Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտ 13»-ը կլինի եթերում

Նոյեմբեր 08,2002 00:00

«Արտ 13»-ը կլինի եթերում Հեռուստաընկերության հիմնադիր Սեյրան Շահսուվարյանը կարծում է, որ ամենաշատն ինքն է հասկանում «Ա1+»-ի վիճակը: Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՝ արգելվում է, որ պետական կառավարման մարմինները լինեն մասնավոր հեռուստաընկերությունների հիմնադիր, պետական պաշտոնյաները միջամտեն հեռուստաընկերությունների գործունեությանը: Ուստի եւ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանից հետաքրքրվեցինք, արդյոք իր կողմից «Արտ 13»-ի հիմնադրումը չի՞ կարող դիտարկվել որպես օրենքի դրույթների շրջանցում: «Բայց երբ այդ հեռուստառադիոընկերությունը հիմնադրվել է՝ մեր պետությունն էլ չի եղել: Այն գոյություն ունի 1986-ից, եւ կապուղու արտոնագիր էլ ես ստացել եմ «Նորք» հեռուստաընկերության փակվելուց հետո, երբ ոչ մի տեղ չէի աշխատում»,- պատասխանեց Սեյրան Շահսուվարյանը: Բացի այդ, ինչպես նշեց նա՝ «Արտ 13»-ն ունի իր գործադիր տնօրենը եւ այլն, ես ընդամենը հիմնադիրն եմ»: «Արտ 13»-ը վաղուց է կապուղի ստացել, բայց այդպես էլ չէր օգտվում հեռարձակման հնարավորությունից: Իսկ արտոնագիրը ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում հեռուստահաղորդումներ չհեռարձակելու պարագայում Ազգային հանձնաժողովը կարող է ուժը կորցրած ճանաչել արտոնագիրը: Օրենքի այդ դրույթն «Արտ 13»-ի նկատմամբ չկիրառվեց, նրան հատկացված կապուղին չհամարվեց ազատ: Մինչ այժմ կապուղին չօգտագործելը պրն Շահսուվարյանն այսպես բացատրեց. «Մենք հաղորդակը պատվիրեցինք, այն արդեն պատրաստման փուլում էր, բայց պարզվեց, որ մեզ տրամադրված 53 կապուղին ազդում էր օդանավակայանի վրա: Դա չեղյալ հայտարարվեց. ես ստացա նամակ, թե այդ կապուղին չի կարելի օգտագործել՝ ձեզ տեղափոխելու ենք: Եթե ՀՀՑ-ի համար դա ընդամենը մի նամակ էր, մեզ համար այդ տեղափոխումը նորից հսկայական ծախսեր էին, ասենք՝ նորից ԱՄՆ գնալ էր, քանի որ հաղորդակներ պատրաստող հայտնի «Հարիս» ֆիրմայի հետ էին մեր բոլոր պայմանավորվածությունները: Այլեւս ի վիճակի չէինք նորից անել այդ բոլոր ծախսերը, ուստի կանգնեցրինք գործընթացը»: Ամռանը հայտարարվեց, թե «Արտ 13»-ով պիտի վերահեռարձակվի ռուսական MTV-ին, հետո ինչ-ինչ պատճառներով այդ գործը ստանձնեց այլ հեռուստաընկերություն. «Սա էլ խանգարեց մեր եթեր դուրս գալուն»: Իսկ այժմ, ինչպես մեզ տեղեկացրեց Սեյրան Շահսուվարյանը՝ իրենք պատրաստվում են դուրս գալ եթեր «Ավետիսի» հետ միասին: Ըստ որոշ մեկնաբանությունների, այս ամբողջ շրջանում «Արտ 13»-ը չզրկվեց արտոնագրից՝ ոչ այն պատճառով, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն ըմբռնումով մոտեցավ վիճակին, այլ՝ քանի որ խոսքը պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի հիմնադրած հեռուստառադիոընկերության մասին էր: «Ես պաշտպանության նախարարություն նոր եմ վերադարձել, մինչ այդ 1,5 տարի ոչ մի տեղ չեմ աշխատել եւ չեմ զրկվել արտոնագրից»,- նշեց պրն Շահսուվարյանը: Ի դեպ, երբ «Արտ 13»-ի արտոնագիրը վերաձեւակերպվեց՝ «Ես ներկայացրի բոլոր փաստաթղթերը, եւ Ազգային հանձնաժողովը տեսավ, թե իմ մեղքով չի եղել, որ կապուղին տեղափոխել եւ ինձ նամակով միայն տեղեկացրել են, թե ինչ որ ծախսել եք՝ զրո է դառնում: Հիմնական պատճառը սա է եղել մեծ ձգձգման»: Դառնանք «Ավետիսին»: Իր գործունեության ընթացքում այս հեռուստաընկերությունը դրսեւորվել էր որպես Ավետարանչական եկեղեցու քարոզչամիջոց: Սեյրան Շահսուվարյանը սակայն վստահեցրեց. «Միայն «Ավետիսը» չի լինելու եթերում, լինելու է նոր հեռուստաընկերություն՝ պայմանն այս է: Նրանք մեզ ներկայացրել էին 6-8 հազար մարդու ստորագրություն, որ այդքանն ուզում են նայել «Ավետիսի» հաղորդումները: Նրանց ուղղակի տրամադրել ենք որոշակի ժամեր՝ զուտ ֆինանսական եւ եթերային ժամանակի նկատառումներից ելնելով: Եվ ժամանակավոր է դա՝ մինչեւ հաջորդ տարվա վերաարտոնագրումը»: Տեղեկացրեց, որ հաղորդակն արդեն տեղադրված է: Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ, քանի որ նախկինում «Ավետիսի» հաղորդակն իր շենքի տանիքին էր, ինչը (ճառագայթման առումով) լուրջ վտանգ էր մարդկանց առողջության համար: Իսկ այժմ, ըստ պրն Շահսուվարյանի, «Ավետիսը» ձեռք է բերել եւ տեղադրել 60 մետր բարձրությամբ հատուկ աշտարակ եւ հաղորդակը տեղադրվելու է դրա վրա: «Ֆինանսական պայմաններն այս պահին գայթակղիչ էին,- նկատեց Սեյրան Շահսուվարյանը:- Կամ պիտի թողնեի ալիքը՝ կամ էլ ինչ-որ մեկին առաջարկեի համագործակցել»: Իսկ ինչո՞ւ «Ա1+»-ին չառաջարկեց. փոքր ինչ հռետորական մեր այս հարցին ի պատասխան՝ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն ասաց. «Ես չեմ ընկել-մարդ ման եկել, իրենք են եկել-առաջարկել: Իսկ «Ա1+»-ի ղեկավարին դեռ ամռանն եմ ասել, թե ամենաշատը ես կարող եմ հասկանալ նրան: Նման վիճակում ես էլ եմ հայտնվել, երբ փակվեց «Նորքը», եւ ամբողջ մի կոլեկտիվ զրկվեց աշխատանքից»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել