ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐԴԻԿ Պետական պաշտոնեություն. Արմեն Ազիզյան 1999-ի ամռանը շահագրգիռ ինչ-ինչ անձինք կառավարությունում նախաձեռնում են համոզել վարչապետին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ Ստանդարտացման, չափագրության եւ սերտիֆիկացման վարչության պետին՝ Արմեն Ազիզյանին: Խորհրդակցելու համար վարչապետը դիմում է կադրերի գծով իր խորհրդականին՝ Անդրանիկ Քոչարյանին: Ճակատագրի հեգնանքով այս երկու անձանց լարված հարաբերությունները 90-ականների սկզբին հայտնի են եղել ՆԳՆ ողջ կենտրոնական ապարատին, երբ Քոչարյանը զբաղեցնում էր ՆԳ 1-ին փոխնախարարի պաշտոնը, Ազիզյանը՝ քարտուղարության պետի: 99-ին, արդեն իբրեւ կադրերի գծով խորհրդական, Քոչարյանը հետաքրքրվում է, թե ով է զեկուցագրի հեղինակը: «Պարզ է, Արմենը սկզբունքային է, N-ը չէր կարող նրա հետ աշխատել… Մուտիլովկա է»: Անորոշությունը խորանում է, վարչապետը մի երրորդ կարծիքի համար կանչում է կառավարության աշխատակազմի ղեկավարին: «Արմեն Ազիզյանին ճանաչում ե՞ս»: «Այո, ընկերս է»: «Երբվանի՞ց»: «1997-ի հուլիսի 21-ից»: Բնականաբար ներկաները տարակուսում են ամիս-ամսաթվի ճշգրտությունից: Հետեւում է բացատրությունը. «Այդ օրը ես նշանակվել եմ կառավարության աշխատակազմի ղեկավար եւ մյուս վարչության պետերի թվում ծանոթացել Արմենի հետ: Ընկերս է այդ ժամանակվանից»: Այս միջադեպը պատմվեց ոչ տպավորություն ստեղծելու համար, թե Ազիզյանը ընդհանրապես հաջողակ մարդ է. նույնիսկ իբրեւ հակառակորդ նրան հանդիպում են ազնվություն ունեցող մարդիկ: Առավել ուշագրավը ակամա ձեւակերպված միտքն է. «Արմենը ընկերս է ծանոթության օրվանից»: Երեւի Ազիզյանի մասին դա ասում են բոլորը: – Պրն Ազիզյան, թե ՀՍՍՀ-ում, թե ՀՀ-ում, Դուք շարունակ պետական պաշտոնյա եք: Ես ցանկանում եմ սկսել մի հարցից, որին պատասխանելու եք իբրեւ քաղաքացի: Ե՞րբ էր պետության գոյությունն ավելի շոշափելի: 172 Հայաստանում նոր պետականություն է կերտվում, եւ առաջին հայացքից թվալու է՝ այժմ, քանի որ միշտ էլ ավելի ակնառու, ուշագրավ է այն, ինչ ստեղծվում է, քան այն, ինչ գոյություն ունի: Բայց պետության զգացողության հարցում, կարծում եմ, այդպես չէ։ Խորհրդային Միությունում քաղաքացին գուցե այնքան պաշտպանված չէր, ինչպես, ասենք, ԱՄՆ172ում: Բայց դու քաղաքացին էիր հզոր մի տերության, եւ կար պատրանքը, թե այդ հզորությունը պաշտպանում է նաեւ քեզ։ Կայսրություններն էլ վերջին հաշվով դրական կողմ ունեն՝ մասշտաբը եւ հզորությունը: Նայեք դրանց մայրաքաղաքներին՝ նույն Մոսկվան… Նյու Յորքում կարճատեւ եմ եղել, բայց այնպիսի ձգողականություն ունի, թվում է երկրագնդի կենտրոնում ես, Տոկիոն… խելահեղ ռիթմ է: Կայսրությունները արժեքներ թողնում են մարդկությանը, որքան էլ պատմականորեն դատապարտված են: 172 Որքան գիտեմ, Դուք սիրում եք «Բիթլզ», արեւմտյան կինո, սովորում էիք պոլիտեխնիկական ինստիտուտում, բայց աշխատանքային կարիերան սկսել եք ՆԳՆ-ում, որտեղ հաստատ «բուրժուական» ճաշակ չէր խրախուսվում, ոչ էլ ազատության ոգի: 172 1981172ին ավարտեցի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ, իսկապես, աշխատանքի անցա ՆԳ համակարգում։ Այդ տարիներին պոլիտեխնիկականից բավականին շատ կադրեր ընդունեցին ՆԳՆ։ Կարծում եմ՝ ինտելեկտուալ առումով դա դրական ազդեցություն ունեցավ, համենայնդեպս, իրավաբանականի կոռումպացված մտածողությամբ կադրերի համեմատ պոլիտեխնիկականից եկածները նախընտրելի էին։ Իմ ընտրությունն էլ կարծում եմ բացատրելի էր. գոնե արտաքուստ կոմիսարի կերպարը, նաեւ աշխատանքը գրավչություն ունի: – Գրավչության համար գնացիք ՆԳՆ: Հետո այդ գրավչությունից ի՞նչ մնաց: – Դե, ՆԳ համակարգ ընդունվեցի 5-րդ՝ Ուղղիչ աշխատանքների բաժանմունքում, 85-ից գլխավորեցի բաժանմունքը: 89-ին, նշանակվեցի ՆԳ Քարտուղարության պետ: 90-ին, երբ ՀՀՇ-ականները եկան համակարգ, կարծում եմ, ցանկանում էին, որ Քարտուղարությունը /թերեւս նաեւ մյուս ստորաբաժանումները/ իրենց մարդիկ ղեկավարեն: Ես ՀՀՇ-ի հանդեպ հակակրանքս չէի թաքցնում, բայց ծառայողական պարտականությունները կատարելիս երեւի թե այնքանով էի պրոֆեսիոնալ, որ անձնական համակրանք-հակակրանքները դեր չէին կատարում, միգուցե փորձառություն ունեի. համենայն դեպս ինձ չէին ազատում, եւ ինչ-որ ժամանակ դրանից գոհ էի: Բայց երբ սկսեցին նախարարներ փոխվել, արդեն ինքս էի դիմում, որ ազատեն: ՆԳ Քարտուղարության պետի պաշտոնը երկակի բնույթ ուներ. մի կողմից՝ անմիջականորեն համակարգի հետ ես աշխատում, մյուս կողմից՝ ի պաշտոնե հայտնվում ես ամեն մի նոր նախարարի անհատական աշխատակազմում: Կարելի է աշխատել մի նախարարի հետ, մյուսի, բայց 3 տարում վեց նախարար… այնպես որ, երբ Սիրադեղյանը եկավ, արդեն ոչինչ չէի ուզում, բացի Քարտուղարությունից դուրս գալուց: Ավելի ճիշտ, ընդհանրապես համակարգից էի ցանկանում դուրս գալ: – Պրն Ազիզյան, գիտե՞ք, Ձեր մի գնահատականը այնքան էր ինձ դուր եկել, որ անվերջ ու բոլորին պատմում էի. 97-ին էր, հարցրեցի՝ Դուք ՊԱԿ-ի՞ց եք, ասացիք. «Չէ, ՆԳՆ-ից, իսկ ի՞նչ տարբերություն»: «Երեւի մոտավորապես նույն տարբերությունը ինչ օդաչուի եւ վարորդի մեջ»: Ասացիք. «Ես հակառակը կասեի, բայց հիմա միեւնույնն է, բոլորն էլ վարորդ են դարձել»: – Կատակել եմ, բայց այնքան էլ սխալ չեմ ասել: – Իսկ այժմ Մտավոր սեփականության գործակալություն ղեկավարելու մասին ի՞նչ կասեք. հաջողություն ունե՞ք: – Հաջողություն… չէի ասի, թե առանձնակի հաջողություն եմ տեսնում: Տարեկան այս վարչությունում շուրջ 200 գյուտեր են արտոնագրվում, բայց հետագա ներդրում չեն գտնում: Չհաղթահարվող խզում կա նորարարական մտքի եւ գործարարության միջեւ: Կամ, համակարգչային ծրագրավորման ոլորտում մեր ծրագրավորողները հեղինակային իրավունքները աշխատանքային պայմանագրերով վաճառում են արտերկրի միջնորդ ֆիրմաներին: Մեր գործարարներն էլ պատճառաբանում են, թե պատվեր բերել չեն կարող, եթե հեղինակային իրավունքները չվաճառվեն: Այս արատավոր շրջանից ինչ-որ ելք պիտի լինի: Ծրագրավորողների պահանջարկն աշխարհում մեծ է, իսկ մեր մասնագետները մրցակցության դիմանում են: Ես դեմ եմ, որ Հայաստանից մեկնի տեխնիկական մտավորականություն, բայց նրանց ներուժը կորստյան չմատնել եւ արտագնա աշխատանք կազմակերպել գուցե իմաստ ունի: Գուցե նման միջնորդ դերակատարություն պետք է ստանձնի մասնավոր սեկտորը, իսկ գուցե պետությունը: – Ճիշտն ասած ես երբեք չեմ կարողանում հասկանալ, ինչո՞ւ պետք է Հայաստանը պաղպաղակ կամ ծխախոտ արտադրի, եթե կարող է քիմիկներ ու ֆիզիկներ արտադրել: Դա ամենքը չեն կարող: – Հնարավոր է, ճիշտ ես: – Վերջին հարցը: Դուք, որքան հասկացել եմ, հավանում եք Մոսկվան, Նյու Յորքը, Տոկիոն: Իսկ Երեւանը… – Երեւանը համեմատությունից դուրս է, Երեւանը սիրում եմ: 93-ին, երբ ՆԳՆ-ից դուրս եկա, երկու-երեք տարի Մոսկվայում էի: Վերադարձա մեքենայով: Աշտարակի խճուղուց որ մտանք քաղաք, այդ զգացողությունը հիշում եմ. կարծես ինքս ինձ էի գտել… ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ