Առաջինը՝ հայ բժշկության բազմադարյան պատմության էջերում Հոգեբույժ, հայ բժշկության պատմության քաջագիտակ Հարություն Մինասյանի «16-19-րդ դարերի լեհահայ բժիշկներ» (Երեւան, 2001) կենսագրական բառարանին մեկ տարի անց հաջորդեց եւս մեկ ուշագրավ նմանատիպ աշխատանք՝ «100 հայ հոգեբույժներ»։ Հայաստանի հոգեբույժների եւ թմրաբույժների ասոցիացիայի վարչության կողմից հրատարակության երաշխավորված 221 էջանոց սույն գրքում այբբենական կարգով ընդգրկված են 1217220172րդ դարերում Հայաստանում եւ այլ երկրներում ստեղծագործած հայ հոգեբույժների առաջին հարյուրյակի համառոտ կենսագրականները։ Գիրքը բացվում է բժշկագիտության դոկտոր, ՌԴ ԲԳԱ թղթակից անդամ Արսեն Հայրիյանի առաջաբանով, որին հաջորդում է հեղինակի «Հայաստանի հոգեբուժության համառոտ պատմությունը» 12 էջանոց խիստ օգտակար, պատմական իրողությունների նկարագրություններով հարուստ ուսումնասիրությունը։ Այնուհետեւ տրվում են 100 հայ հոգեբույժների կենսագրականները՝ լուսանկարներով եւ իրենց գիտական աշխատանքների ցանկերով։ Կենսագրական բառարաններ կազմելը չափազանց աշխատատար, մեծ համբերություն պահանջող տառապագին աշխատանք է։ Մասնագիտական գիտելիքներից բացի, բառարան կազմողին անհրաժեշտ են նաեւ տարաբնույթ վիթխարածավալ տեղեկություններ, շատ հաճախ նաեւ հեռախոսազանգեր, թղթակցություններ, զրույցներ բառարանում ընդգրկված գործչի հարազատների, ծանոթների հետ։ Հարություն Մինասյանը լիովին իրականացրել է իր առջեւ դրված խնդիրը։ Գրքի վերջում բերված շուրջ 70 հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով գրականության ցանկը վերը ասվածի լավագույն առհավատչյան է։ Գրքում բերված հոգեբույժներից շատերի անունները այսօր քչերին է հայտնի. Գրիգոր Գալֆայան (1900-1975), Գեորգի Գյուրջիեւ (1870-1950), Հայկ Յազմաճյան (1895-1975), ուրիշներ։ Իսկ բազմավաստակ հայագետ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի եղբոր՝ Վիչեն Օրմանյանի (1844-1889) կենսագրությունը հայտնություն էր ինձ համար։ Հ. Մինասյանի գիրքը արժեւորվում է հետեւյալ երկու պատմական իրողություններով եւս։ 213172 215 էջերում բերված են Երեւանում կայացած հոգեբուժական գիտաժողովների ցանկը եւ Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ Հայոց ազգային հիվանդանոցի մտային, ջղային եւ հոգեկան հիվանդությունների բաժնի ղեկավարների ու մասնագետ բժիշկների անունները՝ 1891 թվականից մինչեւ այսօր։ Տպագրության է պատրաստ Հ. Մինասյանի «Հայ բժշկական պարբերական մամուլը 1866172֊2000թթ.» հայագիտության համար հույժ կարեւոր մենագրությունը։ ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ Քիմիական գիտությունների թեկնածու, Հայաստանի կենսագիրների ակումբի անդամ