ում հետ աշխատեն»: Այսքանից հետո դեռեւս դպրոցները լիովին չեն կողմնորոշվել, սպասում են ավելի հարմար առաջարկների: Իսկ առաջարկի հարմարության հարցում, ինչպես վերը նշեցինք, ցավոք, ծնողի ու տնօրենի շահերը չեն համապատասխանում: Թե ում շահերին կընդառաջի տնօրենը, կախված է նրա խղճի աստիճանից կամ դպրոցական կեղծ ֆոնդի դատարկության աստիճանից: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել