Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի վերադարձին ԱԺ-ում չեն հավատում

Նոյեմբեր 08,2002 00:00

Տեր-Պետրոսյանի վերադարձին ԱԺ-ում չեն հավատում Ինչպե՞ս են ԱԺ-ում գնահատում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու հնարավորությունները: Երեկ այդ հարցադրմանը պատասխանեց ԱԺ «ՕԵ» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը. «Ես ձեռքիս տակ սոցիոլոգիական հարցումների տվյալներ չունեմ: Որպես քաղաքագետ՝ ես հակված եմ պրակտիկ նյութի վրա կանխատեսումներ անել: Որոշ ժամանակ անց այդ զոնդաժները հավանաբար կլինեն եւ, դրա արդյունքները համադրելով, նաեւ՝ հաշվի առնելով մեր փորձը, կկարողանանք հստակ բան ասել: Մինչեւ ընտրություններ դեռեւս ժամանակ կա, իսկ ՀՀ քաղաքական կյանքում դեռ շատ բաներ կարող են փոխվել»: «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանն էլ որոշեց մեջբերում անել իր կուսակից Ալեքսան Կարապետյանից, բայց հայտարարեց՝ «Ես ուզում եմ հիշատակել իմ լավ գործընկերոջ՝ Ալեքսան Հարությունյանի պատախանը…», ու հետո միայն իրեն շտկելուց հետո «հազար ներեղություն» խնդրեց: Լրագրողները ենթադրեցին, թե պրն Գեղամյանը գուցե հաճախակի շփումներ է ունենում հատկապես Ալ.Հարությունյանի հետ: Իսկ Ալ.Կարապետյանը երեկ նույն հարցի առնչությամբ տեսակետ էր հայտնել «ՀԺ» օրաթերթում: «Ինչ վերաբերում է Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրմանը՝ կրկնում եմ. ուզում եմ հավատալ, որ պարոն Տեր-Պետրոսյանը այդ աստիճանի կտրված չէ իրականությունից, որ առաջադրվի: Եթե առաջադրվի՝ կնշանակի ճիշտ է այն պնդումը, թե ժողովրդի թիկունքում պայմանավորվածություն կա նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ: Այն է՝ ներկա իշխանություններն անցած 5 տարիներին ապացուցեցին, որ հիմնովին տապալել են ԼՂ հիմնահարցի լուծումը եւ, բնականաբար, հարկադրված են իշխանափոխության գնալ, որովհետեւ այն կարգախոսները, որոնցով եկան իշխանության, փաստորեն սին էին եւ մոլորեցրել էին ժողովրդին: Այսօր թեկնածուների միջեւ հակառակորդ չկա: Կա ընդամենը մեկ անձնավորություն, որը հակառակորդն է համայն հայ ժողովրդի. դա Ռ.Քոչարյանն է: Ուստի նրա դիմաց կանգնած բոլոր ուժերն ի սկզբանե դատապարտված են դաշնակից լինելու»,- եզրակացրեց նա: Կոմունիստ Ֆրունզե Խառատյանի կարծիքով. «Քաղաքական պայքար է, եւ եթե Լ.Տեր-Պետրոսյանը ցանկանում է մասնակցել նախագահական ընտրություններին՝ դա նրա անձնական գործն է: Ես դա շատ նորմալ եմ համարում: Կանխագուշակումներ չեմ ուզում անել: Կարեւորն այն է, որ այդ ընտրություններն արդար լինեն»: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն էլ չցանկացավ, որ Ստ.Դեմիրճյան եւ Լ.Տեր-Պետրոսյան ազգանուններն իրար կողքի հնչեն. «Ավելի ճիշտ կլիներ՝ կողք կողքի դնել Լ. Տեր-Պետրոսյանին եւ Ռ.Քոչարյանին, որովհետեւ մեկը մյուսին իրավահաջորդ են: Մյուս կողմից՝ ինձ զարմացնում է այդ հարցի արհեստականորեն եւ անընդհատ բարձրացումը: Շոշափել մի անձի անուն, որը ակնհայտորեն առնվազն այնքան տրամաբանություն ունի, որ իր թեկնածությունը չի էլ առաջադրի, որովհետեւ ժողովրդի վերաբերմունքը նրա հանդեպ՝ հայտնի է: Համոզված եմ. նախ՝ եթե Տեր-Պետրոսյանը նույնիսկ առաջադրի իր թեկնածությունը՝ լուրջ շանսեր չունի, երկրորդ՝ դա նույնիսկ ձեռնտու է ընդդիմությանը, որովհետեւ նա տանելու է Ռ.Քոչարյանի ձայները: Իսկ Ստ.Դեմիրճյանի շանսերն էապես կախված են այն բանից, թե նա արդյո՞ք կլինի միասնական թեկնածու: Ընդհանրապես, միասնական թեկնածու դարձած որեւէ անձի շանսերն, իմ գնահատմամբ, լինելու են գրեթե հաղթական»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել