ՁԵԹԻ ԳԾՈՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Ինչպես պարզվեց, «ԱրմենՏել» հ/ձ ՓԲԸ բաժնետոմսերի քանակը 188377090 է, 100 դրամ անվանական արժեքով: Այս տեղեկությունը հետաքրքիր է նրանով, որ ըստ նախնական եւ խիստ մոտավոր հաշվարկների, հնարավոր է, որ բաժնետոմսերի վաճառքով անգամ չփակվի OTE-ի՝ ՀՀ կառավարությանն ունեցած 1,5 մլն դոլարի պարտքը: Ինչպես հայտնի է, անկախ փորձագետներն այս ձեռնարկության բաժնետոմսերը գնահատել են ավելի ցածր՝ 70,7 դրամ: Հարկ է նկատի ունենալ, որ ողջ բաժնետոմսերի միայն 90 տոկոսն է OTE-ինը: Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ ըստ մեր տեղեկությունների, այս պահի դրությամբ իրական հետաքրքրություն չկա բաժնետոմսերի նկատմամբ, ուստի հնարավոր է, որ հաջորդ աճուրդներին դրանց գինն ավելի իջեցվի, ապա մտավախություն-կանխատեսումն ավելի խելամիտ է թվում: Մեր աղբյուրները վկայում են, որ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի ոչ գրավիչ լինելուն «նպաստել» են այս ընկերության՝ վերջին շրջանում կուտակած մեծ պարտքերը: Ըստ նախնական գնահատականների՝ 105 մլն դոլար: Մեր աղբյուրների պնդմամբ, այդ պարտքերն առաջացել են մի շարք կասկածելի գործարքների արդյունքում: Միայն վերջերս է N մլն դոլարի պայմանագիր կնքվել գերմանական «Սիմենս» ընկերության հետ, որի համաձայն՝ «ԱրմենՏելին» սարքավորումներ են մատակարարվել, սակայն վճարված է գումարի միայն 25-30 տոկոսը: Գործարքի ստույգ արժեքը չենք նշում կոմերցիոն գաղտնիք չբացահայտելու համար: Նմանատիպ գործարքներ են կնքվել նաեւ հունական «Ինտրակոմ» ընկերության եւ «Սիմենսի» Հունաստանի մասնաճյուղի հետ, որոնց մատակարարած սարքավորումների գները, ըստ մասնագետների, մի 2-3 անգամ թանկ են «Սիմենսի» մայր գործարանի արտադրանքից: Մասնագետները սա բացատրում են նրանով, որ, ըստ երեւույթին, «ԱրմենՏելի» գործադիր ղեկավարությունը առանձին շահեր ունի այս ընկերություններում կամ գործել է «ատկատի» մեխանիզմը: Այս ընթացքում, նույն աղբյուրների պնդմամբ, «ԱրմենՏելը» որոշակի հետաքրքրություններ է դրսեւորել նաեւ հունական ձեթի նկատմամբ՝ հազարավոր շշերով դրանք գնելով եւ շուկայում թանկ վաճառելով: Ըստ մեր տեղեկությունների, այսպիսի մի քանի պայմանագրեր «չեն անցկացվել» տնօրենների խորհրդով: Շինարարությունների ընթացքում կատարված հավելագրումների մասին առկա է միջգերատեսչական հանձնաժողովի ակտը: Մեր աղբյուրների ներկայացմամբ, վերջերս «ԱրմենՏելը» խոչընդոտել է միջազգային աուդիտ անցկացնելու կառավարության նախաձեռնությունը: Առայժմ, ինչպես հայտնի է, վաճառվում է բաժնետոմսերի փոքրիկ փաթեթ, որի օգնությամբ, եթե կառավարությանը հաջողվի համախոհ գործընկեր ձեռք բերել, մտադիր է «ԱրմենՏելի» նկատմամբ վճռական քայլեր ձեռնարկել, ընդհուպ մինչեւ լիցենզիայի վերանայումը: Չի բացառվում, որ կառավարությանը, այնուամենայնիվ, հաջողվի համախոհ գործընկեր գտնել, որովհետեւ, մեր տեղեկություններով, հավանականությունը մեծ է, որ վաճառվող փաթեթի տեր դառնա «Ղարաբաղ տելեկոմը», որի սեփականատերերից մեկը, ըստ չճշտված տեղեկությունների, հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչներից մեկն է: Մեր աղբյուրների հաղորդմամբ, «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի նիստերը ձայնագրվում են, եւ այդ ձայնագրություններից մի քանիսը արձանագրում են հիշյալ խախտումների մի մասը։ Չի բացառվում, որ այս ձայնագրությունները հրապարակվեն։ Համենայնդեպս, «Առավոտն» աշխատում է այդ ուղղությամբ։ Իսկ մինչ այդ, կարծում ենք, ձեթով աշխատող հեռախոսներից ավելի լավ աշխատանք չի կարելի պահանջել, քան կա։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ