Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ մարդահեսաբ ունիս դուն

Նոյեմբեր 07,2002 00:00

Ինչ մարդահեսաբ ունիս դուն Գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթներին հիմնականում մասնակցում են մեկական թեկնածուներ, այն էլ՝ գործող աշխատակազմի ղեկավարները։ Այդպիսին է իրավիճակը գրեթե բոլոր մարզպետարաններում եւ պետական հանձնաժողովներում։ Նախարարություններից ներկայացած «գործողներն» ունեն 1-3 մրցակիցներ։ Այսպիսով, թվով 36 «թափուր» համարվող պաշտոններին տիրանալու համար հայտ է ներկայացրել ընդամենը 75 քաղաքացի։ Ամենաշատ հայտատուներ եղել են առողջապահության նախարարության (5) եւ Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության (6) աշխատակազմի ղեկավարների պաշտոնների համար։ Նոյեմբերի 4-ից սկսված մրցույթների արդյունքներով առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնի համար հաղթող է ճանաչվել միանգամից 3 մասնակից։ Ըստ օրենքի, այժմ արդեն առողջապահության նախարարի կամքն է՝ երեքից ով կգրավի այդ պաշտոնը։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում մրցույթից հետո թափուր պաշտոնը թափուր էլ մնացել է՝ գործող ղեկավարն էլ, իր մրցակիցն էլ հանձնաժողովին չեն բավարարել։ Արդարադատության նախարարության համար միակ ներկայացուցիչ եւ գործող ղեկավար Նունե Խաչատրյանը հաղթել է 100 տոկոսանոց արդյունքով։ Բնապահպանության նախարարին նույնպես բախտ է վիճակվել ընտրելու երկու հաղթողներից մեկին։ Ընդ որում, դրանցից մեկն իր փոխնախարար Սամվել Ամիրխանյանն է, որին նույնպես բախտը ժպտացել է այնքանով, որ որպես հանձնաժողովի անդամ համակարգիչն ընտրել է իր նախարար Վարդան Այվազյանին։ Ի դեպ, հանձնաժողովի սուբյեկտիվ վերաբերմունքը բավականին դեր է խաղում հաղթել-չհաղթելու գործում։ Պարզաբանենք օրինակով. երեկ Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմակերպած հերթական մրցույթն էր, որի միակ հայտատուն գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարի ներկա պաշտոնակատար Կառլեն Միքայելյանն էր։ Նա ընդամենը մեկ տարի է աշխատում այդ պաշտոնում, բայց կենսագրության «պաշտոնական» մասը հարուստ է, եղել է նաեւ նույն համակարգի փոխնախարար։ Մրցույթի առաջին փուլը՝ թեստի լրացում, նա հաղթահարեց 98% ցուցանիշով, բայց հարցազրույցը, մեղմ ասած՝ անբավարար էր։ Կողմնակի դիտողի տպավորությամբ, նա վատ էր պատկերացնում աշխատակազմի ղեկավարին տրված նոր հնարավորությունները, վերադասից իներցիայով պահպանված կախվածություն ուներ, ինչը հակասում է «Քաղաքացիական ծառայողի մասին» օրենքի նոր դրույթներին, եւ այլն։ Փակ քվեարկությամբ հանձնաժողովի 9 անդամներից (ներառյալ նախագահը) միայն մեկը դեմ արտահայտվեց։ «Կարեւորը գիտելիքները չեն, այս թեկնածուն իրեն չկորցրեց խաչաձեւ հարցաքննությունից, արագ կողմնորոշվում էր, բարեսիրտ է, հանգիստ։ Եղել է դեպք, որ թեկնածուն հիանալի պատասխանել է բոլոր հարցերին, բայց նրա մարդկային որակը չի բավարարել, իսկ այս աշխատանքում դա խիստ կարեւոր է»,- մեկնաբանեց հանձնաժողովի նախագահ Մարգարիտ Ազարյանը։ Իսկ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ավելորդ չհամարեց «պապայավարի» ոգեւորել. «Նախարար-փոխնախարար փոխվելուց չվախենաք, դուք պիտի պինդ լինեք ձեր տեղում, բա մենք էլ ինչի՞ համար ենք»։ Արձանագրենք նաեւ, որ օրենքով հարցազրույցի ժամանակ տրվող հարցերն էլ, պատասխաններն էլ գրանցվում են, իսկ այս մրցույթում հնչեցին մի շարք չգրանցված հարցեր։ Պատճառը հոգեբանական բնույթ ուներ՝ աշխատակազմի «ղեկավարացուն» խուսափում էր արձանագրվող հարցերին պատասխանելուց, հայտարարելով, թե՝ «կթողնեմ-կգնամ»։ Այս «սպառնալիքը» հնչում էր հատկապես այն հարցերի ժամանակ, որոնք վերաբերում էին նախարարի հետ փոխհարաբերություններին։ Նշենք, որ օրենքի նոր դրույթներով համակարգի աշխատակազմի ղեկավարը կոչված է պաշտպանելու առաջատար եւ կրտսեր քաղաքացիական ծառայողներին զանազան, այդ թվում եւ՝ «նախարարական», ոտնձգություններից։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել