100 դրամ՝ արտաքինի համար «Կրթության վարչություն միայն մուրացկաններն են գալիս…» «Ամենքի հետ կարող է պատահել այն, ինչ պատահում է մեկի հետ»։ «Ուրիշից ակնկալիր այն, ինչ ինքդ ես ուրիշին անում»։ Արդեն թեւավոր դարձած եւ իմաստուն այս խոսքերի հեղինակը՝ մ.թ.ա. 1-ին դարի հռոմեացի նշանավոր մնջախաղորդ եւ բանաստեղծ Պուբլիլիոս Սիրոսն է։ Այս հղումը ամենեւին էլ պատահական չէ եւ ծնվեց այն բանից հետո, երբ իր հետ պատահած միջադեպի մասին ինձ պատմեց մեր հանրապետության մամուլում շուրջ կես դար աշխատած եւ վաստակաշատ մի լրագրողուհի։ Հասկանալի պատճառներով ես նրա անունը չեմ նշի, բայց որ վերջին 10 տարիներին, իր աշխատած թերթի փակումից հետո, նա անգործ էր մնացել եւ ապավինում էր միայն թոշակին, դա փաստ էր։ Նա հագնում էր 15-20 տարի առաջ գնված իր հագուստը, բայց սնվել չէր կարող։ Մոտ երկու ամիս առաջ տիկինը որոշում է այցելել մայրաքաղաքի մերձակա քաղաքներից մեկում բնակվող իր դպրոցական եւ ուսանողական ամենամոտ ընկերուհուն։ Վաղուց չէին հանդիպել, հասցեն չէր հիշում եւ որոշում է, որ իրեն կօգնեն քաղաքապետարանի կրթության վարչությունում։ – Ինչպե՞ս կարող էին այնտեղ չճանաչել 40 տարի այդ քաղաքում աշխատած մանկավարժին,- մտածում է տիկինը եւ մեծ դժվարությամբ, ի վերջո, գտնում անհրաժեշտ դուռը։ Դռան բախոցի պատասխանը չստանալով, նա վարանոտ քայլերով մտնում է մի սենյակ, ուր աշխատակիցները աշխույժ զրուցում, բարձրաձայն ծիծաղում եւ սրճում էին։ Չարժանանալով ոչ մեկի գոնե հետաքրքրասեր հայացքին, նա անվստահ դիտում էր ներկաներին, փորձելով որսալ գեթ մի ուշադիր հայացք, որպեսզի դիմի նրան իր խնդրանքով։ Բայց հենց նույն պահին էլ կտրուկ քայլերով կնոջն է մոտենում աշխատակիցներից մեկը եւ նրա ձեռքը խոթելով 100 դրամ, պարզապես հրում է դեպի դուրս եւ դուռը շրխկոցով փակում երեսին։ Շվարած, շփոթված եւ այլայլված կինը հազիվ ուշքի է գալիս եւ գիտակցելով, որ իրեն ընդամենը մուրացկանի տեղ են դրել, կրկին ներս է մտնում, սեղանին դնում 100 դրամը եւ վիրավորանքը մի կերպ զսպելով, հայտնում, թե ով է ինքը եւ որն է իր այստեղ հայտնվելու պատճառը։ Կիսատ-պռատ ներողությունից հետո կրթության բնագավառի «վայ» աշխատողները արդարանում են, որ բացի մուրացկաններից իրենց մոտ այլ այցելուներ չեն գալիս եւ դա է ընդամենը թյուրիմացության պատճառը… ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ