Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԷԻ ԱՆԵԼ»

Նոյեմբեր 09,2002 00:00

«ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԷԻ ԱՆԵԼ» Անընդհատ հարցնում է հանրապետության նախագահի թիկնապահների կողմից «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը՝ զբաղվածության «Աջափնյակ» տարածքային կենտրոնի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը: – Ձե՞զ, թե՞ Պողոս Պողոսյանի կնոջը՝ տիկին Զոյային է սպանությունից հետո արվել գումարային առաջարկ: – Նման առաջարկ եղել է, բայց մերժել ենք: Գումարի չափ չի նշվել: Կարող եմ նաեւ ասել, թե ով է առաջարկել՝ աշխատակազմից: 2-3 «կանալ» է եղել: Առաջարկն ինձ է արվել, դե՛, ես իրավունք չունեի որոշելու՝ կարող է եղբորս ընտանիքին օգուտ լիներ: Գնացել, ասել եմ հարսիս, որ այսպիսի բան են առաջարկում, նա պատասխանեց՝ «Հրաժարվիր, ինձ պետք չէ այդ փողը, իրենց օգնությունը»: – Սակայն ինքն էլ հենց դիմո՞ւմ էր գրել Ռոբերտ Քոչարյանին ամուսնու 90 հազար դոլար պարտքերի մասին՝ խնդրելով փակել այն: – Հարսիս գրել էին տվել, թե իբր եղբայրս 90 հազար դոլարի պարտքեր ունի: Բայց այդ դիմումում ոչ թե փող կամ փոխհատուցում էր ուզել նախագահից, այլ միայն գրել էր, թե՝ այդքան պարտք ուներ, դուք սպանեցիք ամուսնուս, այդ պարտքը մնացել է՝ պիտի փակվի: Սա սարքված բան էր: Եղբայրս մեծ գումարներ աշխատող մարդ էր: Բայց անգամ ծխող չէր, իսկ նրան փորձում էին թմրամոլ ներկայացնել՝ միայն նրանք կարող են ունենալ նման պարտքեր: Ես էլ նրանց ասացի՝ հասկանո՞ւմ եք, թե ինչ խաղեր եք խաղում: Աշխատակազմից էր սա, բայց ես չկարողացա դեմն առնել: Նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի ընկերը գնացել էր մեր գյուղ, իր մորաքրոջ տղայի միջոցով հասել հարսիս, ասել՝ «Դու գրի, թե այսպիսի պարտք ունի, որ օգնեն»: Զոյան էլ միամտաբար գրել էր: Ազնվությամբ, ծանոթ չեմ եղել այդ դիմումին: Երբ իմացա, զանգեցի, ասացի, թե՝ չտաք այդ դիմումը: Բայց արդեն տվել էր: Իսկ գումարի չափը գյուղում էլ չեմ իմացել, թե հարսս ինչքան է գրել: Այդ մասին ինձ հետո ասել է այլ մարդ՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը, որ Ալիկ Հարությունյանի մոտ այդպիսի դիմում կա: Այդ 90 հազար դոլարի մասին գիտեին հազիվ 3-4 հոգի: – Փաստորեն, «Տարեգիրի» հրապարակումն այն մասով, որ Ձեզ գումար է առաջարկվել, համապատասխանում է իրականությանը: – Ոչ, չի համապատասխանում: Գրել էին, թե 90 հազար դոլար փոխանցվել է ինձ: Բայց մենք ո՛չ փող ենք վերցրել, ո՛չ էլ մեզ գումարի չափ է ասվել: Մեկը մյուսի հետ բոլորովին կապ չունեցող բաներ են: – Երբ պայթեցվեց Աղամալ Հարությունյանի «Մերսեդեսը», Դուք մամուլում հայտարարեցիք, թե նա այն գնել էր Պողոս Պողոսյանի ընտանիքի համար նախատեսված փողերով: – Այո, վստահ եմ, որ նա այդ մեքենան գնել էր այն փողերով, որոնք մեզ էին առաջարկվել: Ինձ այդպես էին ասել, թե այդ գումարով Աղամալին նվեր էին առել: – Ի տարբերություն իշխանամետ լրատվամիջոցների, որոնք կամ չէին անդրադառնում կամ էլ գերզգուշավոր էին լուսաբանում «Առագաստում» սպանության դատավարությունը՝ ընդդիմադիր մամուլը փորձում էր սատար կանգնել Ձեզ: Եվ այժմ խնդիր եք դարձրել այդ լրատվամիջոցներից մեկին պատասխանատվության ենթարկե՞լը: – Ես համաձայն եմ, որ նրանք կանգնել են իմ կողքին, ասենք՝ «Առավոտը» կամ «Ա1+»-ը օպերատիվ եւ անաչառ մեկնաբանեցին ամբողջ դատավարության ընթացքը: Բայց նաեւ դրա համար եմ զարմանում, թե «Տարեգիրն» ինչո՞ւ հրապարակեց այդ հոդվածը, ինչո՞ւ նախ չպարզեցին ճշմարտությունը: Եթե նրանք գրում են, թե փոխանցվել է իմ հաշվին (հրապարակման մեջ հաշվեհամարի մասին որեւէ խոսք չկա.- Ա. Ի.), թող նախ ստուգեին, թե ո՞ր բանկում է այդ հաշիվը, այդպիսի գումար նստա՞ծ է իմ հաշվին, թե՞ ոչ: Թող ինձ հարցնեին, կամ էլ, թեկուզ Աղամալ Հարությունյանին՝ ճի՞շտ է, թե՞ սխալ: Սա պատվերով է, եւ կրկնում եմ՝ այդ թվի մասին գիտեին 3-4 հոգի. հարսս, Ալիկը, Ռուբիկը, ընդ որում՝ ես իմացել եմ վերջինը: Այ, դրա համար էլ ես գիտեմ, թե ով է ասել: Դատարան դիմելով ես նպատակ էի հետապնդում ապացուցել, որ ազնիվ եմ՝ ո՛չ ինձ, ո՛չ եղբորս ընտանիքին չի հատկացվել նույնիսկ 1 դրամ օգնություն: Բացի այդ, մի կրակոցով խփեցին երկու թիրախի՝ սա նախ իմ հեղինակության, բայց նաեւ Դաշնակցության հարցն էր: – Ձե՞ր նախաձեռնությունն էր դատարան դիմելը, թե՞ Դաշնակցության: – Ո՛չ, միայն իմ: Դատի չտայի, ու մարդիկ մտածեին, թե ես իսկապես փող եմ վերցրել ու լռե՞լ: Բայց ես լռե՞լ եմ: Ուզում է՝ միլիոն խոստանային՝ իմ խղճի դեմ նախ պիտի պատասխան տայի, ամբողջ կյանքումս կտանջվեի: Այ դրա համար էլ չեմ լռել եւ չեմ գնացել ոչ մի գործարքի: Լավ գիտեք, որ չեմ լռել, չեմ խուսափել որեւէ հարցազրույցից, դիմել եմ վերաքննիչ դատարան, խնդրեմ՝ վերջին դիմումս էլ հուլիսի 8-ին էր գլխավոր դատախազին: Խնդրել եմ բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նոր նախաքննության, որ կատարվի բազմակողմանի, լրիվ եւ անաչառ քննություն եւ եղբորս սպանության մեջ մեղավոր բոլոր անձինք ի հայտ բերվեն: Անհեթեթ պատասխան ստացա գլխավոր դատախազից: Ուրիշ ի՞նչ կարող էի անել: Մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ կային, որոնք ուզում էին օգնել՝ մկան ծակը մտան: Ինձ թվում է՝ նրանք կա՛մ կաշառվեցին, կա՛մ վախեցան: Բոլորը փախան, լռեցին: Ինչ խոստանում էին կազմակերպել՝ ո՛չ մեկը չկատարեցին: Կլոր սեղան էին խոստանում անցկացնել, հայտարարություն պիտի արվեր, մամուլի ակումբը հրավիրեց ասուլիսի, հետո փոշմանեց: Ես այդ ամեն ինչին համաձայն եմ եղել: Թող անեին: Ուրիշ ի՞նչ կարող էի անել: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Երեկ դատարանը վճռեց ԱԱՆ-ին պարտավորեցնել Անդրանիկ Պողոսյանի՝ եղբոր թաղման ծախսերի համար պահանջած 20 հազար դոլարի փոխարեն՝ հատուցել 2000 դոլար: Հանգուցյալի ընտանիքի կարիքները հոգալու համար հայցվորի ներկայացրած պահանջները դատարանը եւս բավարարեց մասնակի. անչափահաս երեխային եւ մորն անհրաժեշտ 50 դոլարի փոխարեն՝ ԱԱՆ-ն կվճարի ամսական 10 դոլարին համարժեք դրամ, դստեր ծախսերի համար պահանջած 50 դոլարի փոխարեն՝ ամսական 5000 դրամ, իսկ ուսանող դստեր համար՝ 150 դոլարի փոխարեն 20 դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել