Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ՝ ԻՆՉՊԵՍ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ

Նոյեմբեր 08,2002 00:00

ՈՎ՝ ԻՆՉՊԵՍ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ Օպերային թատրոնի մեներգչուհի Իրինա Զաքյանի անունը միայն Օպերային թատրոնի հետ չի կապվում։ Նա գտնում է, որ իր երգչուհի դառնալը միայն այս թատրոնով չի պայմանավորված. «Ես երգել եմ բոլոր մեծ մաեստրոների հետ՝ Դուրյան, Ճգնավորյան, Չեքիջյան»։ Ի դեպ, երգչուհին չի մասնակցել որեւէ միջազգային մրցույթի եւ կայացել է առանց դրանց, քանզի գտնում է, որ միջազգային մրցույթներին մասնակցելու հակումը շատերի համար ուղղակի հիվանդության է վերածվել։ Օհան Դուրյանը Ի. Զաքյանին գնահատել է իբրեւ «գեղեցիկ տեմբրով եւ մեծ երաժշտականությամբ օժտված երգչուհի, որը կարող է մեզ պատվով ներկայացնել ամբողջ աշխարհում»։ Եվրոպական մամուլում եւս նրա ելույթները ջերմ արձագանքի են արժանացել։ Սեպտեմբերի 11-ին, երբ աշխարհի բոլոր անկյուններում ռեքվիեմներ էին հնչում ԱՄՆ-ում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին, Իրինան Լեհաստանում էր։ Հայաստանը նա էր ներկայացնում (սոպրանո), տենորը ԱՄՆ-ից էր, իսկ մյուս արտիստները Վարշավայի օպերային թատրոնից էին։ Դեռ անցյալ տարի, երբ ՀՖՆ-ի հետ կատարվում էր Վերդիի «Ռեքվիեմը», Հայաստանում էր հանրահայտ տենոր Չեզարե Ռուքը։ Համերգի տեսագրությունը նա իր հետ տարել էր Լեհաստան, իսկ ազգությամբ լեհ Անդրե Շվեդը, լսելով Իրինային, պարզապես սիրահարվել էր նրա ձայնին ու հրավիրել Լեհաստան։ Եվ այսպես ծնվել էր համագործակցությունը։ Ի. Զաքյանն իր բոլոր ելույթներն էլ հիշարժան է համարում, սակայն դրանց մեջ առանձնացնում է հատկապես Լեհաստանում կատարված «Ռեքվիեմը», որը համարում է բոլոր ռեքվիեմներից բարդագույնը, էլ չենք խոսում սոպրանոյի՝ իր պարտիայի մասին։ Գաղտնիք չէ, որ Ի. Զաքյանը երգչուհի է, որ երգում է Հայաստանի բոլոր համերգներին եւ հաճախ հրավիրվում Եվրոպա։ Սակայն Օպերային թատրոնում նրան կարծես «չեն նկատում»։ «Ղեկավարության հետ ես պրոբլեմ չունեմ։ Իրենք գիտեն, որ ես կամ, երգում եմ,- ասում է երգչուհին,- Գեղամ Գրիգորյանն էլ կարծես վատ չի տրամադրված, բայց, չգիտես ինչու, լուրջ դերերգեր ինձ չեն վստահվում։ Ծանոթներիցս մեկը խորհուրդ տվեց երգելու համար պայքարել։ Բայց ես կռվի դաշտում չեմ, որ պայքարեմ։ Ես երգչուհի եմ, որը պիտի երգի, ոչ թե պայքարի»։ Հայտնի է, որ Զաքյանն առաջինն էր պատրաստել Նորմայի դերերգը, որն այդպես էլ չկատարեց. «Ես կառչած չեմ Օպերային թատրոնից, անկախ նրանից, աշխատո՞ւմ եմ այդ թատրոնում, թե ոչ, ինձ պետք է հրավիրեն երգելու։ Իսկ եթե մարդիկ չեն հրավիրել իրենց ուրախությանը, ուրեմն չեն ցանկացել»։ Ըստ երգչուհու, Օպերային թատրոնում շատ քչերն են հանձնարարվածն արագ սովորում, որոնցից մեկն էլ ինքն է։ Նորման էլ առաջինը ինքն էր պատրաստել եւ Վահագն Պապյանն առաջինն իր հետ է սկսել աշխատել։ Սակայն մինչեւ վերջին օրը պարզ չի եղել, թե ով ինչ է երգելու։ Ի. Զաքյանի կարծիքով, թեեւ թատրոնի ղեկավարության նման «վարքագիծը» միշտ զգաստ է պահում արտիստին, բայց մյուս կողմից էլ բացասական կողմ ունի. մարդը միշտ լարված է լինում, քանի որ չի իմանում՝ վերջապես ի՞նքն է երգելու, թե՞ մեկ ուրիշը։ Ինչեւէ։ Նա առաջիկայում հրավեր ունի Սերբիայից. մայիսին այնտեղ կոնֆերանս է անցկացվելու, եւ տեղի օպերային թատրոնի տնօրինությունը մասնակցության հրավեր է ուղարկել նաեւ հայ երգչուհուն։ Ի. Զաքյանին խնդրել են տանել իր ձայնագրությունները, որոնք ձեռք բերելը արդեն ինչ-ինչ խնդիրներից է կախված։ Երգչուհին վստահ է, որ կարող է ֆիլհարմոնիայից առանց գումարի ստանալ ձայնագրությունների օրկեստրային տարբերակները, քանի որ ցանկացած ստուդիայում ձայնագրվելը լուրջ գումարի հետ է կապված։ Ի. Զաքյանին, ինչպես երաժշտական աշխարհի շատ ներկայացուցիչների, նույնպես մտահոգում է այն հարցը, որ Հայաստանում լուրջ երաժշտությունը փոքր լսարան ունի, եղածն էլ «խեղդվում» է ամբոխի մեջ։ Այս հարցում, ըստ երգչուհու, մեղքի մեծ բաժին ունի հեռուստատեսությունը, որը չի պրոպագանդում այն։ Մի հետաքրքիր միջադեպ. վերջերս հեռուստաընկերություններից մեկն իր հայտնի մշակութային հաղորդմանը հրաժարվել է հրավիրել Ի. Զաքյանին, պատճառաբանելով, որ նա շա՜տ է երիտասարդ։ Երգչուհին ցանկանում է, որ «տեղ տան, ոգեւորեն երիտասարդներին, բայց միաժամանակ չարհամարհեն մեծերին»։ Դրա փայլուն օրինակները կան Ռուսաստանում։ Իսկ Հայաստանում ո՛չ շնորհալի երիտասարդներին գնահատել գիտեն, ո՛չ էլ երախտավորներին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել