Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱԴԻՐ ՀԵՐՔՈՒՄ

Նոյեմբեր 08,2002 00:00

ՀԱՐԿԱԴԻՐ ՀԵՐՔՈՒՄ «Առագաստ» սրճարանում նախագահի թիկնապահների կողմից սպանված Պողոս Պողոսյանի եղբորը, ցավոք, չհաջողվեց հասնել նրան, որ մեղավորները հայտնվեն ճաղերի հետեւում: Սակայն նրան թերեւս հաջողվի պատասխանատվության ենթարկել այդ գործին մշտապես հետեւած լրագրողներից մեկին: 2002-ի հունվարի 24-ին «Տարեգիր» էլեկտրոնային թերթն իր «Արյան գինը» հրապարակման մեջ, հղում անելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մի անդամի, որը ցանկացել էր մնալ չբացահայտված, հայտնել էր. «Մեր զրուցակիցը տեղեկացրեց, թե գործով ամբաստանյալ Կուկուն, նույն ինքը՝ Աղամալ Հարությունյանը, 90 հազար դոլար է փոխանցել Պողոս Պողոսյանի եղբորը՝ Անդրանիկ Պողոսյանին, դատավարության ընթացքում ներկայացվող «սցենարին» չընդդիմանալու համար»: Պարբերականը հավելել էր. «Մենք հակված չենք անչափ պատասխանատու այս հայտարարությունները ներկայացնել իբրեւ բացարձակ ճշմարտություն, բայց եւ նպատակահարմար չհամարեցինք չներկայացնել դրանք»: Այնուամենայնիվ, ինտերնետային այդ հրապարակումից շուրջ 9 ամիս անց Անդրանիկ Պողոսյանը քաղհայցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ պահանջելով հերքում (թեեւ ինքն էլ խոստովանեց դատարանում, որ մինչ այդ «Տարեգիրից» գրավոր չէր պահանջել հերքում): Երեկ դատավոր Գայանե Կարախանյանից մեկ ժամից էլ պակաս պահանջվեց, որ քննի այդ հայցը եւ բավարարի այն: Անդրանիկ Պողոսյանը սակայն գոհ չէր: «Հիմնական նպատակիս չհասա»,- ասաց նա, քանզի դատարան դիմել էր առավել այն նպատակով, որ բացահայտվի տեղեկատվության աղբյուրը: Եվ ցանկալի արդյունքին չհասնելով՝ խոստացավ, թե կդիմի դատախազություն՝ թղթակցին զրպարտության համար քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Լրագրողների հետ զրույցի ընթացքում Անդրանիկ Պողոսյանի ակնարկներից պարզ դարձավ, որ որոշ կռահումներ ունի, թե ով կարող էր նման բան ասած լինել թղթակցին, սակայն դատարանում այդ մասին որեւէ բան չասաց: Միայն հայտարարում էր, թե այդ տեղեկությունը կեղծիք է, զրպարտություն եւ վարկաբեկում է ոչ միայն իր, այլ նաեւ՝ Դաշնակցության հեղինակությունը. «Ես փող չեմ վերցրել, չեմ էլ վերցնելու: Ես չեմ լռել՝ մինչեւ վերջ բողոքել եմ, բայց ոչինչ չեմ կարողացել անել»: Հրապարակման հեղինակ Լիլիթ Սեյրանյանը կտրականապես հրաժարվեց բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը՝ մասնավորապես նշելով, թե այժմ, երբ դատն ավարտվել է, եւ Աղամալ Հարությունյանն ազատության մեջ է («Իսկ մենք գիտենք, թե ինչ ուժ է նա իրենից ներկայացնում»), չի ցանկանում վտանգել իրեն այդ տեղեկությունը հայտնողին: Թեեւ նաեւ նշեց, որ 9 ամիս առաջ, երբ դեռ ընթանում էր Պողոս Պողոսյանի գործի քննությունը, իր աղբյուրը պատրաստ էր դատարանի առջեւ բացատրություններ տալ այդ տեղեկատվության վերաբերյալ. «Իսկ այժմ Անդրանիկ Պողոսյանն էլ գիտի, թե անզգույշ քաշքշոցն ինչ հետեւանքներ կարող է ունենալ»: Լրագրողի փաստարկները գուցե կարող էին ընդունվել որպես աղբյուրի բացակայությունը քողարկելու փորձեր, բայց դատարանում Անդրանիկ Պողոսյանի իսկ արած մի քանի խոստովանությունները հաստատեցին վաղեմի այն ճշմարտությունը, թե «անկրակ ծուխ չի լինում»: Նա հայտարարեց, թե իրեն իրոք առաջարկվել է գումար՝ առանց հստակեցնելու չափը, բայց ինքն ու սպանվածի այրին հրաժարվել են: Պատահական թիվ չէ նաեւ 90 հազար դոլարը՝ այսքան է նշված Պողոս Պողոսյանի, իբր, ունեցած պարտքերի չափը, «որի մասին գիտեին միայն 2-3 հոգի»: Լրագրողների հետ զրույցի ընթացքում բացահայտեց, թե խոսքը նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի եւ իրենց ընդհանուր փաստաբանի՝ Ռուբեն Սահակյանի մասին է: Այնուամենայնիվ, Անդրանիկ Պողոսյանը ողջ «Արյան գինը» հրապարակումն էր համարում հերյուրանք եւ պահանջում հերքել ամբողջությամբ: Ի դեպ, այն սկսվում է այսպես. «Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավարությունը, որքան էլ ցավալի է, վերածվել է շոուի: Իսկ դատավարությունից դուրս կատարվող «առուծախի» մասին մեզ հասնող լուրերը խորացնում են այն համոզմունքը, որ սպանության հեղինակները չեն պատժվելու»: Եթե «Տարեգիրը» հերքի իր հրապարակումը՝ պիտի մեղա գա, թե դատավարությունը շոու չէր, եւ մարդասպաններն իրականում պատժվեցին: Ընդ որում, եթե ինքնակամ չանի դա՝ ինչպես դատավոր Գայանե Կարախանյանի որոշման մեջ է նշված՝ «Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով»: «Տարեգիրի» գլխավոր խմբագրին բավական հետաքրքրեց, թե ինչպես է այդ ծառայությունը հարկադիր իրենց սայթ մտցնելու հերքման տեքստը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել