Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Նոյեմբեր 08,2002 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Դրանց անդրադարձան ԱԺ պատգամավորները Թեեւ ԱԺ այս շաբաթվա «եռօրյայի» ընթացքում օրինագծերի քննարկումների ժամանակ ամենասուր հարցադրումներն ու բանավեճերն ընթացել էին հիմնականում կառավարության ներկայացրած մասնավորեցման ցանկի վերաբերյալ օրինագծի շուրջ, բայց օրենսդիրները՝ երեկ տեղի ունեցած ճեպազրույցում ամփոփելով այդ եռօրյան, դիրքորոշումներ հայտնեցին միանգամայն այլ եւ տարբեր խնդիրների առնչությամբ: Ու եթե ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն անցած եռօրյայի ընթացքում քննարկված օրինագծերից հատկապես կարեւորեց «Երիտասարդության մասին» օրինագիծը, ապա «Օրինաց երկիրի» պատգամավոր Մհեր Շահգելդյանը նախընտրեց խոսել Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին: «Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կարեւորագույն քաղաքական իրադարձություններից մեկն է մեր տարածաշրջանում: Ըստ էության, մոտակա ամիսների ընթացքում պարզ կդառնան թուրքական կառավարության մոտեցումները մասնավորապես ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում, որով էլ մենք պետք է կարողանանք ծրագրավորել մեր հարաբերությունները նաեւ Թուրքիայի հետ»,- նկատեց օրենսդիրը: Ըստ նրա՝ այդ երկրում խորհրդարանական ընտրություններում հաղթանակած չափավոր իսլամիստական Արդարություն եւ զարգացում կուսակցությունը արդեն հռչակագրային բնույթի հայտարարություններ հասցրել է անել: Ըստ այդմ՝ Թուրքիան շարունակելու է ինտեգրումը եվրոպական կառույցներին եւ Արեւմուտքի հետ ունեցած իր հարաբերությունները: «Սակայն իսլամիստական կուսակցություններն ավանդաբար իրենց ուշադրությունը կենտրոնացնում են հիմնականում արեւելյան երկրների՝ Իրան, Պակիստան եւ արաբական աշխարհի մյուս պետությունների հետ համագործակցության վրա: Մեզ համար այդ հարցերը պետք է լինեն ուշադրության եւ վերլուծության արժանի կարեւորագույն խնդիրներ»,- ասաց պրն Շահգելդյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե թուրքական բանակի առկայությունը, նաեւ՝ Արեւմուտքում բնակվող 6-7 մլն ֆինանսական, տնտեսական էլիտայի առկայությունը, որն իր կրթությամբ ու մենթալիտետով սերտորեն կապված է Արեւմուտքի հետ, նաեւ այլ հանգամանքներ հաշվի առնելով, դժվար թե Թուրքիան դառնա այնպիսի կրոնապետություն, ինչպիսին է Իրանը, թեեւ, համաձայնեց, որ կրոնի գործոնն այդ երկրում միանշանակորեն ավելի ուժեղ դիրքեր է զբաղեցնելու: Հիշեցնելով Թուրքիայի խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումն ու արած հայտարարությունները Հայաստանի հետ համագործակցելու վերաբերյալ, պրն Շահգելդյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի եւ Ալիեւի հետ հարաբերություններն ամրապնդելու, նաեւ՝ ցույց տալու համար, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի ավագ եղբայրը՝ չկորցնելու համար իսլամիստական կառավարության դիրքերն աշխարհիկ Ադրբեջանում, բնականաբար, նա առաջիկայում եւս ԼՂ հիմնախնդրի եւ Հայաստանի վերաբերյալ կոշտ հայտարարություններ կանի: Իհարկե, այդ խնդիրն էլ, ըստ պատգամավորի՝ պետք է այդ երկրում տեղի ունեցող զարգացումների համատեքստում դիտարկել: Հաշվի առնելով, որ Թուրքիան, ուզում ենք մենք, թե ոչ, բայց մեր անմիջական հարեւանն է, անշուշտ, այդ երկրում ընթացող նույնիսկ ներքաղաքական պրոցեսները կարող են Հայաստանի համար էական լինել ե՛ւ արտաքին, ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական քաղաքականության կամ ԼՂ հիմնախնդրի կարգավորման տեսանկյուններից: Ըստ էության, հենց այդ տեսանկյունից դիտարկելով հարեւան եւ «մշտական թշնամի» համարվող այդ երկրում տեղի ունեցող զարգացումները՝ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը նկատեց. «Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները լրջագույն մտահոգության առարկա պետք է հանդիսանան ոչ միայն Հայաստանի, այլեւ, ինչու չէ, մեր հարեւան երկրների, նույնիսկ՝ Թուրքիայի համար: Ինչպես գիտեք՝ 34 տոկոս ձայների առավելությամբ իշխանություն ձեւավորած իսլամիստական կուսակցությունն արդեն հասցրել է հայտարարություններով հանդես գալ, ուր ուղղակիորեն ամրագրվում է այն, ինչ 10-15 օր առաջ ասվել էր Ստամբուլում»: Այն է՝ հոկտեմբերի 13-14-ին 10 մահմեդական երկրների գագաթաժողովում հայտարարվել էր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ամենասերտ ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորման մասին: «Եթե դրան հավելենք այն, որ Վրաստանի նախագահը Պրահայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հայտ է ներկայացնելու այդ կառույցին անդամագրվելու համար, ապա մենք տարածաշրջանում ականատես կլինենք չափազանց վտանգավոր զարգացումների»,- հայտարարեց Ա.Գեղամյանը: Ըստ նրա՝ իսլամիստների իշխանության գալով այդ երկրում լուրջ զարգացումներ են լինելու, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա: Բայց. «Առավել մտահոգիչ է այն, ինչ վերջերս պաշտոնապես հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը. Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, մասնավորապես՝ նաեւ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ էլ ավելի է խորանում ռազմական համագործակցությունը»: Թե ինչու են դրանք մտահոգիչ, պրն Գեղամյանը չմանրամասնեց: Նա միայն դրա լրջությունը փաստարկեց դարձյալ ռուսական պետության շապիկն իր հագին պատկերացնելով եւ ընդգծելով, թե այդ համագործակցության խորացմանը վատ են վերաբերվում նույնիսկ ռուսական մամուլն ու հասարակությունը: Իհարկե, նրա սերտ կապվածությունը Ռուսաստանի հետ գալիս է դեռեւս խորհրդային տարիներին «պարտիական» գործունեության շրջանից, բայց ռուսական տեսանկյունից ՀՀ-ում Արեւմուտքի հետ վարվող քաղաքականության դիտարկումն այլեւս ոչ կոմունիստական ռեժիմի օրոք, թերեւս, պայմանավորված է նրանով, որ պրն Գեղամյանին նախագահ ընտրվելու որոշակի հույսի ազդակները ոչ թե Արեւմուտքից, այլ՝ հենց Ռուսաստանից են գալիս: Ինչեւէ: Ասել, թե երեկվա ճեպազրույցում պրն Գեղամյանն ու ԱԺ մյուս միավորումների ներկայացուցիչները որեւէ այլ խնդիր չեն կարեւորել՝ սխալ կլինի: Գրեթե բոլոր խումբ-խմբակցություններն անդրադարձան ե՛ւ 2003թ. ՀՀ պետբյուջեի նախագծին, ե՛ւ «16»-ի անդամ պատգամավորների՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել