Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆԸ՝ ՆԱԽԱԳԱ՞Հ

Նոյեմբեր 07,2002 00:00

ԿԻՆԸ՝ ՆԱԽԱԳԱ՞Հ Դեռեւս երկու տարի առաջ «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից ձեռնարկված միջոցառումը, որի շրջանակներում ընդգրկված էին 9-10-րդ դասարանցիներ, նախատեսում էր ունենալ «ժամանակավոր կառավարություն»։ Նախագահական բուռն քարոզարշավից պարզ դարձավ, որ առաջադրված ինը թեկնածուներից միայն մեկն էր ներկայացնում գեղեցիկ սեռը։ Կազմակերպության տնօրեն տիկին Ա. Հովհաննիսյանը ցավով արձանագրեց այս փաստը՝ ավելացնելով, որ թեեւ հայ տղամարդկանց մեծագույն մասն այսօր կնոջ դերը պայմանավորում է զուտ առօրյա կենցաղային-ընտանեկան հոգսերով, այնուամենայնիվ կանայք ու աղջիկները պետք է ձգտեն լինել առավելագույնս ակտիվ։ Այսօր այդ հարցը քննարկման առարկա է դարձել ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների շրջանակներում։ Նրանք տալիս են հարցի աստվածաբանական լուծումը՝ ասելով, որ Աստված կնոջը ստեղծեց Ադամի կողոսկրից՝ ցույց տալով տղամարդու՝ կնոջից «մեկ գլուխ» բարձր լինելը։ Սրա հետ մեկտեղ ուսանողները (խոսքը վերաբերում է հիմնականում տղաներին) չեն անտեսում նաեւ այն, որ Աստված բոլորին օժտել է ազատ կամքով, ուստի այր, թե կին, իրավունք ունեն տնօրինել սեփական քայլերը ինքնուրույնաբար։ Մի կողմ թողնելով զուտ մասնագիտական վերլուծությունները, աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների մեծամասնությունը գտնում է, որ հասունացել է այն պահը, երբ տղամարդու եւ կնոջ իրավունքները չափող կշեռքի նժարները պետք է գտնվեն հավասարակշռության վիճակում։ Առջեւում իրական նախագահական ընտրություններն են։ Տեսնենք, թե ինչպիսի դեր ու ակտիվություն կցուցաբերեն կանայք եւ աղջիկները այդ ընտրապայքարում։ Կոչելով վերջիններիս վճռական քայլերի՝ նշեմ նաեւ, որ ըստ որոշ աղբյուրների, ԱՄՆ-ի հաջորդ նախագահը լինելու է Քլինթոնը, բայց ոչ թե այր, այլ տիկին։ ՆԵԼԼԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Աստվածաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել