Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտն՝ ընդդեմ Մարգարիտի

Նոյեմբեր 09,2002 00:00

Մարգարիտն՝ ընդդեմ Մարգարիտի «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մարգարիտ Ստեփանյանը (տպագրվում է «Սարգսյան» ազգանունով) վստահ է, որ իր դեմ սադրանքների ու խարդավանքների «արշավ» է սկսվել 2000 թ. հունվարի 4-ին Զինդատախազությանը «27»-ի գործով ցուցմունք տալուց հետո։ «Մարդիկ, որոնք կասկածվում են «27»-ի գործով, ուզում են ապացուցել, որ ես տվել եմ շինծու ցուցմունք՝ Գագիկ Ջհանգիրյանի թելադրանքով, բայց ես նրան անծանոթ եմ, նրա հետ կապ չունեմ ու գործարքի մեջ չեմ»,- զրույցը սկսեց Մարգարիտը։ «Նոյեմբերի 1-ին ինձ զանգահարում է մտերիմներիցս մեկը եւ ասում, որ իր տուն է զանգել ոմն բժշկուհի Մարգարիտ Խաչատրյան եւ առաջարկել տեղեկություններ տալ իմ մասին, որը պիտի հրապարակվի «Իրավունք» եւ «Երկիր» թերթերում,- պատմել է Մ. Ստեփանյանը։- Մտերիմս պատասխանում է, որ ինձ չի ճանաչում, նա էլ, թե՝ դա կարեւոր չէ, մենք տեքստը կթելադրենք ու կտպվի Ձեր անունից, ինչը հետո կդառնա քրեական գործի հիմք»։ «Ես զանգեցի- պայմանավորվեցի որպես այդ մարդկանցից մեկը։ Հանդիպեցինք անմիջապես, «Մեղեդի» սրճարանում»։ Հանդիպմանը գնում է ոչ մենակ, բժշկուհին, ինչպես պարզվում է՝ նույնպես. «Մի խումբ օպեր-լիազորների հետ էր եկել, մեկին ճանաչեցի՝ Ռաֆիկ է անունը»։ Բժշկուհի Մարգարիտը հենց սկզբից ներկայացնում է իր «անունով» հորն ու ազգական-բարեկամներին, հետո «Մարիա» ներկայացած լրագրողին առաջարկում քարտուղարուհու աշխատանք, «եթե գործարքը ստացվի»։ Հետո միացնում է ձայնագրիչն ու զգուշացնում, որ «Մարիան» պետք է իր ասածներին «տեր կանգնի նաեւ դատարանում»։ Բայց այդ պահին ինչ-որ մեկը զանգում եւ զգուշացնում է բժշկուհուն, որ իր «սեղանակիցը» հենց իրեն հետաքրքրող լրագրողն է։ Մարգարիտ Խաչատրյանը սկսում է մեղադրել Մարգարիտ Ստեփանյանին, թե «դու, իմ անունից ներկայանալով, ինչ-որ մարդկանցից փողեր ես վերցրել, հիմա մեծ պրոբլեմների մեջ ես ու պիտի տանես-հետ տաս վերցրածդ փողերը»։ «Եթե այդպես է, ինչո՞ւ չեք դիմել իրավապահ մարմիններին»,- հարցնում է լրագրողն ու լսում պատասխան. «Դու ինձ համար շատ փոքր մարդ ես, որ դիմեմ իրավապահներին»։ Հետո բժշկուհին լրագրողին մեղադրում է անբարոյականության մեջ, «իսկ ես ասում եմ, որ այդ ինքն է անբարոյականը, որ ինչ-որ մարդկանց թելադրանքով «դոսյե» է հավաքում իմ դեմ այնպես, ինչպես իր հորեղբայր գնդապետն է շինծու գործ տվել Մուշեղ Սաղաթելյանի, հանգուցյալ Սպարապետի ու գեներալ Արծրուն Մարգարյանի դեմ»,- ասաց Մ. Ստեփանյանը։ Նոյեմբերի 5-ին լրագրողը նամակ է ուղարկել հանրապետության Գլխավոր դատախազություն։ Ըստ նրա, «պրովոկատորներից» մեկը խարդախության հոդվածով դատապարտված Կարինե Գրիգորյանն է, մյուսը՝ Ագապի Հայկազունին (նույն ինքը՝ Գայանե Մանուկյան)։ «Ինչպիսի՞ կապ կա հիշյալ 2 թերթերի եւ ձեր նշած սադրիչների միջեւ» հարցիս նա պատասխանեց. Գեղամ Մանուկյանն արդեն զանգահարել ու հայտնել է, որ իրենց թերթը («Երկիր») կապ չունի կատարվածի հետ։ Իսկ «Իրավունք» թերթից առայժմ ոչ մի արձագանք չի ստացվել։ Սպասում ենք դեպքերի զարգացմանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել