Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՑԵԼ Է ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻՆ

Նոյեմբեր 09,2002 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՑԵԼ Է ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻՆ Ադրբեջանական իշխանություններն իրենց մամուլում եւ եվրոպական ատյաններում չեն դադարում Հայաստանի հասցեին տարբեր մեղադրանքներ շաղ տալ։ Սեպտեմբերին կայացած Եվրախորհրդի հերթական նստաշրջանում Հեյդար Ալիեւի որդին իր ելույթում բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց, որի ամբողջական արձանագրությունը Եվրախորհրդի ինտերնետային էջում եւս կա։ Այդ մեղադրանքները շատ են (դրանց մասին՝ հետագայում), սակայն մենք կանդրադառնանք Ա. Ալիեւի այն խոսքերին, թե հայկական ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները թաղելու համար օգտագործվում է Ղարաբաղի տարածքը (իր խոսքով՝ «Ադրբեջանից օկուպացված տարածքները»)։ Ինչպես երեւում է նշյալ նստաշրջանի արձանագրությունից, Եվրախորհրդում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Ա. Գալոյանն է փորձում փոքր-ինչ շտկել Հայաստանի պատվիրակության խղճուկ վիճակը, Ա. Ալիեւի ելույթի մասին ասելով, թե պետք չէ հերյուրանքներով պատասխանել եւ ԵԽ քարտուղարությանն ու անդամներին առաջարկում է գալ Հայաստան եւ տեղում համոզվել Ալիեւի խոսքերի ստահոդ լինելու մեջ։ Ռադիոակտիվ թափոնների պահեստավորման ձեւերի եւ պահեստարանների թեման հարեւան պետությունը՝ Ադրբեջանը հաճախ է քաղաքական շահարկումների ենթարկում։ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի (ընդունված՝ 1998թ. փետրվարի 1-ին) հոդված 24-ում ասվում է. 1. ռադիոակտիվ թափոնների պահեստավորումն ու թաղումը թույլատրվում է միայն այդ նպատակով ստեղծված հատուկ պահեստարաններում եւ 2. ռադիոակտիվ թափոններ հավաքելու, պահեստավորելու եւ թաղելու կազմակերպման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ կարգավորող մարմնի ներկայացմամբ։ Հայկական ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը մեր զրույցի ընթացքում նույնպես նշեց, որ այս հարցը բազմիցս շահարկվում է հարեւան Ադրբեջանի կողմից։ Նա նշեց, որ թափոնները մի քանի տեսակի են լինում՝ բարձր, միջին եւ ցածր ակտիվության, հեղուկ, կոշտ եւ ռադիոակտիվ, եւ չնայած այդ թափոններն անհոտ են եւ ջերմություն չեն արձակում, սակայն հնարավոր չէ դրանք թաքցնել։ «Դա հնարավոր է ստուգել, բայց կարծես դրա ցանկությունը չունի Ադրբեջանը»,- ասաց Գ. Մարկոսյանը։ Նա հիշեցրեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր ասամբլեայի (ՄԱԳԱՏԵ) սեպտեմբերի 16-20-ը տեղի ունեցած 46-րդ հերթական նստաշրջանի ելույթները, ուր նույնպես ադրբեջանական կողմը փորձեր էր կատարել նույն մեղադրանքները հնչեցնել։ Մինչ ՄԱԳԱՏԵ-ի նշյալ նստաշրջանի նյութերին անդրադառնալը, պարոն Մարկոսյանը նշեց. «Հիմնական ռադիոակտիվ վտանգը կուտակված է աշխատած վառելիքի մեջ, որը թափոն չէ։ Ինչպես հայտնի է, թաց վառելիքն ընդհանրապես ռադիացիա չունի, մենք ձեռքով կարող ենք տեղաշարժել այն։ Ռեակտորի մեջ տեղադրելուց եւ գոնե 1-2 վրկ աշխատելուց հետո են սկսում ակտիվանալ բոլոր ռադիակտիվ էլեմենտները։ Կան հատուկ ավազաններ, ուր մենք տեղափոխում ենք ռեակտորից հանած աշխատած վառելիքը եւ երկու տարի պահելուց հետո նոր արդեն կիրառում ենք չոր պահպանման մեթոդը։ Ֆրանսիայի կառավարության դրամաշնորհով կառուցված է աշխատած վառելիքի համար չոր պահեստարան, այսինքն, աշխատած վառելիքը ատոմակայանում գտնվում է կամ ռեակտորի մեջ, կամ ավազանում, կամ պահեստարանում։ Ուրիշ տեղ ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետեւ դրանց ռադիացիան այնքան մեծ է, որ հնարավոր չէ մոտենալ։ Բացի այդ, Հայաստանը ստորագրել է միջպետական պայմանագիր՝ միջուկային զենքի չտարածման վերաբերյալ։ Միջազգային տեսուչների մշտական վերահսկողություն եւ մոնիտորինգ է կատարվում։ Նույնիսկ մեր ռեակտորը, որը հատուկ կնիքով փակված է, բացելու համար մենք թույլտվություն ենք վերցնում միջազգային տեսուչներից։ Վերջիններս հատուկ սարքերով ստուգում են բոլոր կասետները՝ մեկ առ մեկ. որում որքան ուրան կամ ուրիշ իզոտոպներ կան՝ գրամների ճշգրտությամբ»։ Ատոմակայանի Ռադիացիոն անվտանգության բաժնի պետի տեղակալ Կոնստանտին Փուսկուլյանը հավելեց, որ աշխատած վառելիքը, տեսականորեն, եթե արտահանենք, ժամանակակից սարքավորումների շնորհիվ, տիեզերքից կնկատվի։ Առավել եւս, աշխատած վառելիքը հողի տակ չի պահվում եւ, ինչպես նշեց ատոմակայանի ղեկավարությունը, Ղարաբաղում պահեստարան չկա։ Աշխարհի բոլոր ատոմակայաններում տարբեր տեսակի թափոններ կան։ Հայկական ատոմակայանում ավազանի ջուրը միշտ մշակվում է, աղային մասը եւ կեղտը հեռացվում են, հատուկ ձեւով պահպանվում, քանի որ հնարավոր չէ ջրի անսահման ծավալներ ստեղծել։ Հատուկ բաժանմունքներ կան, որոնք այդ կեղտաջրերն են հավաքում, իսկ թույլ, չոր ակտիվ թափոնները եւ աշխատանքի ընթացքում օգտագործված կենցաղային պարագաները ատոմակայանի տարածքի հատուկ «գերեզմանոցում» հիդրոմեկուսացման են ենթարկվում։ Տեղեկացանք, որ մեր կարգավորող մարմինը ամերիկյան ֆինանսավորմամբ մոնիտորինգ է անցկացնելու նաեւ Ղարաբաղում։ Ատոմակայանի ղեկավարությունը նաեւ նկատեց, որ ժամանակակից տեխնիկան զարգացած է այնքան, եւ մենք նույնպես ունենք մի այդպիսի սարքավորում, որ եթե Չինաստանում ատոմային զենք է փորձարկվում, այդ սարքի շնորհիվ այստեղ զգում ենք։ Այնպես որ, անհնարին է նման հզոր ակտիվությունը թաքցնել։ ՄԱԳԱՏԵ-ում ադրբեջանական կողմի մեղադրանքներին արձագանքել է Ավստրիայում մեր դեսպանը, որը բավական կոշտ է պատասխանել հնչած հերյուրանքներին, ասելով. «Բարեբախտաբար, մեր բոլորի համար ՄԱԳԱՏԵ-ն միջազգային ամենագործուն կազմակերպություններից մեկն է, որի նման գործունեության կարեւոր պատճառներից մեկը, հաշվի առնելով բազմանդամությունը, այն է, որ փորձում է բարձր մնալ քաղաքական հակասություններից…»։ Դեսպանը իր խոսքում նշել է, որ երբ Ադրբեջանը վերջերս դարձավ ՄԱԳԱՏԵ-ի անդամ, ինչ-որ պահի մեր պատվիրակությունը հույս ուներ, որ այդ անդամակցությունը հանգստացնող դեր կխաղա Ադրբեջանի հռետորության համար՝ կապված միջուկային անվտանգության հարցերի հետ։ Սովորաբար, անդամակցության հետ ի հայտ է գալիս որոշակի չափավորություն եւ պատասխանատվություն։ Սրա փոխարեն դեսպանը եւ մեր պատվիրակությունը հուսախաբված նկատում են, որ Ադրբեջանը ՄԱԳԱՏԵ մուտք գործելու համար չուներ այլ պատճառ, քան ՄԱԳԱՏԵ-ն օգտագործել որպես ամբիոն՝ եւս մեկ անգամ հարեւան Հայաստանի դեմ ձանձրացնող, անհիմն հերյուրանքներ տարածելու համար։ Դեսպանը նկատում է, որ եթե ադրբեջանական կողմի թշնամական առարկությունները մի կողմ թողնենք, ապա միջուկային անվտանգության, աշխատած վառելիքի թափոնների եւ տեռորիզմի վտանգի մասին կոնկրետ մեղադրանքները կմնան։ Դեսպանը ներողություն է խնդրում, որ չի պատասխանում ադրբեջանական կողմի անհեթեթություններին, բացի այն հարցից, որը կապված է անվտանգության հետ։ Նա ՄԱԳԱՏԵ-ի անդամներին հիշեցնում է, որ ՄԱԳԱՏԵ-ից եւ տարբեր երկրներից ավելի քան 30 առաքելություններ եւ տեսուչներ, ավելի քան 100 փորձագետներ, սկսած 1994-ից, ուսումնասիրել են միջուկային էներգետիկայի ծրագրի մեր բոլոր ասպեկտները։ Մի քանի առաջարկություններ են եղել Ադրբեջանին՝ միանալ մեր ուսումնասիրությանը եւ Ադրբեջանը մերժել է։ Դեսպանը ամփոփում է իր խոսքը՝ ասելով, որ Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքները սոսկ օգտագործվում են անվերջ կրկնելու նույն խոսակցությունները ագրեսիայի, օկուպացիայի, սեպարատիզմի եւ տեռորիզմի մասին։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել