Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Նոյեմբեր 09,2002 00:00

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց ՀՀ նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների օրացուցային ծրագիրը: 30 կետից բաղկացած այդ փաստաթղթի համաձայն. ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), նախաձեռնող խմբերի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը ԿԸՀ նախատեսվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 90 եւ ոչ ուշ, քան 75 օր առաջ՝ մինչեւ ժ.18:00-ն. ասել է թե՝ 2002-ի նոյեմբերի 21-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը, ժ.18:00-ը: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ նախաձեռնող խմբերի գրանցումը ԿԸՀ-ում տեղի կունենա վերջիններիս կողմից դիմումը եւ որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները ԿԸՀ-ն պարտավոր է հանձնել առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում: Թեկնածուի առաջադրումը պաշտպանվել կարող է 2002-ի դեկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը: ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացվելու մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ը, ժ.18:00-ը: Թեկնածուների գրանցումը պետք է կա տարվի 2003-ի հունվարի 1-ից մինչեւ 20-ը ներառյալ: Իսկ ահա ՀՀ նախագահի թեկնածուների քարոզարշավը մեկնարկելու է 2003-ի հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 17-ի ժ. 24:00-ն՝ ընտրությունից ընդհուպ մինչեւ 2 օր առաջ, ինչպես նախատեսվում է գործող «Ընտրական օրենսգրքով»: 2003-ի հունվարի 23-ին ԿԸՀ-ն կհրապարակի առաջադրված թեկնածուների գրանցման մասին հաղորդագրություն: Եվ այսպես. համբերությամբ զինվենք, եւ ամենաուշը դեկտեմբերի 6-ին հայտնի կլինեն ՀՀ նախագահի թեկնածուի հավակնորդների անունները: Որ դրանք թվով շատ են լինելու, թերեւս, կասկած չկա: Ու, հավանաբար, հենց դեկտեմբերի 6-ին արդեն կարելի կլինի կանխատեսումներ անել եւ ուրվագծել այդ ընտրությունների հնարավոր ելքը: Իսկ առայժմ անդրադառնանք ԿԸՀ երեկ տեղի ունեցած նիստին, որի օրակարգում ընդգրկված 7 հարցերից միայն մեկը չհաստատվեց. ավելի ստույգ՝ հարցի քննարկումը հետաձգվեց: Իսկ խոսքը տվյալ դեպքում վերաբերում էր ընտրական 2100 տեղամասերում քվեատուփի ձեւը հաստատելուն: Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ԿԸՀ-ում «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը: Վերջինս առաջարկում էր քվեատուփը պատրաստել թափանցիկ նյութից: Հասկանալի է, որ այդ նախաձեռնության նպատակը ընտրակեղծիքները հնարավորինս բացառելն է: Դա առավել եւս հնարավորություն կարող է տալ՝ անմիջապես ֆիքսել, թե արդյոք մինչեւ քվեարկության սկսվելը քվեատուփում նախապես քվեաթերթիկներ լցվե՞լ են, թե՞ ոչ, նաեւ՝ անմիջապես հայտնաբերել տրցակով լցված քվեաթերթիկների առկայությունը: Բանն այն է, որ այսօր արդեն հավաստի, բայց ոչ պաշտոնական տեղեկություններ կան, թե ընտրողների պաշտոնապես ներկայացվող թիվը՝ ավելի քան 2 մլն 200 հազար մարդ, շուրջ 700 հազարով ուռճացված է: Այսինքն՝ պետք է ենթադրել, որ այդ 700 հազարի փոխարեն՝ մարդիկ կամ մի քանի անգամ պետք է քվեարկեն, կամ, որ անմիջապես կապվում է քվեատուփի թափանցիկ լինելու անհրաժեշտության հետ, պետք է տրցակով քվեարկած քվեաթերթիկ լցնեն: Զ.Պլուզյանի այդ առաջարկին առաջինն արձագանքեց ՀՅԴ ներկայացուցիչ Հ.Աբրահամյանը, որն ասաց, թե դա նպատակահարմար չէ, որովհետեւ իմաստը չի տեսնում եւ, որովհետեւ, դա կարող է թանկ նստել պետության վրա, իսկ պետության բյուջեում այդքան փող չկա: Վերջինիս հակաճառեց նույն ինքը պրն Պլուզյանը՝ նկատելով, թե կառավարությունը, միեւնույն է, համապատասխան միջոցներ է տրամադրել: Դաշնակցական հանձնաժողովականին, իհարկե, օգնության եկավ ԿԸՀ նախագահ Ա.Սահրադյանը՝ համոզելով, թե այդպիսի ամեն մի քվեատուփի պատրաստումը շուրջ 50 դոլար արժե, իսկ 2100 ընտրատեղամասի հաշվարկով դա արդեն ահռելի գումար կկազմի, թե տեղամասերում թափանցիկ քվեատուփ տեղադրելու դեպքում, որի օրինակը միայն Ֆրանսիան ունի, առաջանալու է նաեւ քվեթերթիկի համար ծրարներ գնելու հարց, ինչը եւս լրացուցիչ ծախս է: Իհարկե, վերջինիս էլ հակաճառեցին ե՛ւ «Օրինաց երկիր» կուսակցության, ե՛ւ ԱԺՄ ներկայացուցիչները, որոնք հայտարարեցին, թե այդպիսի՝ թափանցիկ, քվեատուփեր կարելի է անհամեմատ ավելի էժան գներով պատրաստել տալ կամ պատվիրել, քան փայտե տուփեր: Ա.Սահրադյանը, թերեւս, ստիպված եղավ տեղի տալ ու այդ հարցերի պարզաբանումն ու պլաստմասսայե թափանցիկ քվեատուփերի, այսպես ասած, գինը ճշտել ու հաղորդել ԿԸՀ-ին, ինչը հարցի վերաբերյալ որոշման ընդունումը հետաձգելու, համաձայնեք, լավագույն պատրվակ է: ԿԸՀ-ին եւ հիշյալ պարտականությունը ստանձնած ԿԸՀ անդամ պրն Եդիգարյանին օգնելու նպատակով՝ ուզում ենք, ի գիտություն հայ գործարարների եւ համապատասխան ձեռնարկությունների ղեկավարների, հուշել, որ նրանք պետպատվեր ստանալու լավագույն հնարավորություն ունեն. ԿԸՀ-ն թվով 2100 թափանցիկ քվեատուփերի (ուղղանկյուն զուգահեռանիստ, չափերը՝ 400մմ X 400մմ X 700մմ, ճեղքի լայնությունը՝ 3մմ, երկարությունը՝ 150մմ եւ ճեղքը փակող շարժական կափարիչով) կարիք ունի, եւ հայ ձեռներեցները կարող են՝ հաշվարկելով այդ ծավալի աշխատանքի ինքնարժեքն ու գինը, համապատասխան հայտ ներկայացնել կամ ԿԸՀ անդամ Պ.Եդիգարյանին, կամ «Գնումների գործակալությանը», կամ, պարզապես, զանգահարել մեր թերթի խմբագրություն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել