Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումը կդառնա՞ հարուստների մենաշնորհը

Նոյեմբեր 07,2002 00:00

Ուսումը կդառնա՞ հարուստների մենաշնորհը ՀՀ կառավարության թիվ 532 որոշման համաձայն, բարձրագույն ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր ուսանողի հաշվով պահանջվող ընդհանուր տարածքը նախկինում սահմանված 8,2 քմ-ից դարձել է 17,5, այսինքն միջազգային չափանիշներին համապատասխան։ Եթե հաշվի առնենք, որ այսօր մեկ ամսվա համար պետական տարածքը վարձակալվում է 1 քմ-ն 700-1000 դրամով եւ կատարենք պարզ թվաբանական հաշվարկ, ապա կստացվի, որ մասնավոր հաստատությունը յուրաքանչյուր ուսանողի համար մոտ 170 հազար դրամ պետք է վճարի միայն տարածքի վարձակալման համար։ Մոտավորապես նույնչափ գումար մուծելով, այսօր ուսանողը կարող է սովորել հավատարմագրված որեւէ մասնավոր բուհում։ Մինչդեռ, ինչպես տեղեկացրեց Հյուսիսա յին համալսարանի ռեկտոր Բ. Մակիչյանը, եթե այս որոշումը չվերանայվի, իրենք ստիպված են լինելու ուսման վարձը բարձրացնել առնվազն կրկնակի, որպեսզի կարողանան վճարել աշխատողներին եւ մուծել պետական հարկերը։ Եվ ինչո՞ւ միայն նրանք, միանշանակ բոլոր մասնավոր բուհերը կառաջնորդվեն նույն սկզբունքով, որպեսզի կարողանան գոյատեւել որպես տնտեսավարող սուբյեկտներ։ Թերեւս ցանկից դուրս կմնան սեփական ուսումնական շենք ունեցողները, որտեղ արդեն իսկ բարձր է վարձավճարը։ Տրամաբանական է, որ այս որոշման կիրարկման արդյունքում անվճարունակ շատ երիտասարդներ ստիպված են լինելու հրաժարվել ուսում ստանալուց, իսկ ուսանողները՝ կիսատ թողնել։ Ստացվում է, որ միջին խավի եւ մտավորականների երեխաները կզրկվեն բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից։ Այն կդառնա հիմնականում հարուստների մենաշնորհը։ Ի դեպ, որպես կանոն, այսօր հիմնականում անվճարունակ են լավ սովորող ուսանողները։ Ըստ պրն Մակիչյանի, Հյուսիսային համալսարանում սովորող ուսանողների գերակշիռ մասը այս կամ այն պետական բուհի անվճար համակարգից դուրս մնացած դիմորդներն են, որոնք ի վիճակի չեն մուծել պահանջվող բարձր վարձավճարը։ Այսպես, օրինակ, բնակչության մոտ 10 տոկոսն է ի զորու տարեկան 1400 դոլար վճարել պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորող իր զավակի համար։ Մինչդեռ, իրենց մոտ վճարը կազմում է 300 դոլար, ինչը մատչելի է բնակչության միջին խավին, որոնք ավելի մեծ ձգտում ունեն սովորելու։ Ուստի պատահական չէ, որ հիշյալ մասնագիտությամբ ուսանողների 57 տոկոսին պետական հանձնաժողովը ավարտական քննությունը «գերազանց» է գնահատել։ Անշուշտ, կարեւոր է այս փաստը։ Այսօրվա սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում մեր երկրին հարկավոր են գրագետ, բանիմաց մասնագետներ եւ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձվի ուսուցման որակին։ Լավ է, երբ չափանիշները միջազգային են, բայց պետք է կարեւորել առավել կարեւորը։ Եթե մեր երկրի քաղաքացին, թոշակառուն, նպաստառուն չի ստանում միազգային չափանիշներին համապատասխան աշխատավարձ, թոշակ, նպաստ, ապա որքանո՞վ է բարոյական պահանջել նրանից «միջազգային չափանիշներին համապատասխան վճարումներ»։ Խնդիրը, անշուշտ, մտորելու տեղիք է տալիս, չէ՞ որ դա ի վերջո կսպանի մեր ժողովրդի կրթասիրությունը, հավատը վաղվա օրվա հանդեպ, որից ծագած հաջորդ քայլը նոր արտագաղթը կլինի։ Թվում է, թե կա այլընտրանք՝ շնորհալի, բայց ոչ վճարունակ ուսանողի համար սահմանել զեղչ։ Սակայն այսօրվա գործող հարկային քաղաքականությունը, փաստորեն, մասնավոր ձեռնարկատերերին դնում է այնպիսի վիճակի մեջ, որ նրանք բարեգործություն չանեն։ Քանի որ, միեւնույն է, ուսանողի վարձավճարի զեղչման դեպքում ոչ միայն չի թեթեւանում նրա հարկային բեռը, այլեւ ավելանում է զեղչված մասով եկամտահարկը։ Հասկանալով հանդերձ, որ մեր երկիրը դեռ գտնվում է կայացման փուլում, ունի բազմաթիվ խնդիրներ եւ որոշ մարդիկ բարեգործություն անվան տակ կարող են վարել փողի լվացման քաղաքականություն, այնուամենայնիվ, պետք է իրականացնել այնպիսի հարկային քաղաքականություն, որի դեպքում չտուժեն թափանցիկ տնտեսական գործունեություն վարող տնտեսությունները։ Ըստ պրն Մակիչյանի, չնայած դրան, այսօր Հյուսիսային համալսարանում 184 ուսանողներ օգտվում են անվճար կամ զեղչի համակարգից, որի համար հաստատությունը վճարում է ոչ միայն շահութահարկ, այլեւ եկամտահարկ։ Ինչպես բացատրեց ռեկտորը, իրենք գնում են այդ քայլին ոչ միայն բարեգործության նպատակով, այլեւ նրա համար, որ այդ միջոցառումը նպաստում է կրթության որակի համար անընդհատ պայքարին, ինչը բխում է իրենց ձեռնարկատիրական շահերից։ Քանի որ որակական ցուցանիշների բարձր մակարդակից է կախված բուհի հավատարմագրումն ու լիցենզավորումը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել