Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեֆտեխխիմբանկի» լիազոր ներկայացուցչի մեկնաբանությունը

Նոյեմբեր 09,2002 00:00

«Նեֆտեխխիմբանկի» լիազոր ներկայացուցչի մեկնաբանությունը Ղազախական «Նեֆտեխխիմբանկի» լիազոր ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, որը համատեղության կարգով իրականացնում է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի իրավասությունները, երեկ պատասխանեց լրագրողների հարցերին։ Տիգրան Սարգսյանի պատասխաններից պարզ դարձավ, որ նա միաժամանակ հանդիսանում է նաեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ ԱՊՀ այլ երկրների մի շարք բանկերի լիազոր ներկայացուցիչը Հայաստանում (այսքան հոգս՝ մի մարդու ուսերին)։ Թեեւ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը սա անձնական բնույթի հարցերի շարքին դասեց, բայց փաստը բացատրելու համար իր հետ բերել էր ՀՀ ԿԲ իրավաբանական ծառայության պետ Փիրուզ Բադալյանին։ Ըստ վերջինիս, Տ. Սարգսյանի՝ լիազոր ներկայացուցիչ լինելու հանգամանքը պայմանավորված է հիշյալ երկրների հետ միջպետական, ԱԺ կողմից վավերացված փոխադարձ համագործակցության մասին համաձայնագրերով, «որտեղ հստակ նշված է, որ բանկերի վերահսկողության ոլորտում ծագած ցանկացած խնդրի ժամանակ երկու ԿԲ-ները միմյանց միջեւ տեղեկատվության փոխանակում են իրականացնում, շահերն են ներկայացնում եւ նմանատիպ այլ հարցեր»։ Փ. Բադալյանը շարունակեց. «Հիմա՝ ինչու պրն Սարգսյանն է լիազորվել։ Որովհետեւ դիմել ենք ՀՀ դատարան միջնորդությամբ, որպեսզի Ղազախստանի վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ հօգուտ «Նեֆտեխխիմբանկի» «Ռիա» բանկից բռնագանձվի որոշակի գումար։ Սրա համար պետք էր ՀՀ դատարանի որոշումը։ Միջնորդությունը ներկայացվեց ՀՀ ԿԲ-ի անունից։ Դատարանը մերժեց այն հիմնավորմամբ, որ ՀՀ ԿԲ-ն լիազորված չէ նման միջնորդությամբ հանդես գալու համար։ Եվ նման միջնորդություն պետք է ներկայացնի որեւէ մեկը, որ վերջիվերջո ԿԲ իրավական ծառայությունը ներկայանա դատարան»։ Ըստ Փ. Բադալյանի, «նման հարցերի շրջանակներում նման քայլեր արվում են» նաեւ մյուս երկրների բանկերի դեպքում, որոնց երկրների հետ առկա է փոխհամաձայնության պայմանագիր։ Տիգրան Սարգսյանը հաստատեց սա, ավելացնելով. «ԿԲ-ն ոնց է գնում դատարան՝ ես ամեն օր ստորագրում եմ լիազորություն, որ լիազորում եմ Պողոսյան Պողոսին (որը հայտնի պատճառով այլեւս չի կարող ստանձնել այդ լիազորությունը- Ա. Ու.) հանդես գալ դատարանում այսինչ հարցով»։ Հարց է ծագում. «Օրական այսպիսի 10 հատ փաստաթուղթ ստորագրող» մարդն ինչո՞ւ միանգամից չկողմնորոշվեց եւ «Նեֆտեխխիմբանկի» պարագայում միջնորդությունը ներկայացրեց ԿԲ-ի եւ ոչ թե այդ գերատեսչության նախագահ, ի պաշտոնե հիշյալ բանկի լիազոր ներկայացուցիչ (ինչպես ինքն է մեկնաբանում) Տ. Սարգսյանի անունից։ Հուսով ենք, չէր խուսափում սկանդալից։ Ըստ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանի, «Ղազախստանում եւ ԱՊՀ երկրներում մեր ներկայացուցիչները շատ ավելի շատ են, քան իրենց ներկայացուցիչները ՀՀ-ում։ Եվ պատկերացրեք, որ ՌԴ կամ Ղազախստանի ԿԲ-ն չպաշտպանի մեր շահերն այդ երկրում։ Մենք տակից դուրս չենք գա»։ Չգիտես ինչու, պարոն Սարգսյանը որոշեց, որ թերթերն ուրիշ ճանապարհ էին ուզում՝ խուլիգանություն անել. «Ընդհանրապես մերժել այդ վճիռը եւ ասել՝ մենք տերը չենք, չենք տալու»։ Տիգրան Սարգսյանը համաձայն չէ «Առավոտի» այն պնդման հետ, որ խնամակալության տակ գտնվող 8 բանկերի ֆինանսական ցուցանիշները վատացել են. «Ես պնդում եմ հակառակը», չնայած թե՛ ԿԲ-ն, թե՛ «Առավոտը» վերլուծության հիմք են ընդունել պաշտոնական միեւնույն ցուցանիշներն ու տվյալները։ Ըստ երեւույթին, ԿԲ մասնագետները երբեմն-երբեմն հաշվի չեն առնում ֆինանսական վիճակն արտացոլող թվերից առաջ նշված մինուս նշանը։ Սա կարող է կապված լինել նաեւ մեկ այլ հանգամանքի հետ. եզրակացությունը «կախված է նրանից, թե ինչպես է հաշվում, ով է հաշվում եւ ինչ նպատակով է հաշվում»։ Չենք կարող չհամաձայնել պարոն Սարգսյանի այս դիտարկման հետ, միաժամանակ պնդելով, որ գոյություն ունեն նաեւ ցուցանիշներ, որոնք միանշանակ եզրակացությունների տեղիք են տալիս միայն։ Այսպիսով, Տիգրան Սարգսյանը պնդում է, որ օբյեկտիվ վերլուծություններ անելու համար «հիվանդ» բանկերն «ուրիշ ձեւ» պետք է վերլուծել, «որովհետեւ նրա նկատմամբ նորմատիվային դաշտն այլ ձեւերով է իրականացվում։ Ես իրավունք չունեմ համեմատել առողջ բանկերի հետ»։ Այդ դեպքում դարձյալ հարց է ծագում, թե ինչու են այդ բանկերն «ուրիշ ձեւ» վերլուծում միայն այս տարի, երբ ցուցանիշներն ավելի են վատացել, իսկ անցած տարի ԿԲ-ն «հիվանդ» բանկերը վերլուծում էր ողջ բանկային համակարգի շրջանակներում, առողջ բանկերի շարքում (սրա ապացույցներից մեկն էլ «լավաշն» է)։ «Առավոտն» ընդհանրապես պատրաստ է վիճարկել Տ. Սարգսյանի ասածները՝ մեկ առ մեկ, գրեթե ամբողջությամբ։ Դա կանենք մասամբ, առաջիկայում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել