Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ՞Պ, ԹԵ՞ ՆԱՏՕ

Նոյեմբեր 07,2002 00:00

ԿԱ՞Պ, ԹԵ՞ ՆԱՏՕ Անվտանգության ո՞ր համակարգն է նախընտրելի «Անդրկովկասյան հանրապետությունների թվում Հայաստանը Մոսկվայի առավել նվիրված դաշնակիցն է՝ հաշվի առնելով ազգային անվտանգության ապահովման բնագավառում Ռուսաստանից կախվածությունը»: Այս միտքը պատկանում է Ռուսաստանի ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրենի տեղակալ Մ. Պյադուշկինին: Ըստ էության, այդ կարծիքն իրականությունից այնքան էլ հեռու չէ: Այդուհանդերձ, արդյո՞ք անվտանգության այն համակարգը, որում ներգրավված են Հայաստանն ու Ռուսաստանը՝ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում, այսօր Հայաստանին ապահովում է իրական անվտանգության երաշխիքներով: Մենք դրա մասին բազմիցս ենք խոսել եւ կիսում ենք այդ առնչությամբ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատականը՝ ոչ: Ըստ նրա, հայ հասարակության ներսում, նաեւ՝ քաղաքական ուժերի շրջանակներում Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրները պարզունակացվում են այն աստիճանի, որ երբ խոսք է գնում դրա մասին, առաջին հերթին ԼՂ հիմնախնդիրն են հիշում: Մինչդեռ Ստ. Գրիգորյանն ավելի կարեւորում է առկա այլ լուրջ եւ վտանգներ պարունակող խնդիրներ, որոնք իշխանություններն ու նրանց սատարող ուժերը փորձում են շրջանցել: «ԱԳ նախարարը հստակ ֆիքսում է հայ-ռուսական համագործակցությունը՝ ԿԱՊ-ի շրջանակներում, նաեւ՝ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը»,- ասաց քաղաքագետն ու շեշտեց, թե իր տեսանկյունից ՀՀ անվտանգության իմաստով առավել արդյունավետ կլիներ, եթե ՀՀ-ն անվտանգության ապահովման գլխավոր շեշտադրումներն անի ՆԱՏՕ-ի եւ ընդհանրապես եվրոպական կառույցների հետ համագործակցության ակտիվացման վրա: «Եթե ՀՀ-ն գնում է Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհով, ապա, պետք է, իրոք եվրոպական չափանիշներին համապատասխանեցնի նաեւ անվտանգության համակարգը եւ առավել սերտորեն համագործակցի եվրոպական կառույցների հետ, ինչպիսին է ՆԱՏՕ-ն»,- ընդգծեց նա՝ նկատելով միաժամանակ, թե այսօր Հայաստանը սահմանափակվում է այդ կառույցի հետ տարեկան մեկ միջոցառում անցկացնելով: Մենք հիշեցինք «ՆԳ» թղթակցի հարցադրումը ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանին, երբ ռուս լրագրողը ցավագին էր ընդունել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու համատեղ տարեկան նույնիսկ մեկ միջոցառման անցկացումը: Ստ. Գրիգորյանը համաձայնեց. «Այո, կա պրոբլեմ ռուսական ընկալման հետ կապված, բայց դրա համար էլ պետք է լուրջ իշխանություններ ունենալ, որոնք կարողանան փաստարկներ գտնել ՌԴ-ին հասկացնելու համար, որ, ի վերջո, ինքն էլ այսօր գլխավոր նպատակ է համարում եվրոպական կառույցներին ինտեգրվելը: ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ էլ վերջին շրջանում ջերմ հարաբերություններ են հաստատվել նույնիսկ ռազմական ոլորտում: Իսկ եթե ՌԴ-ն էլ այդ ուղղությամբ է գնում, ապա ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների սերտացումը չպետք է ցավոտ ընդունի»: Քաղաքագետը կարեւորեց նաեւ ՀՀ-ԱՄՆ երկկողմ ռազմական համագործակցությունը. «Գիտեք, որ 907 բանաձեւի կասեցումից հետո Ադրբեջանը սկսել է ակտիվ աշխատել ԱՄՆ-ի հետ, եւ անցյալ տարվա կտրվածքով մեզ տրվեց հավասար օգնություն՝ տարեկան 4.3 մլն դոլար: Իսկ այս տարվա կտրվածքով Ադրբեջանին 2,5 անգամ ավելի շատ օգնություն կցուցաբերվի, քան՝ Հայաստանին: Նշանակում է՝ մենք մի կողմից թմբկահարում ենք այդ համագործակցության մասին, մյուս կողմից՝ ետ մնում նրա հետ համագործակցության տեսանկյունից»: Բայց ՀՀ-ում ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդումը հաճախ նույնացվում է տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում Թուրքիայի իշխող դերակատարության հետ. «Ես չեմ կիսում այդ մտահոգությունը: Նույնիսկ այդ առումով ՆԱՏՕ-ն ճկուն քաղաքականություն է վարում: Այո, մեր տարածաշրջանում վերջինիս կողմից ակտիվ աշխատում է Թուրքիան, մասնավորապես՝ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, բայց ՀՀ-ի հետ հենց ՆԱՏՕ-ի որոշմամբ աշխատում է Հունաստանը: Այդ հարցում ՆԱՏՕ-ն շատ նուրբ է մոտենում՝ հասկանալով ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա պրոբլեմները: Նույնիսկ այդտեղ դրական գործոն կա: Կարծում եմ, ընդհակառակը, ավելի ակտիվ պետք է աշխատենք անվտանգության այն համակարգի հետ, որտեղ ներգրավված է նաեւ Թուրքիան: Դա կստեղծի խաղի որոշակի կանոններ, որոնք կստիպեն Թուրքիային սխալներ թույլ տալ: Չպետք է մոռանալ, որ Հունաստանն ու Թուրքիան էլ լուրջ խնդիրներ ունեն, բայցեւայնպես նրանք անվտանգության միեւնույն համակարգում են: Մյուս կողմից, պետք է հասկանալ, թե որ մեխանիզմն է ավելի արդյունավետ աշխատում ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից: Դժբախտաբար վերջին ժամանակների զարգացումները ցույց են տալիս, որ ԿԱՊ-ը արդյունավետ չի աշխատում՝ առաջին հերթին ՌԴ տնտեսությունում առկա դժվարությունների պատճառով: Հաշվի առնելով, որ մեր անմիջական հարեւաններ Ադրբեջանն ու Վրաստանը նաեւ ԿԱՊ-ի անդամ չեն, պարզ է, որ այդ կառույցը մեզ համար չաշխատող մեխանիզմ է: Ավելի արդյունավետ են աշխատում սովորաբար երկկողմ հարաբերությունները, որոնք պետք է խորացնել»: Ստ.Գրիգորյանը անդրադարձավ նաեւ ԼՂ հիմնախնդրին ու ԵԽ ԽՎ-ում ՀՀ-ին ներկայացված դիտողություններին, որոնք կներկայացնենք առաջիկայում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել