Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասին չեն ճանաչում

Նոյեմբեր 08,2002 00:00

Կոմիտասին չեն ճանաչում Մինչդեռ դրսում մեծարում են Վերջերս Մոսկվայում կայացած Կաբալեւսկու անվան միջազգային փառատոնում դիպլոմի արժանացած Անին ոգեւորությամբ պատմեց մրցույթում իր ունեցած հաջողության մասին։ Սակայն ափսոսեց, որ ոչ միայն առանց իր ուսուցչի կամ ֆակուլտետի դեկանի էր մեկնել, ի տարբերություն օտարազգի մյուս մասնակիցների, այլեւ Մոսկվայում Հայաստանի դեսպանատնից մրցույթին ներկայացուցիչ չէր եղել։ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի երաժշտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Դիլանյանի դեկանը՝ Արկադի Շեկունցը, որպես ժյուրիի անդամ, նույնպես հրավիրված է եղել մրցույթին մասնակցելու։ Սակայն, ինչպես Անին պատմեց, այդ օրերին իրենց համալսարանում տեղի ունեցած «հեղաշրջումը» (նկատի ունի ռեկտորին աշխատանքից ազատելու եւ նորին նշանակելու փաստը- Լ. Բ.) խոչընդոտել է իր մեկնելուն։ Մրցույթին մասնակցել են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մոնղոլիայից, նախկին Խորհրդային Միության հանրապետություններից։ Ա. Շեկունցի խոսքերով. «Մասնակից բոլոր երկրների դեսպանատներից մրցույթին եղել են ներկայացուցիչներ՝ բացի Հայաստանից, չնայած որ մեր դեսպանը երաժիշտ է։ Եվ հիմնականում նրանք են ներկայացրել իրենց մասնակիցներին։ Ճիշտ է, Անին այնտեղ մենակ էր մնացել, բայց պատվով է դուրս եկել»։ Այնուհետեւ իր ուսանողուհու արժանիքները մեկ առ մեկ թվարկելով, պրն Շեկունցն ավելացրեց. «Անին մեր լավագույն ուսանողներից է։ Հմուտ ջութակահար է, օժտված է ձայնային լավ տվյալներով, կազմակերպչական ջիղ ունի։ Ակնհայտ է, որ ինքն ի ծնե մանկավարժ է։ Ի դեպ, մրցույթը կրում էր «21-րդ դարի երաժշտության ուսուցիչը» խորագիրը, եւ պատահական չէ, որ երբ մեր համալսարանը փառատոնին մասնակցելու հրավեր ստացավ, Անիի թեկնածության վրա կանգ առանք»։ Անին պատմում է, որ մրցույթից մի քանի օր առաջ, երբ արդեն Մոսկվայում էր, իրեն կցել են տեղի հայկական մի դպրոցի եւ արդեն մրցույթի ժամանակ այդ դպրոցի հայ երեխաների հետ բաց դաս է անցկացրել եւ ներկայացրել է Կոմիտաս։ Միաժամանակ ջութակ եւ շվի է նվագել։ «Փառատոնի վերջին օրը, դիպլոմը հանձնելու ժամանակ օտարազգի ներկայացուցիչները խոնարհվում էին Կոմիտասի արվեստի առջեւ,- ասում է Անին,- ինչը մեծ պատիվ էր մեզ համար։ Բայց միաժամանակ ցավով եմ նշում, որ Երեւանի դպրոցներում աշակերտները չգիտեն, թե Կոմիտասն ով է»։ Անդրադառնալով մեր դպրոցականների չտեղեկացված լինելուն, Անի Դիլանյանի դեկանն ավելացրեց. «Մեր ուսանողները, երբ հանրակրթական դպրոցներ պրակտիկայի են գնում եւ երեխաներին հարցնում են, թե ո՞վ է Կոմիտասը, վերջիններս պատասխանում են, որ Կոմիտասի անվան փողոց կա, բայց թե ինքն ով է՝ չգիտեն։ Էլ չեմ ասում մեր մյուս կոմպոզիտորների մասին»։ Պրն Շեկունցը մեծ պրոբլեմ համարեց այն, որ այսօր հանրակրթական դպրոցներում երաժշտություն եւ կերպարվեստ առարկաները մինչեւ 4-րդ դասարանն են ուսումնասիրում։ Զուգահեռներ անցկացրեց մեր եւ Ճապոնիայի, Հունգարիայի, Ռուսաստանի դպրոցների միջեւ, որոնցում մինչեւ 9-րդ դասարանը ներառյալ եւ շաբաթական 3-4 ժամ են անցնում. «Պատմությունից էլ գիտենք, որ Սանահինի, Գլաձորի, Տաթեւի համալսարաններում ընդամենը երեք ֆակուլտետ է եղել՝ երաժշտության, նկարչության եւ թարգմանչական։ Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում մինչեւ 11-րդ դասարան երաժշտություն են անցել։ Այսօր մեր երեխաները տգետ են մեծանում։ Մինչեւ 4-րդ դասարան են անցնում՝ քիչ չէ, այն էլ դասղեկներն են դասավանդում»։ Ա. Շեկունցի խոսքերով, իրենք բազմիցս դիմել են ԱԺ, որպեսզի բարձր դասարաններում նույնպես վերականգնվեն երաժշտության դասընթացները, բայց արձագանք չեն ստացել. «Հանրակրթական դպրոցների համար դասագրքեր ունենք հրատարակված, կան նաեւ ձայնապնակներ, բավական մեծ գումարներ են հատկացվել դրանց համար, որպեսզի երեխաները կարդան եւ երաժշտություն ունկնդրեն»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել