Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԸ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է՝ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՏՈՒԺՈՂ

Նոյեմբեր 08,2002 00:00

ՊԱՇՏՊԱՆԸ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է՝ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՏՈՒԺՈՂ Սամվել Առաքելյանի սպանության գործը, որը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ Հ. Ղարախանյանի վարույթում՝ նախաքննության փուլում էր։ Հոկտեմբերի 29-ին սույն գործով մեղադրյալ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ մի միջնորդությամբ, որով պահանջում էր դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրօրի 99 հոդվածի 6-րդ կետով եւ կարճել այդ մասով նրա նկատմամբ քրգործի վարույթը։ Եվ քրգործից անջատված մասով Ա. Այվազյանին էլ ճանաչել տուժող։ Պաշտպանը բավականին կոշտ որակումների է արժանացրել նախաքննության մարմնին, գտնելով, որ «մի շարք լուրջ բացթողումներ» կան եւ որ անհրաժեշտ է կատարել բազմաթիվ լրացուցիչ քննչական գործողություններ։ «Ձեր կողմից թույլ տրված խախտումներն այնքան կոպիտ են եւ ակնհայտ, որ (իմանալով Ձեր որակավորումը) տպավորություն է ստեղծվել, թե Ձեր կողմից միտումնավոր կերպով արվել է ամեն ինչ, որպեսզի գործը կրկին վերադառնա լրացուցիչ նախաքննության», գրված էր միջնորդության մեջ։ Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացնում է, որ «առանց լուրջ քննություն կատարելու, հարցաքննելով միայն տուժողի իրավահաջորդ Ստեփան Առաքելյանին (դատախազ Վ. Շահինյանին այցելելու մասին) եւ Միհրան Մովսիսյանին, դուք փաստորեն ձեռք չբերելով որեւէ նոր ապացույց, նախկին նախաքննության նյութերի հիման վրա Ս. Առաքելյանի սպանությունը կրկին մեղսագրել եք Ա. Այվազյանին»։ Վերջինիս մեղսագրված «դիտավորյալ սպանությունը» պաշտպանը չի ընդունում, գտնելով, որ «դիտավորյալ սպանությունը չի կարող համարվել բացահայտված, քանի դեռ չի պարզված սպանության դրդապատճառը»։ Կասկածի տակ են դրվում եւ ապացույցները, տուժողի շորերի վրա եղած վնասվածքները. «Վերնաշապիկի վրա չկան կտրող-ծակող գործիքի վնասվածքներ, սակայն կան բազմաթիվ բեկորային վնասվածքներ, որոնք անհամատեղելի են ձեր կողմից ընտրված մեղադրական վարկածի հետ»։ Հոկտեմբերի 29-ին պաշտպանի միջնորդությունը մերժվում է եւ այն, որ «ապացույցներն անտեսվել են»՝ հերքվում, քանի որ, ըստ քննիչ Հ. Ղարախանյանի, «ապացույցները գնահատվել են, որի արդյունքում էլ որակվել են մեղադրյալի արարքները»։ Ինչ վերաբերում է պաշտպանի միջնորդությանը (Արթուր Այվազյանին ճանաչել տուժող), քննիչը գտնում է, որ «դա տեղին չէ… քանի որ Ա. Այվազյանի ցուցմունքները արժանահավատ չեն եւ մտացածին»։ Առարկելով փաստաբանին, որն ասել էր, թե նախաքննության ժամկետը լրացել է 15.09.02, մինչդեռ 16.09.02 կատարվել են մի շարք դատավարական գործողություններ, Հատկապես կարեւոր գործերի քննիչը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազի տեղակալի կողմից քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացվել էր եւ ժամկետի խախտումներ չեն եղել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել