Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ»

Նոյեմբեր 07,2002 00:00

ԵՎՍ ՄԻ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» Մեր իրականության առանձնահատկությունն է՝ մարդկանց մահվան դուռը հասցնելու պատմությունները դարձել են այնքան սովորական, որ դրանց արձանագրումներն անգամ մնում են անարձագանք: Այդպես էլ ընդունվեց այն լուրը, որ հոկտեմբերի 20-ի ընտրություններին տեղի ունեցած քաշքշոցի հետեւանքով մարդ է զոհվել: Առաջինն այդ մասին հաղորդեց «Իրավունքն»՝ իր հոկտեմբերի 22-24-ի համարում, որ Կոմիտասի 34/2 թիվ 1 բնակարանի բնակիչ Ալբերտ Տաճատի Շերմազանյանը կնոջ հետ քվեարկելու է գնացել Գայի անվան թիվ 129 դպրոցում գտնվող ընտրատեղամաս, նրանց ներս չեն թողել՝ պատճառաբանելով, թե արդեն ուշ է: Հետո 70-ամյա Շերմազանյանին 6-7 հոգով հրել են, վայր գցել. «Ծեծի հետեւանքով Շերմազանյանը մահացել է, բայց ոչ ոք այդ դեպքով չի հետաքրքրվել… Եկել են դատախազությունից, ՆԳ բաժնից, բայց ոչ մի արձանագրություն չեն կազմել»: Արաբկիրի դատախազությունից թերթին հայտնել էին, թե նախնական տվյալներով Շերմազանյանին ոչ ոք չի հրել ՝ նա մահացել է ինֆարկտից: Այս արտառոց միջադեպին բացարձակ ոչ մի անդրադարձ չեղավ, մինչեւ «Օր» թերթն իր նոյեմբերի 5-6 համարում չհրապարակեց հարցազրույց մահացածի այրու՝ 66-ամյա Ռոզա Մելիքյանի հետ: Ըստ նրա պատմածի՝ Գայի անվան դպրոց ամուսնու հետ հասել էին 19:54-ին: Փորձել էին մոտենալ ընտրատեղամասի կիսաբաց դռանը, բայց այն նրանց առջեւ անմիջապես փակել էին. «Ալբերտ Շերմազանյանն իր ձեռքի ժամացույցը ցույց տվեց, ասաց, որ դեռ 5-6 րոպե կա, սակայն երիտասարդը ձեռքի շարժումով մերժեց, հասկացրեց, որ փակ է: Ամուսինս մատով դռան ապակուն խփեց, ասաց՝ բացեք մի րոպե, բան եմ ասում՝ մատնացույց անելով ինձ, որ կնոջ հետ է եկել, ներս մտնելու, ընտրելու թույլտվություն ուզեց: Այդ երիտասարդը դուռը բաց արեց, ձեռքի ափով՝ մատները բաց արած, չռած, այնպես խփեց ամուսնուս կրծքավանդակին, որ նա հետ գնաց, պետք է ընկներ, բայց դրսի կանգնածները նրան բռնեցին, թույլ չտվեցին ընկնել: Նույն անձնավորությունը դուռը բաց արեց, կարգադրեց՝ քաշե՛ք, տարեք-գցեք տրասսա, թույլ չտա՛ք, որ դպրոցի բակ մտնի: Տեսավ, որ քաշքշոց է, ամուսինս չի ուզում հեռանալ, դիմադրում է՝ ինքը մոտեցավ ու նորից հրեց, գցեց աստիճանների վրայից: Ալբերտ Շերմազանյանը սողալով ընկավ ցած, նրանք նորից բռնեցին: Ամուսինս արդեն իրեն վատ զգաց, մի կերպ իջա ցած, բռնեցի… Գոռացի, խնդրեցի՝ զանգահարեք՝ «շտապ օգնություն» թող գա, կմահանա հիմա, այս ինչ կատարվեց իր հետ, ինձ ասացին, թե՝ զանգահարել ենք: Ու ես այդպես սպասում էի՝ հավատալով, որ զանգահարել են»: Ռոզա Մելիքյանը ստիպված էր եղել երկար սպասել՝ շուրջ մեկ ժամ: Եվ երբ համոզվել էր, որ իրեն խաբել են՝ ոչ ոք բժիշկ չէր կանչել, թողել էր արդեն սառչող ամուսնուն եւ ինքը վազել օգնություն խնդրելու: «Շտապ օգնության» մեքենան եկել էր անմիջապես, մոտեցել եւ տեսել էին, որ… Ալբերտ Շերմազանյանը չկա. «Գնացինք-գտանք՝ դպրոցի հետեւի մասում էր արդեն, քաշելով տարել, այն կողմ էին գցել, որ ընտրատեղամասի մոտ ընկած մարդուն տեսնող չլինի»: Ալբերտ Շերմազանյանը մահացել էր «շտապ օգնության» մեքենայի մեջ: Երեկ փորձում էինք պարզել սահմռկեցուցիչ այս պատմությանը խորհրդարանականների արձագանքը, բայց պարզվեց, որ գրեթե ոչ ոք տեղյակ չէ կատարվածին: «Գրեթե» բառն էլ չէինք օգտագործի, եթե չլիներ Արաբկիրից պատգամավոր ընտրված Արմեն Մխիթարյանը, որն ասաց. «Դեպքին տեղյակ եմ եղել անմիջապես ընտրությունների հաջորդ օրը: Մեզ հասավ այդ լուրը, որ ինչ-որ բռնություն է եղել, բայց որոշակի մանրամասներին տեղյակ չեմ»: Մնացածներին ստիպված էինք կա՛մ պատմել, թե ինչ է տեղի ունեցել, կա՛մ, եթե ժամանակ ունեին՝ ընթերցելու տալ Ռոզա Մելիքյանի հարցազրույցը: Ահա թե ինչ տպավորություն էին հայտնում այն կարդալուց հետո: ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյան. «Եթե լրագրողական պատմություններից չի սա (մեր օրերում դա էլ է հնարավոր անել), իհարկե, շատ ցավալի պատմություն է: Եվ խնդիրը միայն այս որոշակի դեպքը չէ: Հարցն այն է, որ բոլորը չէ, թե կարող են շատ սուր տանել կոպտությունը կամ հիվանդ լինեն, որ իրենց մահով ապացուցեն, թե եղել է կոպտություն, բռնություն: Ամեն քայլափոխի վիրավորում են մարդու, եւ ոչ միայն ընտրություններում՝ ամե՛ն տեղ: Բարեբախտաբար, ամեն տեղ չէ, որ դրանից մահանում են, բայց դա չի նշանակում, որ կոպտություններ չեն լինում: Հիմա սա կարող են կապել ընտրությունների հետ՝ ճիշտ կամ սխալ, մեկ ուրիշ դեպք կարող են կապել քաղաքականության հետ: Բայց հարցը հավանաբար քաղաքականությունը չէ, այլ այն կոպտությունը, որին բոլորս վարժվել ենք»: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյան. «Ահավոր տպավորություն ստացա: Երկրի բոլոր իշխանավորները հերթով ասում են, որ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, մահապատիժը պետք է վերացնել, բայց մեր երկրում մարդուն կարելի է, ըստ էության, սպանել, եւ ո՛չ դատախազությունը հետամուտ կլինի, ո՛չ մարդկային վերաբերմունք կլինի: Ի՞նչ ասեմ, գործում է «Առագաստի» նույն սինդրոմը»: «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան. «Այս միջադեպը գնահատելու համար ոչ թե հրապարակումներից պետք է դատենք, այլ մանրազնին պարզենք, թե ինչպես է կատարվել դեպքը: Համենայն դեպս, հնարավոր եմ համարում, որ սա պատահական երեւույթ է»: «Ժողովրդի ձայն» խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյան. «Այլեւս նույնիսկ չենք զարմանում, քանի որ տեսել ենք նման բաներ: «Խորհրդարանական ժամի» իմ ելույթում ասել էի, թե պարտադիր չէ, որ ծեծկռտուք կամ սպանություններ լինեն, որ ասենք, թե տեղական ինքնակառավարման մարմինների լավ ընտրություններ ենք անցկացրել: Ես այդ ժամանակ չգիտեի, որ, ցավոք, հոկտեմբերի 20-ին սպանություն էլ է եղել: Եվ եթե այսպես շարունակվի՝ հաստատ դրանք կլինեն ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրություններում: Քանի որ «Առագաստում» սպանեցին՝ չպատժվեցին, հիմա էլ մահապատիժն են վերացնում»: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյան. «Եթե այս փաստն իրականություն է՝ խայտառակություն է, բայց մեր իրականությանը համահունչ է: Եթե մենք մի քիչ իշխանություն ենք, անշուշտ, այս արտառոց դեպքի համար պիտի հարուցվի քրեական գործ, մեղավորները խիստ պատժվեն: Եվ ինչքան շուտ արվի դա՝ այնքան լավ կլինի»: Մեր որոշ զրուցակիցներից հետաքրքրվում էինք, թե մտադիր չե՞ն արդյոք հետամուտ լինել, որ դատախազությունը չփորձի կոծկել այս գործը (ինչի նշաններն արդեն երեւում են), եւ մարդուն մահվան դուռը հասցրածները, նրան անօգնական վիճակում թողածներն անպայման ենթարկվեն պատասխանատվության: Գրիգոր Հարությունյանն ի պատասխան հիշեցրեց, որ մամուլի հրապարակումներն էլ են հիմք գործ հարուցելու համար: Իսկ Գալուստ Սահակյանը խոստացավ. «Այն պատասխանատվության շրջանակում, որ ես ունեմ, կաջակցեմ, որ այս դեպքը մինչեւ վերջ բացահայտվի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել