Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՏ»-ին զրկեցին մրցույթին մասնակցելու հնարավորությունից

Նոյեմբեր 09,2002 00:00

«ՆՏ»-ին զրկեցին մրցույթին մասնակցելու հնարավորությունից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին այս անգամ հաջողվեց խախտել սեփական կանոնակարգը եւ իր իսկ հաստատած «Հեռուստահաղորդումների հեռարձակման արտոնագրման մրցույթի կարգը»: Երեկ ժամը 17:00-ին Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարեց, թե ովքեր են հայտ ներկայացրել նոր մրցույթին մասնակցելու համար, եւ անմիջապես հիշեցինք նախորդ մրցույթի ընթացքում հնչած մի երկխոսություն: «Շարմի» ղեկավար Ռուբեն Ջաղինյանին հանձնաժողովի անդամներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ են հայտ ներկայացրել հատկապես 37 կապուղու համար, եւ նա պատասխանեց, թե այս երկրից ենք, գիտենք, որ մյուս կապուղիների համար մրցույթն ավելի մեծ է լինելու: Մինչդեռ երեկ պարզ դարձավ, որ «Myz-TV»-ի, «ԱրմենԱկոբի», «TV 5»-ի, «Երեւանի» ու վերահեռարձակվող «CNN»-ի զբաղեցրած կապուղիների համար հայտ են ներկայացրել միայն այդ նույն հեռուստաընկերությունները եւ «Ա1+»-ը: Վերջինս դիմում է ներկայացրել առաջին 4 կապուղիների համար եւ անմրցակից թողել միայն «CNN»-ին: Այնուամենայնիվ, ինչո՞ւ չկային այլ մրցակիցներ: Վերջապես որտե՞ղ էր «Դոֆինը». մի՞թե այդ թղթային հեռուստաընկերությունն իր եթերի համար գրավիչ էր համարում հենց միայն «Ա1+»-ի կապուղին: Մրցույթի մասնակիցների թիվը կարող էր մեկով ավելի լինել, սակայն Ազգային հանձնաժողովը երեկ հրաժարվեց ընդունել «Նոյյան տապան» հեռուստաընկերության դիմումը: «Նոյյան տապանի» տնօրեն Տիգրան Հարությունյանը հայտնեց՝ «Գրավոր բացատրություն հրաժարվեցին տալ»: Իսկ մերժման բանավոր պատճառաբանությունն այն էր, թե դիմումում նշված չէր՝ հատկապես որ կապուղու համար են ցանկանում ստանալ կապուղի: Մինչդեռ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 49 հոդվածում, որով սահմանված է, թե ինչ բովանդակություն պիտի ունենա արտոնագիր ստանալու դիմումը՝ որեւէ բառ չկա, թե պետք է նաեւ նշվի այն կապուղին, որի համար ներկայացվում է հայտ: «Մենք դիմել էինք ընդհանրապես դեցիմետրային տիրույթում կապուղի ստանալու համար: Իրենց պահանջած դիմումի մեջ ավելի քիչ կետեր կան, քան պահանջվում է օրենքով՝ մենք ավելի շատ բաներ էինք նշել մեր դիմումում: Այսինքն, մեր դիմումն ավելի ծավալուն էր՝ 300 էջանոց հավելվածով»,- ասաց Տիգրան Հարությունյանը: Ստացվեց այսպես՝ «ՆՏ»-ն փորձեց առաջնորդվել ոչ թե Ազգային հանձնաժողովի ընդունած որոշումներով, այլ օրենքով, ու դուրս մնաց մրցույթից: Ընդունենք անգամ, թե Ազգային հանձնաժողովի որոշումը վեր է օրենքից: Սակայն նույնիսկ այդ դեպքում պիտի ընդունվեր «ՆՏ»-ի հայտը, իսկ կապուղին չնշելը համարվեր թերություն: «Ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքի 59 հոդվածի եւ հանձնաժողովի իսկ հաստատած մրցույթի կարգի 10 եւ 11 կետերի համաձայն՝ եթե ներկայացված փաստաթղթերը թերի են՝ կա՛մ դրանք ընդունելիս պետք է հայտնվեր դիմողին՝ նշում կատարելով ստացականում, կա՛մ էլ այդ փաստաթղթերը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հանձնաժողովը պիտի նախազգուշացում ուղարկեր: Եվ դիմողը մրցույթին մասնակցելու հնարավորությունից պիտի զրկվեր միայն այն ժամանակ, եթե առկա թերությունները չշտկվեին այդ 10-օրյա ժամկետում: Բայց օրենսդրության որեւէ դրույթով սահմանված չէ, թե դիմումը կարող են եւ չընդունել: Տիգրան Հարությունյանը հայտնեց, թե դիմելու են դատարան, նաեւ նշեց՝ «Դիմում չվերցնելն, ըստ երեւույթին՝ պետական պաշտոնյայի դիրքի չարաշահում է»: Մրցութային առաջարկները ներկայացվելու են նոյեմբերի 19-ին, եւ հուսանք, որ մինչ այդ «ՆՏ»-ն դատարանի միջոցով վերականգնած կլինի մրցույթին մասնակցելու իր օրինական իրավունքը: Ա, ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն «Ազատություն» ռ/կ-ին երեկ հայտնեց. «Ինձ համար արդեն սովորական է դարձել դատական պատասխանատվության կանչվելը»: Իհարկե, սովորական կդառնա, երբ սովորույթ է դարձել բացահայտ օրինախախտումներով գործելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել